«Մենք հայ ենք եւ գիտենք, թե ինչ է հայրենի հողը, ինչ աներեւակայելի ուժ ու ձգողություն ունի: Ինչ անչափելի հարստություններով է նա կարող փոխհատուցել իր մշակին: Եվ գիտենք, թե այդ հողն ինչ գին ունի: Մենք այն ազգն ենք, որ շատ թանկ է վճարել իր ամեն մի թիզ հողի համար: Բայց մենք վերամբարձ խոսքեր ասելուց առաջ պիտի ուշադիր նայենք, թե Հայաստանում այսօր որքան չմշակվող հող կա, թե որքան է հողերի մշակումն արդյունավետ,- երեկ Արագածոտնի մարզում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է. «Մեր երազանքն է, որ Հայաստանում անմշակ չմնա ոչ մի թիզ հող: Մենք եկել ենք ձեզ հրավիրելու եւ առաջարկելու միասին գնալ այդ երազանքի հետեւից: Եթե հողը շահույթ բերեց, համոզված եմ, որ կմշակեն եւ դեռ կռիվ կանեն դրա համար: Մենք, որպես քաղաքական կուսակցություն, մեր պարտքն ենք համարում ստեղծել այն իրավական հիմքերը եւ բարոյական մթնոլորտը, որ հայոց հողը վերստին դառնա ո՛չ միայն ապրուստի, այլեւ հարստության աղբյուր: Հողից սկսվում է ամեն ինչ: Ուրեմն` մեր աշխատանքով ապացուցենք, որ արժանի ենք այս հողին: Մեր քրտինքով ծաղկեցնենք մեր հողը` Հայաստանի յուրաքանչյուր անկյունը: Եվ չմոռանանք, որ ապացուցելու բան ունենք եւ՛ այդ հողի համար նահատակվածներին, եւ՛ մեզ, եւ՛ աշխարհին»: