Առաջարկում է տեսախցիկներ տեղադրել

21/04/2012

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը երեկ դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` առաջարկելով 3-5 տեսախցիկներ տեղադրել բոլոր ընտրատեղամասերում եւ ընտրատարածքային հանձնաժողովներում: «Հաշվի առնելով ԱԺ առաջիկա ընտրությունները հնարավորինս առանց ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների անցկացնելու հրամայականը, իշխանությունների հայտնած բազմաթիվ խոստումներն ու մտադրությունները` ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու մասին, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական ընդգրկուն եւ հուսալի վերահսկողության կարիքը, առաջարկում եմ. 1. Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում եւ ընտրատարածքային հանձնաժողովները կահավորել 3-5 տեսախցիկներով` յուրաքանչյուրը: 2. Այդ տեսախցիկները տեղավորել այնպես, որ պատկերներն ընդգրկեն քվեարկության սրահն ընդհանուր պլանով` ներառյալ քվեատուփը, հանձնաժողովի տեղադրությունը, քվեախցերը` առանց քվեարկողների անձերի եւ քվեարկության բովանդակության նույնականացման հնարավորության: 3. Տեսաձայնագրել բոլոր ընտրատեղամասերում ընթացող գործընթացները` մայիսի 5-ի առավոտյան ժամը 10:00-ից, մինչեւ մայիսի 7-ի ժամը 10-ը: 4. Այդ տեսախցիկների բոլոր տեսաձայնային ազդանշանները հեռարձակել ինտերնետ, կապեր եւ հասցեներ տալով ԿԸՀ կայքէջում: 5. Այդ տեսաձայնագրությունները պահել ԿԸ Հանձնաժողովում, որպես իր տնօրինման տակ գտնվող` «ՀՀ Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված եւ գաղտնիք չպարունակող տեղեկություններ»,- ասված է Լ. Բարսեղյանի նամակում: