Բացահայտվել է բնակարանային ութ գողության դեպք

21/04/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ մեր թերթի խմբագրություն էր եկել Տիգրան Մեծ 1 շենքի, 12 բնակարանի բնակչուհի, չորս երեխաների մայր Գայանե Նասոյանը եւ խնդրում էր իր որդու հետ կատարվածը հրապարակել` համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանալու ակնկալիքով: Վերջինս լինելով միայնակ մայր` որդու (նաեւ հիվանդության), պատճառով կատարված միջադեպի հետեւանքով հայտնվել է անելանելի վիճակում: «28 տարեկան աղջիկս ուռուցք ունի, որին անգամ բուժհաստատություն չեմ կարողանում տեղափոխել: Բնակարան չունենք, իսկ նշված հասցեում բնակվում ենք վարձակալությամբ: Տան միակ աշխատողը 27 տարեկան հիվանդ տղաս էր, որ Ձորաղբյուրում բանվորություն էր անում, բայց հիմա սարսափելի վիճակում ենք հայտնվել նրա հետ կատարվածի պատճառով»,- ասում է Գ. Նասոյանը` հավելելով, որ տղային` Մարտին Վարդանյանին 2001թ. զորակոչել են բանակ միանգամայն առողջ վիճակում: Բանն այն է, որ թեեւ բժշկական փաստաթղթերով հաստատված է, որ առողջ վիճակում են զորակոչել զինծառայության, այնուամենայնիվ, հինգ ամիս Սիսիանի զորամասերից մեկում ծառայելուց հետո, հայտնվել է հոսպիտալում: «Մեզ լուր տվեցին, որ նա հոսպիտալում ա գտնվում: Պարզվեց` ինչ-որ ծեծկռտուքի պատճառով գլխուղեղի լուրջ վնասվածք ա ստացել: Ախր տղաս սպորտսմեն ա եղել, լրիվ առողջ, ոչ մի գանգատ չուներ: Մի քանի հոգով վիճաբանություն են սարքել ու նրան ծանր վիճակում տեղափոխել են հոսպիտալ: Մոտ երկու ամիս բուժելուց հետո թուղթ տվեցին, որ նա այլեւս պիտանի չէ ծառայության համար ու ազատված է»,- պատմում է Մ. Վարդանյանի մայրը` հավելելով, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո էլ նա շատ նյարդային ու կոնֆլիկտային է եղել (նա մեզ է ներկայացրել որդու բժշկական պատմությունն ու ախտորոշումը): Նա պարբերաբար ինքնասպանության փորձ է կատարել, իսկ թեւերակը վնասված է, քանի որ ժամանակ առ ժամանակ ինքնավնասման փորձեր է կատարել. «Տանը շատ էր բարկանում, բայց մենք ձայն չէինք հանում, լռում էինք, մի բան վերցնում` տալիս էր պատին, հետո խաղաղվում ու զղջում էր արածի համար: Գնում-գալիս` «մամա ջան, մամա ջան» էր ասում, որ չնեղվեմ»: Գ. Նասոյանն ասում է, որ զորամասում կատարվածի համար երբեք որեւէ մեկին կամ պետական որեւէ մարմնի չեն դիմել` համարելով, որ ամեն դեպքում որդու առողջությունը հետ չեն բերի: Մինչդեռ Մ. Վարդանյանի նյարդային համակարգն ու հոգեկան վիճակն ամենօրյա դեղորայքի շնորհիվ է պահպանվել: Նա աշխատել է, հոգացել է մոր, քրոջ ու եղբայրների խնամքը: «Ինքը հաճախակի գնում էր Կոմայգի, որովհետեւ էնտեղ ժիմ անելու հարմարանք կա, մարզվում էր: Մարտի 8-ին իմ հեռախոսին զանգ եկավ, իրեն էին ուզում, ինքը հեռախոս չուներ: Ինչ-որ Արմեն էր: Պայմանավորվեց ու դուրս եկավ: Կեսգիշերին տուն եկավ շատ անհանգիստ, սփրթնած, ինձ կանչեց, թե` մամա, ես շատ սխալ ու վատ բան եմ արել, փորձանքի մեջ եմ ընկել, ասա` ի՞նչ անեմ, օգնի ինձ: Ցույց տվեց մի հեռախոս ու պատմեց` ինչ ա իրականում կատարվել: Ես աստվածավախ կին եմ եւ կասեմ ողջ ճշմարտությունը»,- պատմում է Գ. Նասոյանը: Մ. Վարդանյանը մորը պատմել է, որ Կոմայգում ծանոթացել է Մամիկոն (որին Միկա են ասում) եւ Արմեն անունով տղաների հետ, ովքեր, ինչպես հետագայում է պարզվել, նախկինում դատապարտված են եղել գողություն կատարելու համար, իսկ Միկան կրկնահանցագործ է: «Կոմայգում 47-48 տարեկան պատահական մի մարդու գրպանը գաղտնի, աննկատ կերպով հեռախոս է գցել: Այնուհետեւ ուրիշ հեռախոսից զանգահարել է այդ համարին ու… Էդ մարդու վրա են հարձակվել, թե` դու մեր հեռախոսն ես գողացել, ու հարձակվել ահավոր ծեծել են: Որդիս մասնակցել է այդ մարդուն ծեծելուն, բայց հեռախոսը գրպանը գցելուն` ոչ: Ես երդվում եմ, որ իսկապես որդիս սխալ է արել, իսկապես նա գլխուղեղի խնդիր ունի, ու կարող էին նրան օգտագործել, նա շատ մեծ սխալ է արել` խառնվելով անմեղ մարդուն ծեծի ենթարկելու գործողություններին, որի համար ամաչում եմ ու չեմ արդարացնում իրան, բայց… Ուզում եմ ինքս գնամ տուժողի մոտ, ոտքերն ընկնեմ, ներողություն խնդրեմ տղայիս արածի համար, բայց վախենում եմ»,- ասում է Գ. Նասոյանը:

Ինչեւէ, դեպքի օրը Մ. Վարդանյանը մորը խոստովանել է, որ կատարել է հանցագործություն ու զղջալով` ուզում է ճիշտ քայլ կատարել եւ այդ իրավիճակից դուրս գալ: Մայրն անմիջապես զանգահարել է ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն համայնքների ստորաբաժանումում աշխատող իրենց ծանոթ` Սամվել անունով ոստիկանին: «Նա անմիջապես եկավ, լսեց տղայիս, ասաց` ամեն ինչ լավ կլինի: Հեռախոսը վերցրեց, դրեց գրպանն ու գնաց: Դրան հաջորդեց տղայիս ձերբակալությունը: Սամվելը մեզ վստահեցնում էր, որ հարցաքննությունից հետո բաց կթողնեն նրան: Հետո գտել էին տուժողին ու առերեսում պիտի անեին: Ցուցմունքների մեջ գրված էր, որ իրավապահ մարմինները հեռախոսը մեր տանից են հայտնաբերել, բայց այն գտնվել է Սամվելի մոտ: Տղաս ողջ ճշմարտությունը պատմել է, իսկ մյուս տղաները երկար ժամանակ փախուստի մեջ են գտնվել, բայց արդեն բռնել, ձերբակալել են: Գնում, քննչական բաժնում գիշերով սպասում էի, խնդրում էի, որ ինձ էլ լսեն, բայց…»: Բայց Գ. Նասոյանին միայն տեղեկացրել են, որ որդուն մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2 մասի 1-ն եւ 4-րդ կետերով (կողոպուտ): Գ. Նասոյանի խոսքով` քննչական բաժանմունքում իրեն միայն ասել են, որ որդուն 5-8 տարվա ազատազրկում է սպասվում: Այն, որ Մ. Վարդանյանը պետք է պատժվի` ընդունում է նաեւ մայրը` Գ. Նասոյանը, սակայն վերջինս հավաստիացնում է, որ իր տղան ոչ թե կողոպուտ է կատարել, այլ` ծեծի է ենթարկել անմեղ մարդու: Բացի դա, ըստ նրա, իր որդին` գիտակցելով իր արարքի ծանրությունը, անմիջապես զղջացել եւ խոստովանել է, որ հանցագործություն է կատարել` դիմելով իրավապահ մարմիններին: «Իր արածի համար տղաս պիտի պատասխան տա, նա Աստծու առաջ էլ է պատասխան տալու, բայց ուրիշի կատարած հանցանքի համար էլ չպիտի պատժվի: Այդ հոդվածով նրան մեղադրանք առաջադրելը շատ անարդար է: Քննիչին ասում եմ` հարեւանիս տղան գողություն է արել, իրեն բռնել են գողություն կատարելու ժամանակ, բայց 3000 դոլար վերցրել, բաց են թողել: Տղաս արել է, վատ բան է արել, պիտի պատժվի, բայց ոչ` նաեւ չարածի համար: Թող ըստ իր գործի դատեն»,- ասում է Գ. Նասոյանը` ներկայացնելով նաեւ հարեւանների ստորագրությամբ մի նամակ, որտեղ Մ. Վարդանյանին բոլորը դրական են բնութագրում: Ի դեպ, այս դեպքի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործությունը կատարողներից Մամիկոնը թվով ութ բնակարանային գողության հեղինակ է, որոնք մինչեւ այս դեպքերը մնում էին չբացահայտված: «Այդ Մամիկոնը, որին Միկա են անվանում, խոստովանել է, որ ութ տուն է թալանել: Տղաս ախր ընկել է այդ հանցագործների թակարդը: Չեմ ասում` ինքն անմեղ է, ի սեր Աստծո, անմեղ մարդուն ծեծի ենթարկելը նույնպես հանցագործություն է, բայց հավատացե՛ք, նա կողոպուտ չի կատարել»,- ասում է Գ. Նասոյանը, ով, սակայն, չկարողացավ պատասխանել մեր հարցին, թե ինչո՞ւ է իր որդին այդ տղաների հեռախոսն իր հետ տուն բերել: Միայն ենթադրում է, որ նախկինում դատապարտված այդ երկու տղաներն իրավապահ մարմինների թիրախում չհայտնվելու համար են այն տվել Մ. Վարդանյանին: Գ. Նասոյանը նաեւ տեղյակ չէ, թե արդյոք իր տղան` մասնակցելով այդ ծեծկռտուքին, իմացե՞լ է, թե ինչ են ծրագրել Կոմայգու մոտ ծանոթացած տղաները: Նա միայն ենթադրում է, որ իր որդին այդ ծրագրի մասնակիցը չի եղել, այլ պատահաբար դարձել է հանցագործության մասնակից, ինչին նպաստել է հիվանդությունը:

Հավելենք, որ այս գործը դեռեւս գտնվում է նախաքննության փուլում: Սակայն Գ. Նասոյանն արդեն դիմում-նամակներ է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պետական այլ պաշտոնյաների` խնդրելով հետեւել այս գործին նաեւ այս փուլում: «Հասկանում եմ, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, բայց եթե ես այս մասին հիմա չբարձրաձայնեմ` հավատացե՛ք, տղայիս անարդար մեղադրանքով 5-8 տարի բանտում կպահեն: Նա հիվանդ է, դեղորայքով ապրող մարդ, ու չգիտեմ` իր հետ ինչեր կարող են լինել»,- ասում է նա: