ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանի գնահատմամբ` այս նախընտրական քարոզչությունը, ցավոք, նման չէ նախորդ 20 տարիների ընթացքում եղած քարոզարշավներին: «Հիմա ավելի շատ կիրառվում են մարդու ուղեղի վրա ազդելու բիրտ մեթոդները, քան թե` քաղաքակիրթ պայքարի: Նախորդ ընտրությունների համեմատ, ես ցավ եմ ապրում, որ նախ` մասնակցում են շատ քիչ թվով կուսակցություններ: Կուսակցությունները ստեղծվում են, գրանցվում, նրանք պետք է պայքարեն իրենց ծրագրերն իրականացնելու համար: Իսկ ծրագրեր իրականացնելն օրենսդիր, գործադիր աշխատանքով է, իսկ ապագոռգոռ բառերով, բնականաբար, հասկանալի է` որեւիցե ծրագիր չես կարող իրականացնել»: Նրա խոսքով` այս քարոզարշավի ընթացքում բավականին շատ են խոչընդոտները, հատկապես` ընդդիմադիր թեւի ներկայացուցիչների համար. «Եվ ոչ միայն ընդդիմադիր թեկնածուների, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների համար. առաջին հերթին նախընտրական շտաբներ չտրամադրելը: Նախապես պայմանավորվածություն ես ձեռք բերում, առավոտյան, որ արդեն պայմանագիրը պետք է կնքես, ստորագրես, բանից պարզվում է` գիշերն արդեն համապատասխան ուժերն աշխատանքներ են իրականացրել, եւ տվյալ տարածքի տերն արդեն վախենում է, թե` ես պրոբլեմներ չեմ ուզում ունենալ կառույցների հետ, ներող կլինեք, տարածքը չի տրամադրվում նախընտրական շտաբներին»: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածու է առաջադրել Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ընտրատարածքում, եւ ըստ Վ. Գրիգորյանի` իրենք նման խնդիրների բավականին շատ են հանդիպել թե՛ Քանաքեռի, թե՛ Զեյթունի, թե՛ Նորքի առաջին զանգվածի տարածքում: «Բացի այդ, առանձին թեկնածուների նկատմամբ, ասենք` թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի դեմ ձեռնարկված այդ միջոցառումները, թիվ 1 ընտրատարածքում Գայանե Առուստամյանի դեմ տարվող հակաքարոզչությունը, մյուս ընտրատարածքներում եւս: ՀՀ 41 ընտրատարածքներից որն էլ վերցնեք, ամբողջ հանրապետության տարածքում ընդդիմադիր թեկնածուների դեմ անպայման խոչընդոտներ կան: Կյանքն ավելի լուսավոր ու պայծառ է լինում, երբ նման խոչընդոտները հաղթահարելով` վստահորեն գնում ես դեպի հաղթական ավարտ: Այնպես որ` հաղթանակ եմ մաղթում բոլորին` մեր ազգին, մեր ժողովրդին: Համենայնդեպս, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը գիտակցի` որքան էլ հավատը, հույսը մարել է, գյուղ կանգնի` գերան կկոտրի: Վստահե՛ք, որ ընտրություններով ամեն ինչ կարելի է փոխել, պարզապես, ես չեմ ուզենա, որ Հուդայի պես հոգիները սատանային ծախեն»,- ասում է Վ. Գրիգորյանը: