ՄԻՊ-ը շրջում է շտաբներով

19/04/2012

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, շարունակելով հանդիպումները նախընտրական շտաբների ղեկավարների հետ, երեկ հանդիպել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության, հանդիպմանը պաշտպանն առաջարկել է ՀԱԿ-ին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական եւ ընտրական շրջանում: Քննարկման ընթացքում Լ. Զուրաբյանը, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել է նախընտրական ցուցակների եւ գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաեւ Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթեւեկության խոչընդոտները: Երեկ Անդրեասյանն իր աշխատանքային խմբով այցելել է «Միավորված հայեր» կուսակցություն, որտեղ զրուցել է կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի հետ: Այցելուները նշել են, որ իրենք բացել են թեժ գիծ` 116 հեռախոսահամարով, որտեղ քաղաքացիները կարող են զանգահարել ընտրությունների հետ կապված իրենց հուզող հարցերով` իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով: