Ֆյոդորովի թվերը

21/04/2012

«Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ` Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ՎՑԻՕՄ) ՀՀ-ում կայանալիք առաջիկա ԱԺ ընտրություններից առաջ հարցում է անցկացրել: Հարցին` եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք, հարցվածների 32%-ը, ըստ կենտրոնի` պատասխանել է` ՀՀԿ-ի, 27%-ը` ԲՀԿ-ի, 5%-ը` ՕԵԿ-ի, 4-ական տոկոս` «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին, 3%-ը` ՀԱԿ-ին, իսկ 2%-ը` ՀԿԿ-ին: Կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովի խոսքով` հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ն ընկած ժամանակահատվածում` Հայաստանի ամողջ տարածքում, իսկ սխալականության լուսանցքը 2,5% է: Ըստ նրա` քարոզարշավում ակտիվության առումով առաջատարը ԲՀԿ-ն է: Հարցմանը մասնակցած 1600 քաղաքացիների 54%-ն ասել է, որ տեսել է ԲՀԿ-ի քարոզարշավը, որոնց 83%-ին դուր է եկել այն: Հարցման ցուցանիշով երկրորդ տեղում ՀՀԿ-ն է. «Հարցվածների 45%-ն է ասել, որ տեսել է այն, եւ 75%-ն ասել է, որ հավանել է ՀՀԿ քարոզարշավը»,- ասել է Ֆյոդորովը: Հաջորդը` ՕԵԿ-ն է: Հարցին, թե` քաղաքական ուժերից որո՞նք կընդգրկվեն ԱԺ-ում, հարցվածների 90%-ը նշել է ԲՀԿ-ին, 88%-ը` ՀՀԿ-ին, 50%-ը` ՕԵԿ-ին, 31%-ը` ՀՅԴ-ին, 22%-ը` «Ժառանգությանը»: «Թե ինչպես կքվեարակի մարդն իրականում, չենք կարող ասել: Մարդը հակասական է իր էությամբ: Եթե տեսնում եք հակասական տվյալներ, դրա համար վախենալ պետք չէ»,- ասել է Ֆյոդորովը: Նրա հարցումներով` ՀՀԿ-ն կստանա կողմնորոշվածների 39% քվե, ԲՀԿ-ն` 36%: 5%-ի շեմը կհաղթահարեն նաեւ ՕԵԿ-ը` 7%, «Ժառանգությունը»` 6%, իսկ ՀՅԴ-ն` 5%: Ըստ նրա` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ն այժմ աշխատում են դժգոհ ընտրազանգվածի վրա: Եվ եթե ՀԱԿ-ը չի քննադատում ԲՀԿ-ին եւ չի աշխատում դրա դեմ, ապա ավելի լավ` ԲՀԿ-ի համար: