Հատուկ դպրոցների համար

19/04/2012

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը երեկ ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, բխում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված «Հայաստան-պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրից: Ըստ Կրթության ու գիտության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության, Ա. Աշոտյանը, կարեւորելով համատեղ աշխատանքը եւ համալիր մոտեցումը, նշել է. «Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետեւում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով եւ իրավունքներով»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էլ նշել է, որ համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական եւ սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր: Որպես հիմնական խնդիր` երկու նախարարները նշել են սոցիալական պատճառներով հատուկ հաստատություններում կրթության առանձնահատուկ կարիք չունեցող երեխաների առկայությունը, ինչը պետք է հայտնաբերվի եւ բացառվի: Ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում եւ դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը», որը եւս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով: Նշենք, որ ՀՀ-ում շուրջ 2800 երեխա գտնվում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում: