«Ո՞ւմ ընտրել, որ երկրին առավել քիչ վնաս լինի»

21/04/2012

– Ձեր գնահատմամբ` ի՞նչ է իրենից ներկայացնում քարոզչությունը:

– Քարոզչության շատ ձեւակերպումներ կան ու շատ տարբեր: Նույնիսկ բանավեճեր կան այդ հարցի շուրջ, թե ի՞նչն է քարոզչություն: Ես անձամբ կձեւակերպեի այսպես. քարոզչությունը համակարգ է ուղերձների եւ այլ կարգի գործողությունների, որոնք ուղղված են թիրախի մոտ ինչ-որ պատկերացումներ, ընկալումներ, կարծիքներ ստեղծելու, փոխելու կամ հակառակը՝ այդ փոխելուց զերծ պահելու:

Քարոզչության մասին զանազան միֆեր, սխալ պատկերացումներ կան: Օրինակ՝ շատերը համոզված են. եթե քարոզչություն է, նշանակում է՝ սուտ է: Բայց լավ քարոզչությունը ճշմարտության վրա է լինում հիմնված ու մեծ մասամբ ճշմարիտ է լինում: Առավել եւս՝ երբ խոսում ենք երկարաժամկետ նպատակներ հետապնդող քարոզչության մասին: Հակառակ դեպքում՝ քարոզչություն վարողը շատ արագ «ստի վրա» բռնվում ու վարկաբեկվում, է եւ իր ամբողջ աշխատանքը նույնիսկ հակառակ արդյունք է ունենում: Լավ քարոզչությունը չպետք է կտրված լինի իրականությունից, այլապես մարդիկ շատ արագ դադարում են հավատալ: Քարոզչության մասին մեկ այլ՝ ժամանակակից միֆ է, որ տեղեկատվական, քարոզչական պատերազմները հիմնականում ինտերնետում են մղվում: Իրականում քարոզչությունն ամենուրեք է, տարբեր միջավայրերում էլ կա, եւ համացանցն այդ տեղեկատվական պատերազմների քարոզչության միջավայրերից մեկն է ընդամենը: Նաեւ մեկ այլ սխալ պատկերացում կա, որ քաոզչությունը միանգամից բոլորին պետք է համոզի՝ 100 տոկոսով: Այդպես չի լինում: Սովորաբար համոզման ենթակա են այս կամ այն հարցի շուրջ չկողմնորոշված մարդիկ: Այն մարդիկ, ովքեր արդեն կողմնորոշված են, ունեն հստակ համոզմունքներ, նրանց քարոզչությամբ մտափոխելը բավականին դժվար է: Սովորաբար դա չի էլ աշխատում: Մեկ այլ միֆ է, թե քարոզչությունը մեկ պաստառով, մեկ նախադասությամբ, մեկ ուղերձով կհասնի տեղ ու ինչ-որ բան կհամոզի: Չէ, քարոզչությունը պարտադիր գործողությունների ինչ-որ համալիր է, որը տեւում է ինչ-որ ժամանակ: Թիրախային լսարանի համոզման գործընթացը վայրկենական չէ, այն պետք է ինչ-որ ճանապարհ անցնի, որպեսզի մարդկանց կարծիքները, պատկերացումներն ու ընկալումները փոխվեն:

– Որո՞նք են քարոզչության ամենաարդյունավետ գործիքները:

– Քարոզչությունը բավականին լայն դաշտ է, զինանոցն անընդհատ փոփոխվում է, չնայած՝ ինչ-որ հնարքներ, գործիքներ կան, որոնք հազարամյակներով մնում են նույնը: Երեւի թե ամենաազդեցիկ քարոզչությունն, այսպես կոչված՝ «սպիտակ քարոզչությունն է», այսինքն՝ այն քարոզչությունը, երբ աղբյուրը չի խաբում իր իրական պատկանելիությունը, իր անունից է խոսում: Արդյունավետ գործիքներից առաջինը հույզերի վրա աշխատելն է, երբ փորձում են մարդկանց համոզել հենց հույզերի, ինչ-որ կրքերի միջոցով: Թեեւ դա մանիպուլյատիվ տեխնիկա է, բայց` բավականին լավ աշխատող, որովհետեւ մարդը երբ հուզված է, տրամաբանելու իր ունակությունները կտրուկ ընկնում են: Սոցիալական հոգեբանության մեջ այսպիսի մի տեսություն կա. գոյություն ունի համոզման 2 ճանապարհ: Մեկը կոչվում է` «կենտրոնական ուղի», այսինքն՝ երբ մարդը հասկանում է, որ իրեն փորձում են համոզել, ու փաստարկներին մոտենում է առավել լրջորեն, մտածում է դրանց շուրջ, վերլուծում, բանավիճում է: Դա ազնիվ համոզելու ձեւն է: Այդ ժամանակ մարդը հնարավորություն ունի հասկանալու՝ ինչ են իրեն ասում, գնահատելու ու ըստ դրա՝ իր կարծիքը փոխելու կամ չփոխելու: Կա նաեւ համոզելու, այսպես կոչված՝ «կողմնային, պերիֆերալ ուղի», որն ավելի շատ, ինչպես նշեցի, հիմնված է հույզերի վրա: Այսինքն՝ մարդը չի հասկանում, որ հիմա համոզման գործընթաց է գնում, օրինակ՝ հաճելի երաժշտություն է լսում, աչքի համար հաճելի ինչ-որ նկարներ է դիտում, բայց այդ ընթացքում իրեն, ոչ ակնհայտ ուղերձներով, փորձում են ինչ-որ բաներ համոզել:

– Որո՞նք են աշխարհում տարածված քարոզչության ձեւերը:

– Շատ բազմազան մեթոդներ են՝ սկսած հրապարակումներից, որտեղ ինչ-որ բանավեճ է գնում, ու ինչ-որ բաներ են փորձում համոզել ընթերցողին, վերջացրած՝ հուզային ազդակների վրա ներգործելուց: Այսինքն՝ երբ գովազդ եք նայում (գովազդն էլ քարոզչության մի ձեւ է, կամ քարոզչությունն է գովազդի մի ձեւ), շատ հաճախ գովազդն ուղղված է լինում ոչ թե կոնկրետ ապրանքի առավելություններն ու թերությունները քննարկելուն (այսինքն՝ տրամաբանական վերլուծման), այլ մարդկանց մեջ շատ հաճելի պատկերացումներ են ստեղծում` կապված այդ ապրանքի հետ: Այսինքն՝ ես այս ժամացույցը կունենամ, եւ մարդիկ ինձ կընկալեն որպես բարձր խավի ներկայացուցիչ, կամ` ես այս օծանելիքը կգնեմ, ու բոլոր աղջիկները կսիրահարվեն ինձ: Այդ կարգի հուզային փաստարկներ են կիրառվում: Ընդհանրապես բազմաթիվ հնարքներ կան, որոնք քարոզչության մեջ օգտագործվում են:

– Իսկ ինչպիսի՞ հնարքներ են կիրառվում Հայաստանում, հատկապես՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում:

– Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանում նախընտրական քարոզչությունը առավելապես հիմնված է կողմերի՝ իրար վրա ցեխ շպրտելու վրա: Ես նույնիսկ հատուկ բառ մտածեցի դրա համար՝ «ցեխարշավ», ոչ թե՝ քարոզարշավ: Կարծես թե մրցում են, թե ով ավելի շատ ցեխ կշպրտի հակառակորդի վրա, ով ավելի ցավոտ, խոցելի տեղ կգտնի: Այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի հետաքրքիր երեւույթ է նկատվում. մարդիկ շատ արագ հոգնեցին այդ ցեխակռիվներից, ու մի տեսակ ապատիա սկսվեց: Արդեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս կամ այն կուսակցության կողմից քարոզարշավի են մասնակցում, իրենք են նշում, որ` այ ժողովուրդ ջան, հերիք է, այս ընտրություններից հետո էլ է կյանքը շարունակվելու, եկե՛ք հիշենք այդ մասին: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում սեւ PR կոչվածը նախեւառաջ համարվում է թույլի գործիք, դրան սովորաբար դիմում է թույլ կողմը, որն իր ուժեղ մրցակցին վարկաբեկելու խնդիր ունի: Սեւ PR կիրառում են նախընտրական քարոզարշավի ամենավերջին պահին, որովհետեւ վաղուց արդեն պարզ է դարձել, որ այդ կարգի քարոզարշավները ոչ միայն հոգնեցնում են լսարանին, այլեւ սկսում են նյարդայնացնել, եւ ընտրազանգվածը սկսում է տրամադրվել այդ քարոզարշավն իրականացնողի դեմ: Դրա համար այն օգտագործում են վերջում, երբ ընտրություններին մնում է 7-8 օր: Հայաստանում քարոզարշավը սկսվել է իրար վրա ցեխ շպրտելով, ու գնալով այն թեժանում է: Այնպիսի տպավորություն է, որ պայքարին մասնակցողները ներկայացնելու որեւէ դրական բան չունեն: Որեւէ լուրջ քննարկում չկա ծրագրերի, ռազմավարության շուրջ: Կան միայն պաթոսային կարգախոսներ ու իրար վրա ցեխ շպրտել: Մեր քարոզարշավում այդ կենտրոնական ուղին գրեթե չկա: Ավելի շատ կողմնակի համոզման ձեւերն են, ընդ որում՝ համոզում են հիմնականում այս ձեւով՝ դե, բոլորը վատն են, բայց ամենաքիչ վատը մենք ենք, մեզ ընտրեք: Ես տարակուսանքի մեջ եմ, մինչեւ հիմա չեմ կարողանում որոշել՝ ում ընտրել, որ մեր երկրին դրանից առավել քիչ վնաս լինի:

– Այս ընտրապայքարում քաղաքական ուժերը տեղեկատվական տեխնոլոգիաները որքանո՞վ են կիրառում:

– Ֆեյսբուքը, կարելի է ասել` դարձել է մարտադաշտ: Թեժ կռիվներ են գնում զանազան խմբերում, ինչ-որ օգտատերերի էջերում: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ ֆեյսբուքահայությունը ներգրավված է նախընտրական գործընթացների մեջ: Իհարկե՝ այդպես չէ: Օրինակ՝ ես փորձեցի մի քանի օր այդ թեմաներին ընդհանրապես չանդրադառնալ, եւ ասեմ՝ ինքնազգացողությունս բավականին լավացել է, նյարդերս էլ բավականին հանգիստ են (ծիծաղում է.- Գ. Լ.): Սակայն ՏՏ-ն լավ օգտագործվում է` սկսած. ֆլեշ-մոբերից, ինչ-որ հղումներ տարածելուց, վերջացրած, այսպես ասած, հակառակորդ կայքերի վրա հաքերական հարձակումներ գործելուց, եւ այլն:

– Ապագայում ինչպիսի՞ հեռանկարներ կան՝ քարոզչական տեխնոլոգիաների, գործիքների զարգացման հետ կապված:

– Ինձ թվում է՝ այդ ոլորտը զարգանալու է: Բրիտանացի պրոֆեսոր Ֆիլիպ Թեյլերը, ով քարոզչության ու քարոզչության պատմության մասնագետ է, իր գրքերից մեկում գրել է, որ Բրիտանիայում ընտրակաշառքներից հրաժարվեցին ու սկսեցին շեշտը դնել քարոզչության վրա այն ժամանակ, երբ ընտրազանգվածը մեծացավ: Այսինքն՝ երբ ընտրողները քիչ էին, ընտրության զանազան ցենզեր կային: Ստացվում է, որ 19-րդ դարում ավելի հեշտ էր նախընտրական արշավներ անցկացնել. մոտենում էին առանձին-առանձին ու տարբեր խոստումներով, կաշառքներով համոզում էին, որ ձայնն իրենց տան: Հետո, երբ ընտրազանգվածը մեծացավ, արդեն բնակչության նորանոր շերտեր սկսեցին ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալ: Այսինքն` ավելի էժան է քարոզչությանը զարկ տալ ու ֆինանսավորել այն, քան կաշառել: Այնպես որ՝ եթե մեր բնակչության թիվն ավելանա, հնարավոր է՝ ավելի շատ ուշադրություն դարձվի PR տեխնոլոգիաներին, քան ոչ օրինական կամ անձնական համոզման մեթոդների: Եթե առանց կատակի, ապա, իմ կարծիքով` այս ոլորտը զարգանալու է, որովհետեւ ամբողջ աշխարհն է անցնում այդ փափուկ համոզման մեթոդներին: Ու եթե դու այսօր այդ մեթոդները չես կիրառում, ուրեմն պարտվելու ես:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ