ՕԵԿ-ն` Արաբկիրում

19/04/2012

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպումը Արաբկիր համայնքի բնակչության հետ էր: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպման ժամանակ արաբկիրցիներին է ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Հիշեցնենք, որ ՕԵԿ նախընտրական ծրագրում տեղ է գտել նաեւ կոմունալ բնակարանային տնտեսության համակարգում ծառայությունների մատուցման ոլորտի ազատականացումը, ինչի արդյունքում կստեղծվեն փոքր ընկերություններ, որոնք կգործեն մրցակցային պայմաններում` մի կողմից` քաղաքացիներին ապահովելով առավել որակյալ ծառայություն իրենց վճարի դիմաց, իսկ մյուս կողմից` զբաղվածության խնդիրը լուծում կստանա հազարավոր քաղաքացիների համար: ՕԵԿ նախընտրական ծրագրով նախատեսվում է մեծացնել անվճար միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ծավալները: «Առաջադիմության հիման վրա անվճար ուսման համակարգն այսօր արդեն գործում է, սակայն այն անհրաժեշտ է բարելավել` անվճար կրթության ապահովման գործընթացում հաշվի առնելով նաեւ սոցիալական գործոնը` հաշմանդամների, սոցիալական անապահով ընտանիքների երեխաների եւ խոցելի այլ խմբերի կրթությունն իրականացնել պետական բյուջեի հաշվին: Անհրաժեշտ է նաեւ ներդնել քաղաքակիրթ աշխարհում այսօր լայնորեն կիրառվող երկարաժամկետ ուսանողական վարկավորման համակարգը»,- ասել է Ա. Բաղդասարյանը: Իսկ ինչ վերաբերում է առողջապահության համակարգին, ապա, ըստ Ա. Բաղդասարյանի` իրենք առաջարկում են մեծացնել անվճար բուժօգնության ծավալները` վերափոխելով ներկայիս պետպատվերի համակարգը, եւ ծախսվող ահռելի գումարները դարձնել առավել հասցեական: «Ազգային առանձնահատկությունով, գենոֆոնդով պայմանավորված տարածված հիվանդությունների բուժումը, ինչպես նաեւ այն հիվանդությունների բուժումը, որոնք կապված են մարդու կյանքի հետ, պետք է ֆինանսավորվեն պետության կողմից»,- ասել է նա: «Մենք պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. եթե երկիրը չի կառավարվում օրենքներով, եթե հասարակությունը չի ապրում օրենքի պայմաններում, ապա հնարավոր չէ լուծել ոչ սոցիալական, տնտեսական, ոչ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: Մենք ուզում ենք, որ հայ մարդը իր երկրում կարողանա հասնել հաջողության, մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները ոչ թե ապագա փնտրեն օտար ափերում, այլ Հայաստանում տարեցտարի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ մարդիկ իրենց աշխատանքով կարողանան իրենց օջախները շենացնել եւ զարգացնել»,- ասել է Ա. Բաղդասարյանը` հավելելով, թե «այս մտայնությունն է հանդիսացել կուսակցության առավելապես մրցունակ եւ իրատեսական նախընտրական ծրագրի հիմքը»: