«Kodak» եւ Ջորջ Իսթման

03/12/2005

«Դուք սեղմում եք կոճակը, իսկ մենք անում ենք մնացածը»,- այս կարգախոսը հորինել էր Ջորջ Իսթմանը՝ «Kodak» ֆիրմայի հիմնադիրը՝ առաջին «Kodak» ֆոտոապարատների գովազդի համար: Իսթմանի՝ Ռոչեսթրում (Նյու Յորք նահանգ) հիմնադրած երաժշտական դպրոցի համերգային դահլիճի նախասրահում մարմարյա հուշատախտակ է կախված, որը հավերժացնում է Իսթմանի մոր՝ Մարիա Քիլբուրնի հիշատակը: Եվ դա շատ սիմվոլիկ է: «Kodak»-ի հիմնադիրը շատ էր սիրում մորը, որը նրա հետ կիսել է մանկության ու պատանեկության բոլոր դժվարությունները:

Իսթմանի կյանքի մեծագույն ուրախությունը երաժշտությունն էր: Նա հավատում էր, որ հասարակության առաջընթացը գրեթե ամբողջովին կախված է կրթությունից: Երաժշտական դպրոցի հիմնադրումը, թատրոնի կառուցումն ու Ռոչեսթրում ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծումը Իսթմանին թույլ տվեցին իրականացնել երազանքները: Ջ. Իսթմանը ծնվել է 1854թ. հուլիսի 12-ին՝ ՈՒոտերվիլ գյուղում (Նյու Յորք նահանգ): Նա 3 երեխաներից ամենակրտսերն էր: Ջորջը 5 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռոչեսթր: Հայրն անբողջ ուժերը դրեց առեւտրային քոլեջ հիմնելու վրա: Բայց կատարվեց ամենասարսափելին. Ջորջի հայրը մահացավ: Քոլեջի շինարարությունը կանգ առավ, եւ ընտանիքը հայտնվեց ծանր դրության մեջ:

Ջորջը ստիպված եղավ 14 տարեկանում թողնել դպրոցը եւ աշխատել: Սկզբում մի ապահովագրական ընկերությունում աշխատում էր որպես ցրիչ՝ շաբաթական 3 դոլար աշխատավարձով, մի տարի հետո մեկ այլ ընկերությունում՝ որպես կլերկ: Իր նախաձեռնությամբ նա սկսեց լրացնել ապահովագրական պոլիսներ, երբեմն նույնիսկ ինքն էր դրանք գրում: Նրա աշխատավարձը բարձրացրին մինչեւ շաբաթական 5 դոլար: Բայց այդ գումարը բավական չէր ընտանիքին, եւ այդ պատճառով երեկոյան ժամերին նա սկսեց հաշվապահություն սովորել՝ հուսալով, որ ավելի լավ վարձատրվող պաշտոն կստանա: 1874թ.՝ 5 տարի աշխատելուց հետո, նրան նշանակեցին Ռոչեսթրի բանկի կրտսեր կլերկի պաշտոնում: Նա արդեն ստանում էր 15 դոլար: 24 տարեկանում Իսթմանը որոշում է հանգստանալ Սանտո Դոմինգոյում: Ընկերը խորհուրդ է տալիս հավերժացնել իր տպավորություններն այդ ճամփորդությունից: Ջորջը ֆոտոապարատ է գնում, որն իր չափերով ժամանակակից միկրոալիքային վառարան էր հիշեցնում: Բացի այդ, նկարները երեւակելու համար պետք էր այնքան շատ բաներ հետը քարշ տալ՝ ծանր շտատիվ, քիմիկատներ, ջրով կուժ եւ այլն: Իսթմանի խոսքերով՝ այդ ամենը տանելու համար ձի էր հարկավոր: Իսթմանը Սանտո Դոմինգո չհասավ, սակայն խիստ հետաքրքրվեց լուսանկարչությամբ եւ սկսեց մտածել, թե ինչպես այն դարձնի ավելի հեշտ ու պարզ: 3 տարվա փորձերից հետո նրան հաջողվեց ստանալ նոր ֆոտոէմուլսիայի բաղադրատոմսը: 1880-ին նա ոչ միայն կարողացավ հայտնագործել չոր ֆոտոպլաստինան, այլեւ` դրա մասսայական արտադրության համար հատուկ մեքենա: 1880թ. ապրիլին Իսթմանը տարածք վարձակալեց եւ սկսեց չոր պլաստինաների արտադրությունը: «Մենք ոչ միայն արտադրում էինք չոր պլաստինաներ, այլեւ ուզում էինք պարզեցնել ֆոտոապարատը, որ դրանից օգտվելը նույնքան հեշտ լինի, որքան սովորական մատիտից օգտվելը»: Իսթմանի փորձերն ուղղված էին գտնելու էմուլսիան քսելու համար ավելի թեթեւ ու ճկուն հիմք, քան ապակին է: Նա սկսեց լուսանկարչական էմուլսիան քսել թղթի վրա, իսկ հետո փաթաթում էր այն ու տեղադրում կլոր կասետների մեջ: Ֆոտոէմուլսիայով պատված կլոր կասետների կիրառումն ահռելի հաջողություն ունեցավ: Սակայն թղթի օգտագործումն իր թերություններն ուներ. թղթի անհարթ մակերեսն ազդում էր նկարների որակի վրա: Իսթմանը որոշեց թուղթը պատել սովորական լուծվող ժելատինի, ապա` չլուծվող լուսազգայուն ժելատինի շերտով:

Ավելի ուշ Իսթմանը հիշում էր. «Երբ մենք աշխատում էինք ժապավենի վրա, կարծում էինք, որ ապակե պլաստինաներ օգտագործող լուսանկարիչները կօգտվեն մեր հայտնագործությունից: Ցավոք, նրանցից քչերն օգտվեցին դրանից: Բիզնեսում հաջողությունների հասնելու համար մենք պիտի այնպես անեինք, որ լուսանկարելը բոլորի համար մատչելի դառնար»: Իսթմանն անսահման հավատ ուներ գովազդի հնարավորությունների նկատմամբ: Նա ինքն էր իր արտադրանքի համար գովազդային տեքստեր գրում: Իսթմանն է 1888-ին իր ֆոտոապարատի համար հորինել հայտնի գովազդը՝ «Դուք սեղմում եք կոճակը, իսկ մնացածն անում ենք մենք»: Այսօր «Kodak» ֆիրմայի ապրանքանիշը, որ հորինել է Իսթմանը, գիտեն բոլորը: Առաջին անգամ «Kodak» բառը որպես ապրանքանիշ գրանցվել է 1888-ին: Իսթմանն ասում է, որ այդ բառը պարզապես հորինել է: Իսթմանը հայտնի է ոչ միայն որպես լուսանկարչության ռահվիրա, այլեւ` իբրեւ մեծ մարդասեր: Նա սկսեց օգնել ոչ կոմերցիոն ինստիտուտներին: Նրա սիրելին դարձավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, քանի որ այդ ինստիտուտն ավարտածներից շատերը դարձան Իսթմանի լավագույն օգնականները: Ինստիտուտի բյուջե նա ներդրել է մոտ 20 մլն դոլար: Բոլոր ավանդները նա անում էր «Միստր Սմիթ» անվան տակ, եւ խորհրդավոր միստր Սմիթի մասին լուրերը տարածվեցին ուսանողների ու դասախոսների շրջանում:

Իսթմանը հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց ատամնաբուժական կլինիկաների նկատմամբ: Նա ֆինանսավորում էր երեխաների համար ատամնաբուժական պրեպարատների մասսայական արտադրությունը: Ատամնաբուժական կլինիկաներ ստեղծվեցին ոչ միայն Ռոչեսթրում, այլեւ` Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Բրյուսելում ու Ստոկհոլմում: Երբ Իսթմանին հարցրին, թե ինչու է նա սիրում ատամնաբուժական կլինիկաները, նա պատասխանեց. «Բժշկությունն ապացուցել է, որ երեխաների ատամներին ու քիթ-կոկորդին պետք է հետեւել վաղ տարիքից: Եթե երեխաներն առողջ լինեն, ավելի մեծ կլինի կյանքում որեւէ բանի հասնելու նրանց հնարավորությունը»:

Իսթմանը հիմնադրեց երաժշտական դպրոց, թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ: Նա ասում էր. «Շատ հեշտ է վարձել պրոֆեսիոնալ երաժիշտների, բայց անհնար է գնել երաժշտության նկատմամբ սերը»: Իսթմանը մեծ ավանդ ունի Ռոչեսթրի բնակչության կյանքը բարելավելու գործում: Մի անգամ նա 30 մլն դոլարի չեկ ստորագրեց Ռոչեսթրի տեխնոլոգիական եւ 2 ուրիշ ինստիտուտների համար: Իսթմանը շատ համեստ մարդ էր եւ խուսափում էր իր անձնական կյանքը դարձնել քննարկման առարկա: Զարմանալի է, բայց նա ինքը չափազանց հազվադեպ էր լուսանկարվում: Ռուչեսթրի փողոցներով քայլելիս՝ քչերն էին նրան ճանաչում: Նա ապրում էր իր փիլիսոփայությամբ՝ «Այն, ինչ մենք անում ենք աշխատանքի ժամանակ, ցույց է տալիս մեր նյութական վիճակը, իսկ այն, ինչ անում ենք հանգստի ժամանակ՝ մեր էությունը»: Իսթմանը սիրում էր որսորդությունը եւ ձկնորսությունը, նաեւ հրաշալի խոհարար էր. բոլոր արշավների ժամանակ նրան գլխավոր խոհարար էին նշանակում: Նա նաեւ նկարների հիանալի հավաքածու ուներ:

Ըստ ինտերնետային նյութերի