«Կայացած երկրներում ԱԺ են գնում գործարարներն ու տնտեսագետները»

21/04/2012

Ասում է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ, թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը

– Նախ հետաքրքիր է` ե՞րբ եւ ինչի՞ արդյունքում կայացրեցիք ընտրություններում առաջադրվելու որոշումը: Կարո՞ղ էր լինել ինչ-որ պատճառ, որ Ձեզ հետ պահեր այդ որոշումից:

– Միշտ էլ կարելի է գտնել պատճառ, բայց, կարծում եմ` տվյալ ժամանակահատվածում, իմ կայացրած որոշումից հետ կանգնելու պատճառ չկար: Փետրվարի սկզբին որոշեցի, որ պետք է առաջադրեմ իմ թեկնածությունը, որ պետք է մասնակցություն ունենամ այս ընտրություններում: Ընտրվելու դեպքում պետք է աշխատեմ որոշակի հարցերի շուրջ, որպեսզի իմ մասնակցությամբ կարողանամ ինչ-որ ներդրում ունենալ մեր տնտեսության զարգացման, եւ ընդհանրապես` անմիջապես մասնակցություն ունենամ մեր երկրի զարգացման գործում` ներդնելով իմ գիտելիքներն ու փորձն այն նպատակների համար, որոնց իրականացմանը միշտ հետամուտ եմ եղել: Այդպես որոշեցի առաջադրել իմ թեկնածությունը:

– Օրինակ, ի՞նչ հարցեր եք փորձելու լուծել:

– Լինելով գործարար, տնտեսագետ` այս տարիների ընթացքում տեսել եմ թե՛ օրենսդրական դաշտի, թե՛ ընդհանրապես պետական մարմինների մոտեցումը գործարարության նկատմամբ` իրենց դրական եւ բացասական կողմերով: Արդեն ասացի, որ տնտեսագետ եմ, եւ հիմնական շեշտադրումները վերաբերելու են տնտեսությանը, որոնք բազմաթիվ են` արտադրություն, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, օրենսդրական դաշտի բարելավում… Իհարկե, վերջին տարիներին այդ առումով դրական փոփոխություններ կան, բայց, այնուամենայնիվ, միշտ էլ անելիքներ կան, միշտ էլ բարելավելու տեղ ունենք, քանի որ մենք նոր ձեւավորվող պետություն ենք, եւ շարունակական աշխատանք է պահանջվում: Կյանքն առաջ է գնում, պահանջներն անընդհատ փոփոխվում են: Մենք պետք է կարողանանք ճիշտ ժամանակին արձագանքել բոլոր տեսակի փոփոխություններին, աշխարհում տեղի ունեցող այն զարգացումներին, որոնք կատարվում են տնտեսության մեջ: Պետք է աչալուրջ լինենք եւ կարողանանք ճիշտ ժամանակին լուծում տալ այդ հարցերին:

– Այնուամենայնիվ, մեր հասարակության շրջանում մի տեսակ բացասական վերաբերմունք կա գործարարների նկատմամբ: Ոմանք դա բացատրում են հայերիս բնորոշ նախանձով, ոմանք` մեր գործարարներից շատերի ոչ այնքան ընդունելի վարքագծով եւ անազնիվ աշխատանքով: Ձեր հանդիպումների ընթացքում զգո՞ւմ եք այդ ընդհանուր վերաբերմունքը նաեւ Ձեր նկատմամբ:

– Ընդհանուր առմամբ, ճիշտ եք ասում` կա որոշակի, ընդ որում` լրատվամիջոցների կողմից ձեւավորված նման կարծիք ու տպավորություն: Բայց մյուս կողմից` եթե մարդն ունի որոշակի փորձ, գիտելիքներ իր բիզնեսում, ինչո՞ւ պետք է չգնա Ազգային ժողով եւ օգտակար լինի իմ նշած խնդիրների լուծման հարցերում: Զարգացած երկրներում ընդունված է, որ ԱԺ գնում են գործարարները, տնտեսագետները, կայացած մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ օգտակար են լինում նաեւ օրենսդրական դաշտում: Բացառություն չէ նաեւ մեր երկիրը` եթե գործարարները չպետք է գնան ԱԺ, ապա` ո՞վ: Չէ՞ որ ցանկացած երկրի ամենակարեւոր խնդիրներից մեկը տնտեսության զարգացվածության աստիճանն է: Որքան տնտեսությունը զարգացած է, այնքան երկրում բոլոր տեսակի հարցերը` սոցիալականից մինչեւ մշակութային, բարձր մակարդակի վրա են գտնվում: Այդ իմաստով կարեւորագույն ոլորտի հետ կապված աշխատանքները պետք է տանեն գործարարներն ու տնտեսագետները:

– Ի տարբերություն մեծամասնական ընտրակարգով առաջադրված բազմաթիվ թեկնածուների, Դուք կարծես «ավանդական» խոստումներ չեք տալիս, փողոցներ չեք ասֆալտապատում, նվերներ չեք բաժանում: Ձեր նախընտրական տեսահոլովակում էլ տարբեր խավերի մարդիկ իրենց ոլորտներում առկա խնդիրներն են գրում: Ուղերձը, կարծեք, հասկանալի է: Ձեզ ընտրելու դեպքում փորձելո՞ւ եք լուծել դրանք: Չե՞ք կարծում, որ դրանք առանձին վերցված մեկ պատգամավորի համար անհասանելի խնդիրներ են եւ քաղաքական լուծումներ են պահանջում:

– Անկեղծ ասած, երբ ես առաջադրում էի իմ թեկնածությունը, պատկերացնում էի պատասխանատվության ծանրությունը, աստիճանը, եւ մտածում էի` եթե բոլորս առանձին-առանձին խուսափենք այդ պատասխանատվությունից, ապա մեր փոխարեն ո՞վ է պետք է անի այդ գործը: Երկրորդը` ես մենակ չեմ գնում Ազգային ժողով: Ճիշտ է, ես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու եմ, բայց իմ թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Մենք թիմով ենք գնում ԱԺ: Ընտրվելու դեպքում լինելու եմ ՀՀԿ խմբակցության անդամ, եւ մենք միասին ենք իրականացնելու այդ ծրագրերը: Մեծ հաշվով` իմ ծրագրերը չեն տարբերվում ՀՀԿ-ի ծրագրերից, որոնք ուղղված են մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության զարգացմանը եւ բոլոր խնդիրների լուծմանը: Այդ առումով ես մենակ չեմ:

– ՀՀԿ-ն, որը սատարում է նաեւ Ձեզ, հավակնում է մեծամասնության, հետեւաբար նաեւ` կառավարություն է ձեւավորելու: Պատկերացնենք մի իրավիճակ` դուք հաղթել եք ընտրություններում եւ ՀՀԿ խմբակցությունը կամ կառավարությունը ներկայացնում է մի օրինագիծ, որն ընդունվելու դեպքում, ասենք, «գերակա հանրային շահի» պատճառով տուժելու են հենց Ձեր ընտրատարածքի ընտրողները: Եթե նման երկընտրանք լինի` կուսակցական որոշում թե ընտրողների շահեր, ինչի՞ն դուք գերապատվություն կտաք:

– Եթե գերակա շահ կա, ուրեմն` դա գերակա շահ է, եւ կարծում եմ` դա կապ չունի կուսակցության շահերի հետ:

– Եվ ինչի՞ն գերապատվություն կտաք:

– Այնուամենայնիվ, ես ընտրվելու եմ մեծամասնական ընտրակարգով եւ ամեն դեպքում պետք է պաշտպանեմ իմ ընտրողների շահերը:

– Ընդունված հարց է` ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը: Որպես կանոն` բոլոր թեկնածուներն էլ բարձ են գնահատում: Հասկանալի է, որ կան նաեւ շանսերը գնահատելու մեթոդներ` սոցհարցումներ, ընտրողների հետ հետադարձ կապ: Հետաքրքիր է, իսկ կա՞ արդյոք զգայական, ոչ ռացիոնալ ինչ-որ ցուցանիշ, որը նման վստահություն կարող է տալ:

– Երբ հանդիպում, զրուցում եմ ընտրողների, ժողովրդի հետ, նրանց արձագանքը, հարցերի, քննարկումների բովանդակությունը, ոճը թույլ է տալիս պնդելու, որ մարդիկ շատ դրական են ընդունում ինձ: Դա, բնականաբար, նաեւ լավ ազդակ է, որ իմ ընտրվելու շանսերը շատ մեծ են: Չնայած պետք է նկատել, որ ոչ բոլոր թեկնածուներն են իրենց շանսերը ռեալ գնահատում:

– Այդ դեպքում ինչո՞ւ առաջադրվել, եթե չկա ընտրվելու գոնե ներքին վստահություն:

– Այո՛, եթե մարդ վստահ չէ, ապա ինչպե՞ս կարող է դիմացինին բացատրել, համոզել, որպեսզի իրեն ձայն տա, այլ ոչ թե իր մրցակցին: Ցանկացած բանական մարդ առաջադրվելուց առաջ հաշվարկում է իր հնարավորությունները: Կան մարդիկ, ովքեր առաջադրվում են, որպեսզի ինչ-որ տեղ ճանաչելի լինեն, խոսեն իրենց մասին: Բայց այն մարդիկ, ովքեր առաջադրվում են` ակնկալիքով, որ ընտրվելու դեպքում պետք է իրականացնեն որոշակի աշխատանք` ի նպաստ հանրության: Կարծում եմ` այդ մարդիկ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողներին ներկայանալու, բացատրելու ժամանակ են ունենում, եւ, ինչո՞ւ չէ, նրանց վստահությանն արժանանում: Միգուցե այդ ժամանակահատվածը բավարար չէ, բայց թեկնածուն կարող է նաեւ այդ կարճ ժամանակահատվածում ներկայացնել իր ծրագրերն ու հնարավորությունները, ինչի արդյունքում ժողովուրդը` գնահատելով նրա դրական եւ բացասական արժանիքները, կկատարի իր ընտրությունը:

– Եվ ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավի ընթացքը:

– Ես կարող եմ ասել միայն թիվ 10 ընտրատարածքի մասին, քանի որ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում հետեւել մյուս ընտրատարածքներում տեղի ունեցող գործընթացներին: Մեզ մոտ շատ նորմալ, շատ հանգիստ է ընթանում քարոզարշավը, եւ այսօրվա դրությամբ` ամեն ինչ շատ քաղաքակիրթ է, եւ հուսով եմ` մինչեւ վերջ էլ այդպես կլինի: Մեկ բառով` մեր ընտրատարածքում քարոզարշավի ընթացքը գնահատում եմ դրական: