Բրյուսովյան կրքերը շարունակվում են

19/04/2012

«Արմեն Աշոտյան, իջի՛ր», «Արմեն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից». վանկարկումներով եւ Վալերի Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկարի պաստառներով երեկ շուրջ 200 ուսանողներ հավաքվել էին Կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց` ի նշան ԿԳ նախարարի` Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու հրամանի: Ուսանողները պահանջել են Զոլյանին վերականգնել բուհի ռեկտորի պաշտոնում` «Չկա Զոլյան, չկանք մենք» մակագրությամբ պաստառներով: Սկզբում ուսանողների պահանջին արձագանքել է ԿԳ նախարարության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ով իջավ եւ ուսանողների 10-15 հոգանոց խմբին առաջարկեց բարձրանալ վերեւ` Արմեն Աշոտյանի հետ հարցը քննարկելու: Ուսանողները, սակայն, առաջարկը մերժել են: Մինչ ուսանողները շարունակել են բողոքի ցույցը նախարարության շենքի մոտ, մամուլի ասուլիս է հրավիրել Ս. Զոլյանը, ով հայտարարել է, թե Արմեն Աշոտյանն իրեն աշխատանքից ազատելու հրաման է ստորագրել, քանի որ վստահ չէ, որ ընտրություններից հետո կմնա նախարարի պաշտոնում: Զոլյանն ասել է, թե որպես ռեկտոր` ինքը շարունակում է կատարել իր պարտականությունը եւ սպասում է դատարանների որոշումներին: Զոլյանը շարունակել է պնդել, որ Աշոտյանի որոշումն անօրինական է, եւ անդրադարձել է նախարարության կողմից վերստուգումներ անցկացնելու եւ նրանց ձեւակերպմամբ` կոպիտ խախտումներին, մանրամասն նշելով, որ գրեթե բոլոր դեպքերում ինքը գործել է օրինականության սահմաններում, ուստի իր իրավունքները վերականգնելու համար ինքը պատրաստվում է դիմել դատարան: Զոլյանը ասել է նաեւ, որ իրենք դիմել են վարչապետին` Ա.Աշոտյանի ԿԳ նախարարի պաշտոնը վարելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար: Իսկ մամուլի հրապարակումները, թե իրեն հովանավորում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Սուրեն Զոլյանը ծիծաղելի է համարում: Նա հաստատել է, որ Վիկտոր Սողոմոնյանն իր ուսանողներից է, եւ հիմա Սողոմոնյանը դոկտորական է պաշտպանում նրա վերահսկողության տակ: «Ես իմ կենսագրությունն ունեմ: Թե՛ իր համար, եւ թե՛ ինձ համար ծիծաղելի է»,- ասել է նա:

Երեկ այս բուհում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, թե հույս ունի, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի` արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի գնա հակաիրավական քայլերի եւ կփորձի առարկել իր որոշումը միմիայն իրավական դաշտում, եւ ոչ թե` ուսանողներին ու դասախոսներին որպես վահան կօգտագործի: «Մեր հիմնական խնդիրը իրավական դաշտում է, եւ նախկին ռեկտորի մեկնաբանությունները կարծես նույնպես իրավական ուղղության վրա են գնում, եւ ես հույս ունեմ, որ նա կհետապնդի իր կողմից որդեգրված քաղաքականությանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտյանը` ավելացնելով, որ դատարանում կներկայացնի բոլոր փաստարկներն ու ապացույցները, թե իրենք որքանով են իրավական հարթության մեջ գործում: «Ես ուրախացա, որ կան ուսանողներ եւ դասախոսներ, ովքեր անկեղծ պաշտպանում են ռեկտորին, եւ շատ բնական եմ դա համարում, որովհետեւ երկարամյա աշխատանքում բնական էր, որ կլինեին մարդիկ, ովքեր շաղկապված են այդ մարդու հետ եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում»,- անդրադառնալով ի պաշտպանություն Զոլյանի երեկվա բողոքի ակցիային` ասել է Ա. Աշոտյանը: Նա նաեւ նշել է, որ այդ ամենին պետք չէ քաղաքական ենթատեքստ տալ, իսկ նման որոշումը նախընտրական շրջանում արդեն իսկ, ըստ նրա, ապացուցում է դրա անհնարինության մասին: «Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը, եւ արդյո՞ք ընտրությունների պատճառով պետք է սառեցվեն երկրում բոլոր տեսակի գործընթացները, փոփոխությունները, արդյո՞ք ընտրությունները կտրում են օրենքները, իհարկե` ոչ: Այս ժամանակահատվածը նաեւ ապացուցում է, որ այս զարգացումների մեջ քաղաքական շարժառիթներ չկան: Եթե քաղաքական շարժառիթ լիներ, գուցե ղեկավարվեի նախապայմանով եւ գործընթացը տեղափոխեի ընտրություններից հետո»,- հայտարարել է Ա. Աշոտյանը` կոչ անելով Սուրեն Զոլյանին` սթափ մոտեցում ցուցաբերել: Աշոտյանը շեշտել է, որ այդ կոչը վերաբերում է Զոլյանի նաեւ այն հայտարարությանը, որ ինքը դեռեւս շարունակում է կատարել ռեկտորի պարտականությունները: «Ես շատ կցավեմ, եթե իրադարձությունները զարգանան ամենաթողության ճանապարհով: Նման նախադեպ ստեղծելը շատ վտանգավոր է»,- ասել է Աշոտյանը` ավելացնելով, որ եթե նախկին ռեկտորը եւ ԿԳՆ նախկին աշխատակիցն այդքան վստահ է իր պնդումներում, ապա ի՞նչն է խանգարում նրան գնալ բարեկիրթ ճանապարհով եւ իրավական դաշտում լուծել խնդիրը: Ինչ վերաբերում է` Աշոտյանի խոսքերով` «Զոլյանի անվայելուչ պահվածքին», ապա նախարարը խուսափել է դրանց գնահատական տալուց` ասելով. «Ես ինձ վեր եմ դասում նման արտահայտություններ անելու գայթակղությունից»: Նշենք, որ երեկ ուսանողների բողոքի ակցիան շարունակվել է նաեւ Կառավարության շենքի առաջ: 5 ուսանողների պատվիրակությանն ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում եւ ուսանողների զրույցին ներկա է եղել նաեւ Արմեն Աշոտյանը: Վերջինս ուսանողներին խոստացել է, որ այսօր ժամը 15:00-ին կլինի ԵՊԼՀ-ում եւ կպատասխանի ուսանողների բոլոր հարցադրումներին: Նշենք, որ Արմեն Աշոտյանի երեկվա հրամանով Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին` մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Նշենք, որ Գ. Բալայանը նախկին ՀՅԴ-ական, ներկայումս ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին է: