Երեկ` «դեբիլ», այսօր` «հանցավոր»

19/04/2012

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Արմավիրի մարզում: Վաղարշապատում ՀԱԿ-ի երեկվա նախընտրական հանդիպումը եւս կայացել է քաղաքի կենտրոնական հրապարակում, բայց, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, ի տարբերություն իշխանական երկու ուժերի` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հանդիպումների, հրապարակում երթեւեկությունն այս անգամ դադարեցված չի եղել:

ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իրենց հետ հանդիպման եկած վաղարշապատցիներին որակել է` որպես համարձակ մարդիկ: «Բոլորը, ովքեր այստեղ են, մտահոգ մարդիկ են: Ոչինչ, որ ձեզ նկարահանում են, ոչինչ, որ վաղը անհանգստացնելու են, ոչինչ: Սա մեր երկիրն է: Մենք պատրաստ ենք ցանկացած դժվարության, ցանկացած արգելքի, եւ մեր քարոզարշավը անելու ենք»,- ասել է նա: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս իր ելույթում անդրադարձել է վախի մթնոլորտին` տարակուսելով, թե ինչու են մարդիկ վախենում իշխանություններից: «Ինչի՞ց եք վախենում, ումի՞ց եք վախենում: Վստահ եմ` անգամ որ ասում են` վախեցած են, տներում նստած են, չեն գալիս` նրանց մեծ մասը էլի մեզ է քվեարկելու, իշխանություններին դեմ է քվեարկելու»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի օգտին քվեարկողները եւս դառնում են «հանցավոր»: «Գիշեր-ցերեկ ձեզ թալանի, ձեր երեխաներին տանեք բանակ` խաղաղ պայմաններում սպանի, ձեր կաշին քերթի, ձեզ հողից, տնից զրկի, եւ գա էլի ձեզանից ձայն խնդրի՞: Դրա համար եմ ասում` ոչ մի ձայն այս հանցավոր իշխանություններին»,- ասել է նա: ՀԱԿ-ի ներկայացուցիչները երեկ հանդիպումներ են անցկացրել նաեւ Մեծամորի ու Արմավիրի բնակիչների հետ: