Մեր տեղեկություններով` անցած մի քանի օրերին ՀՀԿ անդամները Սեւան քաղաքում այցելել են բնակիչների տներ, գրանցել են նրանց անձնագրերի տվյալները` խոստանալով շուտով 20 հազարական դրամ բաժանել: Նրանց հետեւել են ԲՀԿ անդամները եւ նույնքան գումար բաժանելու համար նորից անձնագրերի տվյալներ են հավաքել: Այս տեղեկությունները մեկնաբանելու մեր թղթակցի խնդրանքին ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ նախ հերքել է դրանք, ապա ասել, թե նման տեղեկություններ չունի: «Գիտեք ոստիկանապետի հայտարարությունը, որ եթե ընտրակաշառք բաժանողի բռնեցին, քրեական գործ է հարուցվելու: Այնպես որ, այնքան էլ հեշտ չի կանգնել ու ընտրակաշառք բաժանել: Միգուցե ինչ-որ մեկը գաղտնի մեկին մի քանի դրամ է տվել, դա իրենց խնդիրն է, բայց զանգվածաբար ընտրակաշառք չկա»,- ասել է նա: Սակայն Սեւանի բնակիչներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե իրենց հարեւաններից ոմանք որոշել են երկու կուսակցություններից էլ գումարներ վերցնել: Եվ շատերն արդեն ապառիկ գնումներ են կատարել, որ կուսակցություններից ստանան այդ ընտրակաշառքը եւ վճարեն խանութների պարտքը: