Ժամանակն է օր առաջ ազատվել այս իշխանություններից

21/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀԱԿ-ը Հայաստանի 5 մարզերում նախընտրական հանդիպումներ անցկացնելուց հետո երեկ Ազատության հրապարակում մայրաքաղաքային հանրահավաք անցկացրեց: Հանրահավաքի ժամանակ, ինչպես միշտ, ծավալուն ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ելույթ ունեցան նաեւ Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված մի քանի թեկնածուներ, ՀԱԿ-ի կազմում գտնվող կուսակցությունների առաջնորդները` Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը եւ այլք: Նախ նշենք, որ Ազատության հրապարակի մի մասն արդեն զբաղեցրել էր Անդրեա Բոչելիի համերգի համար պատրաստված բեմահարթակը, հարակից տեխնիկան ու մի քանի այլ կառույցները, որոնք խոչընդոտում էին հանրահավաքին: Բացի այդ, նախորդ անգամների նման ՀԱԿ-ին հոսանք չէր տրվել, եւ ընդդիմությունը ստիպված «դվիժոկ» էր գործարկել: Թույլ չէին տվել, որ ընդդիմության առաջնորդները ելույթ ունենային այդ հարթակից, եւ ստիպված փոքր բեմահարթակ պատրաստեցին այնտեղ: Եվ այդ խոչընդոտների պատճառով հանրահավաքը սկսվեց 40 րոպե ուշացումով: Լ.Տեր-Պետրոսյանը գրեթե հանպատրաստից բավականին ծավալուն ելույթ ունեցավ, որտեղ անդրադարձավ թե նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց նկատմամբ իշխանությունների ստեղծած խոչընդոտներին, թե ՀՀ ներքին ու արտաքին խնդիրներին, եւ թե այն ծրագրերին ու լուծումներին, որոնք ՀԱԿ-ը կիրականացնի, եթե գա իշխանության: Լ.Տեր-Պետրոսյանի ելույթն այս անգամ որքան ծրագրային էր, նույնքան էլ նվիրված էր նախկին եւ գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործունեությանը: Այս անգամ ՀԱԿ առաջնորդի ելույթը նաեւ բավականին սուր էր: Իսկ մինչ այդ ՀԱԿ առաջնորդը նախ անդրադարձավ անցած տարի իշխանությունների հետ սկսած երկխոսությանը` այն համարելով ՀՀ նորանկախ պատմության ամենանշանակալի քաղաքական իրադարձությունը, քաղաքակիրթ քաղաքական մշակույթի հիմքը, մի նախադեպ, որը պետք է դառնա իշխանության եւ ընդդիմության քաղաքական վարքի Աստվածաշունչը: Եվ այդ երկխոսության հեռանկարի արդյունքում` իշխանությունները կատարեցին իրենց նախապայմանը` ազատեցին քաղբանտարկյալներին, ժողովրդին վերադարձրեցին Ազատության հրապարակը եւ ստանձնեցին Մարտի 1-ի բացահայտման գործը: «Երբ այս հարցը լուծվեց, մենք հարգեցինք մեր խոսքը եւ նստեցինք երկխոսության իշխանությունների հետ: Նորից գտնվեցին ուժեր, որ դա համարեցին գործարք: Տեսանք, թե ինչպես ավարտվեց այդ գործարքը»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը` ավելացնելով` եթե չլիներ երկխոսությունն ու դրա արդյունքում իշխանությունների կատարած այդ պահանջները, Եվրախորհրդարանի բանաձեւում մարտի 1-ի բացահայտումը չէր մնա որպես ՀՀ իշխանություններից պահանջվող գլխավոր հարց:

«Մեզ կրկին մեղադրում էին, որ չենք համագործակցում ընդդիմության հետ: Ստեղծեցինք ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբ` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի մասնակցությամբ: Չափազանց կարեւորում եմ այս շտաբի գործը: Եվ սրանք այն կուսակցությունները չեն, որ ժամանակին գուրգուրել են իրար: Ոչ, ժամանակին դաժան պայքարել են իրար դեմ, լուրջ մեղադրանքներ են ներկայացրել իրար դեմ: Բայց այսօր դրա արժեքը հենց նրանում է, որ հենց այդ կուսակցություններն են միավորվել այդ շտաբում: Բոլորը հասկացել են, որ բավ է, պետք է վերջ տալ ընտրակեղծիքներին եւ ՀՀ-ում անցկացնել արդար եւ օրինական ընտրություններ»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանը: «Հիմա ինչ է տեղի ունենում: Այս իշխանությունների, գողերի, ավազակների, բանդիտների, ողջ վարչակազմի եւ նրանց սպասարկմանը լծված լրատվամիջոցների ու քաղաքագետների գերագույն խնդիրը Ադրբեջանի դեմ տարած հաղթանակից ավելի` այս շտաբի կործանումն է»,- ասաց նա: «Որովհետեւ նրանք զգում են, թե ինչ վտանգ է պարունակում այն: Շտաբում ընդգրկված 3 կուսակցությունները բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում ունեն մեկական անդամ: Դրան գումարած` 4 կուսակցությունների վստահված անձինք: Յուրաքանչյուր տեղամասում եւ հանձնաժողովում լինելու է 10 հսկիչ, որոնց ներկայությունն այլեւս չի կարող թույլ տալ Սերժին, նրա մանկլավիկներին` անել այն, ինչ արել են նախորդ ընտրություններում: Սա ընտրությունների վերահսկման մի չափազանց հուսալի մեխանիզմ է: Եվ եթե այս 4 կուսակցությունները անկեղծորեն համագործակցեն, Ս.Սարգսյանը եւ ՀՀԿ-ն երբեք որեւէ ընտրությանն այլեւս չեն կարող հաղթել,- հայտարարեց նա եւ ավելացրեց,- Բայց այդ շտաբի անդամներից մեկի գործունեությունն ինձ համար անհասկանալի է: Դա «Ժառանգությունն» է»:

Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ ասաց, թե ՀԱԿ-ը սահմանել է կանոններ` ակտիվորեն մասնակցել ընտրությունների օրինականության վերահսկմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին. «Մասնավորապես միասնական շտաբի գործունեությանը: Քննադատության հիմնական թիրախ դարձնել քոչարյանասերժական վարչախմբի երկու գլխավոր հենասյուները` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, հակաքարոզչությամբ չզբաղվել, անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մասնավորապես շտաբում գործող 3 կուսակցությունների դեմ: Միեւնույն ընտրատարածքում, Կոնգրես եւ այդ ուժերի թեկնածություններ ներկայացվելու դեպքում առաջնորդվել հանդուրժողության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով»: Անդրադարձավ նաեւ «իշխող ռեժիմի հանցանքներին»` առաջին եւ ամենամեծ հանցանքը, ըստ նրա, արտագաղթն է: Նրա խոսքով, «քոչարյանասերժական ռեժիմի» գործունեության հետեւանքով հայրենիքը լքել է 1 միլիոն մարդ: Ասաց, որ այդ թիվը համեմատելի է Օսմանյան Թուրքիայի Ցեղասպանության եւ արտաքսման հետ: «Այդ մարդիկ, որ աշխարհից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իրենց երկրի ներսում գրեթե նույն ցեղասպանությունն են իրականացնում: Եվ սա ես չեմ ասել, սա ասել է, ուշադրություն դարձրեք, Ս.Սարգսյանի նշանակած Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքերով այս ռեժիմի գործունեության մեկ այլ հետեւանք է կոռուպցիան: Կոռուպցիայի, ստվերային տնտեսության վերաբերյալ միջազգային գնահատականների համաձայն` ՀՀ-ում ստվերային տնտեսությունը կազմում է տնտեսության երկու-երրորդը: «Այսինքն, մեկ-երրորդը մտնում է բյուջե, իսկ մյուս մասը` թալանվում: Եվ եթե այդ փողը մտներ բյուջե, ապա այսօր էլ հնարավոր էր կրկնապատկել թոշակներն ու նպաստները, եռապատկել ռազմական ծախսերը, գիտության ծախսերը, աշխատավարձերը: Եվ այս մարդիկ, որ թալանում են իրենց երկիրը, ուզում են Ադրբեջանին հաղթե՞լ երկրորդ անգամ»,- հարցրեց Լ.Տեր-Պետրոսյանը:

Խոսեց նաեւ արտաքին քաղաքականության ՀՀ երկու հիմնական խնդիրների` հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հակամարտությունների կարգավորման հարցերից: Նրա խոսքերով` ՀՀ իշխանությունները բարդացրել են այդ խնդիրների լուծումը: Մեծ սխալ էր, որ 1998թ. Ռ.Քոչարյանը ՄԱԿ ամբիոնից կոչ արեց ճանաչել Ցեղասպանությունը: ՀԱԿ առաջնորդն այդ քայլը համարեց տղայություն, էժան դիվիդենտ շահելու հնարք, անլուրջ քայլ: Նրա խոսքով, եթե Հայաստանն ուզում էր ՄԱԿ-ում բարձրացնել ցեղասպանության հարցը, ապա դա պետք է աներ` ըստ ՄԱԿ արարողակարգի: Բայց, ըստ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանը չպահանջեց, որ ՄԱԿ-ը քննի Ցեղասպանության հարցը: Եվ դա հետո մեծ աղետի վերածվեց ՀՀ-ի համար, որովհետեւ Թուրքիան դրա դիմաց պատասխան քայլ կատարեց: «Մինչեւ 98թ. Թուրքիան մեզանից երբեք չի պահանջել պատմաբանների հանձնաժողով ստեղծել, հենց Քոչարյանը դա դարձրեց մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը, Թուրքիան այդ ձիու քայլը կատարեց»,- ասաց նա:

ԵՎ ՀԱԿ առաջնորդի խոսքով` ամենախայտառակ նախագահը նա չէ, ով լեգիտիմ չէ, կոռումպացված է, այլ այն ղեկավարն է, ով կարող է խաբվել իր հակառակորդին եւ վտանգի տակ դնել իր երկիրն ու ժողովրդին: Տեր-Պետրոսյանի խոսքով, Ս.Սարգսյանը խաբվեց Թուրքիային` ընդունելով հանձնաժողովի ստեղծման պահանջը: Ի դեպ, նա ասաց, թե ինքը չի վախենում դրանից, եւ եթե գա իշխանության, կգտնի դրա լուծումը: Իսկ ԼՂՀ հարցում, ըստ ՀԱԿ առաջնորդի, Ռ.Քոչարյանը մի ճակատագրական սխալ գործեց, «որի տակից մենք դուրս չենք գալու»: Դա, ըստ նրա, Ղարաբաղը բանակցային կողմի կարգավիճակից դուրս թողնելն էր: Տեր-Պետրոսյանի խոսքով, դա նվեր էր Ադրբեջանին, եւ այնպիսի նվեր, որ նրանք ապշեցին: «Այնքան միամիտ էր, որ չկարողացավ այդ նվերը ծախել, ձրի տվեց, էժան, կոպեկով, ինչ է թե` միջազգային հանրությունն ասի` տեսեք, ինչ տղա է, լայնախոհ, ուզում է Ղարաբաղի հարցը լուծել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Իսկ ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմքում դրված Մադրիդյան սկզբունքները, նրա ներկայացմամբ, նույն 1996-ի Լիսաբոնի բանաձն է, որի վրա ինքը վետո է դրել: «1998-ից հետո այլեւս Ղարաբաղ չկա` որպես հակամարտության կողմ, այդպիսի դիվանագիտական կամ բանակցային սուբյեկտ գոյություն չունի միջազգային հանրության համար,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը` ավելացնելով,- Մենք ինչ ենք անելու: Ես ասացի, հայ-թուրքական հարաբերությունների հարցում եթե դրվի արձանագրությունների հարցը, մենք դեմ ենք լինելու այդ պատմաբանների հանձնաժողովի դրույթին, այլ պահանջներ չենք դնելու: Ես դրա ձեւը գիտեմ, դա լուծվող խնդիր է: Դա լուծելու համար մի բան է պահանջվում, որպեսզի Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը փոխարինվի լեգիտիմ իշխանությամբ»: Ըստ նրա, Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը ստիպված ընդունեցին այդ դրույթը, որովհետեւ խոցելի էին: «ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ն կարող էին նրանց դեմ դնել բոլոր կոմպրոմատները: Ուրեմն, ժամանակն է` օր առաջ ազատվել սրանցից, որ աղետի չգանք: Օրինակարգ իշխանությունը կարող է նույնիսկ այդ գերտերությունների ղեկավարների հետ խոսել բոլորովին այլ լեզվով, չվախենալով ոչ մի կոմպրոմատից»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:

Ընտրարշավի հաջորդ օրերին ՀԱԿ-ը պետք է այցելի ՀՀ մյուս 5 մարզերը, իսկ մայիսի 3-ին Ազատության հրապարակում նորից անցկացնելու է համապետական հանրահավաք: