Կինը շատ բան կարող է փոխել քաղաքականության մեջ

21/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Այս ընտրություններով ոչինչ չի որոշվելու: Ես` որպես լրագրող, որպես թերթի խմբագիր, էլի ձեր կողքին եմ լինելու: Վստահություն չկա ոչնչի նկատմամբ, հավատ չկա ոչնչի նկատմամբ, ես դա գիտեմ, բայց իմ մասնագիտությունն առավել քան պահանջում է վստահություն: Ես չեմ կարող ասել խոսքեր, որոնց համար հետո պատասխանատվություն չեմ կրելու»,- երեկ Երեւանի Քանաքեռ ՀԷԿ բանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Նա նաեւ նշեց, որ ի տարբերություն պատգամավորության շատ թեկնածուների, ինքն ընտրողին չի տալու այնպիսի խոստում, որը հետո չի իրականացնելու: «Ընտրվելուս, նույնիսկ չընտրվելուս դեպքում ես շարունակելու եմ ձեր ձայնը տեղ հասցնել: «168 Ժամ» թերթը բաց է բոլորիդ խնդիրների առաջ»,- ընդգծեց Ս. Սեյրանյանը: Նրա խոսքով` պատգամավորական մանդատն իր համար զուտ ամբիոն է, որտեղից ավելի լսելի կերպով կարող է ներկայացնել քաղաքացիներին հուզող հարցերը: «Ես ասֆալտ չեմ փռելու, վերելակ չեմ սարքելու, բայց ես լինելու եմ ձեր ներկայացուցիչը, որն ազդելու է այն գերատեսչությունների վրա` լինեն տեղական ինքնակառավարման մարմիններ, լինի Կառավարություն… որպեսզի այդ հարցերը լուծեն: Մենք բոլորս միասին վճարում ենք հարկեր, որպեսզի այդ մարմիններն աշխատեն, եւ արդյունավետ աշխատեն: Ես ձեզ հետ, ձեր կողքին եմ լինելու, որպեսզի բարձրաձայնեմ, ձեր ձայնը տեղ հասցնեմ: Ես սուտ խոսքեր չեմ շռայլելու: Մայիսի 7-ից հետո կյանքը շարունակվելու է: Ես լինելու եմ նույն տեղում` կա՛մ ձեր օգնությամբ մուտք եմ գործելու Ազգային ժողով, եւ այդ հարցերը բարձրացնելու եմ այնտեղ, կա՛մ շարունակելու եմ իմ աշխատանքը մեր թերթի շրջանակներում»,- բնակիչներին հավաստիացրեց պատգամավորության թեկնածուն: Սեյրանյանը նշեց, որ տեսնում է ու տեղյակ է, թե թիվ 4 ընտրատարածքում պետական գերատեսչություններն ինչպես են լծված իշխանական թեկնածուին` «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանին անցկացնելու գործին: Սակայն նա կոչ արեց ընտրողներին` չվախենալ ոչնչից եւ ընտրության գնալ սեփական խղճի առջեւ մաքուր գտնվելու պայմանով: Ըստ նրա` այս օրերին թիվ 4 ընտրատարածքում իշխանական թեկնածուի կողմից անձնագրային տվյալներ են հավաքվում, զգուշացումներ են արվում քվեարկությանը հետեւելու մասին: «Մենք վիրավորված ենք մեր իշխանություններից, Ազգային ժողովի այսօրվա դեպուտատներից: Սաթիկին անձամբ չեմ ճանաչում, եւ չմտածեք, թե ես դա անում եմ` որպես քարոզ: Ուղղակի շատ լավ ճանաչում եմ նրա անցյալը, ներկան, նրա կենսագրականը: Նա բացի արդար խոսքից, ուրիշ ոչ մի բան չի արտասանել»,- ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց այդ ընտրատարածքի բնակիչ, ուսուցչուհի Ֆարիզիդա Խաչատրյանը: Ելույթներից հետո բանավանի բնակիչներն առանց կաշկանդվածության մոտենում էին Ս. Սեյրանյանին` պատմելու իրենց խնդիրների մասին: Օրինակ, նրանցից մեկը նշեց, թե ինչպես օրեր առաջ Արաբիր վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցը այցելել էր իրենց տուն` նկուղի խնդիրը լուծելու համար, բայց այցը սահմանափակվել էր միայն «նայելով»:

«Մենք նախ հարգում ենք իրա գործունեությունը` որպես լրագրող, խմբագիր: Ամենակարեւորն` ինքը որ ասում ա, անում էլ ա: Մենք վստահում ենք իրան»,- ասաց բանավանի բնակիչներից Աիդան: «Բոլորը խոստումներ են տալիս, կարեւորը` բոլոր խոստումներն իրականացնեն: Կսպասենք, բայց երեւում ա, որ էս կինը չի ստում»,- ասում էր նրա հարեւաններից մեկը։ Հաշմանդամ Ցոլակ պապը, որ հանդիպման ամբողջ ընթացքում հենակներին հենված լսում էր պատգամավորության թեկնածուի ելույթը` ասաց. «Եթե թողնենք, ինքը կլուծի էդ խնդիրները: Խոսքը մեր մեջ` եթե թողնեն, բայց իշխանությունները չեն թողնի, որ ինքն ընտրվի: Մենք տանից դուրս էլ չգանք, մեկ ա` իշխանությունները լրացնելու են մեր փոխարեն: Տենց էլ ասում են: Երեկ նենց մի մարդ ա ասել ինձ, բայց անունը չեմ ասի»,- նշեց արաբկիրցի պապը: «Ինձ դուր եկավ հատկապես էն, որ ինքն ասաց, որ չընտրվելու դեպքում չի խզի մեզ հետ կապը: Մի թեկնածուի ես հարցրեցի, թե չընտրվելու դեպքում կաշխատի՞ մեզ հետ: Ասաց` չէ: Հետո իրեն միշտ կարող ենք գտնել թերթի խմբագրությունում: Գիտեք, ես փախստական եմ, ու էս կնոջ ամուսնու` Շահինյանի թաղապետ լինելու ժամանակ, մենք` փախստականներս, օգնություն էինք ստանում, հիմա, չգիտեմ ինչի, այդպիսի բաներ չկան»,- ասաց փախստական Սվետլանա Զակիեւան` նշելով, որ կինը կարող է շատ բան փոխել քաղաքական դաշտում: «Պառլամենտի տղամարդկանցից հոգնել ենք, եթե մի բան կարան անեն, մենակ կանայք կանեն: Ես ամենաշատը հավանեցի, որ ինքը չստեց, խոստումներ չտվեց»,- նկատեց Մեսրոպ Կիրակոսյանը: Հանդիպման ավարտին Ս. Սեյրանյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Հարցին, թե որքանո՞վ է դժվար բակային հանդիպման ֆորմատով վստահություն ներշնչել ընտրողներին, պատասխանեց. «Դժվար է, որովհետեւ գիտեմ, թե ինչքան են հիասթափված: Ինչ էլ ասես, միեւնույն է` նրանց համար դժվար է հավատալը: Իրենց ասում ես` ջնջի այն, ինչ եղել է, ինչքան խոստում են տվել եւ չեն կատարել: Մեր մասնագիտությունը թույլ չի տալիս խաբել, ստել: Այն օրը, երբ մենք սկսենք խաբել, թերթն այլեւս կդադարի գործել: Մեր մասնագիտությունը բառի նկատմամբ առավել քան պարտավորեցնող է: Իրենք ամեն ինչ գիտեն: Իրենք օտարված եւ լքված են զգում: Չեն ուզում նույնիսկ որեւէ պետական գերատեսչության հետ գործ ունենալ, որովհետեւ գիտեն` ոնց են վերաբերվելու, բայց ես ուզում եմ, որ իրենք հավատան, որ որեւէ գերատեսչության քարտուղարից, պահակից սկսած` պարտավոր են հարգել նրանց, որովհետեւ այդ բոլորն ապրում են այս մարդկանց վճարած հարկերով: Սա է խնդիրը,- ասաց Ս. Սեյրանյանը` ավելացնելով,- Իշխանությունները պետք է ունենան քաղաքական կամք եւ ցուցաբերեն դա, որ ընտրությունները չի կարելի կեղծել, ինչում ես մեծ կասկածներ ունեմ»:

Ի դեպ, երեկվա հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԿՄ Արաբկիրի տարածքային կազմակերպության մի շարք անդամներ: Նրանք տեղեկացրեցին, որ ԵԿՄ Արաբկիրի տարածքային կազմակերպությունն օրերս կայացած նիստում որոշում է կայացրել թիվ 4 ընտրատարածքում սատարել անկուսակցական Սաթիկ Սեյրանյանին: