Ապրիլի 17-ին վանաձորցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն իր դիրքորոշումն է հայտնել նախօրեին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Դատախազը հայտարարել է, որ անձամբ է ուսումնասիրել տարածքի տեսանկարահանման նյութերը եւ հասարակական կարգի որեւէ խախտում չի հայտնաբերել, ուստի, նրա խոսքով, իրավապահների կողմից «ոչ մի անհարկի միջամտության կարիք չի եղել»: Նա նշել է, որ պարզապես մի քար է նետվել գրասենյակի ուղղությամբ, որը կոտրել է լուսամուտի ապակին եւ վնասել աշխատակիցներից մեկի ոտքը:
Դատախազի հայտարարությամբ` անմիջապես դեպքի վայր մեկնած Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Լրագրողների հարցին` արդյոք ձվերի եւ քարերի նետումը հասարակական կարգի խախտո՞ւմ չէ, դատախազ Շահբազյանը պատասխանել է. «Բողոքի արտահայտման ձեւ է»: Միաժամանակ հայտնել է, որ դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: «Եթե նման բողոքի ակցիա տեղի ունենա Դատախազության շենքի առջեւ եւ քարեր ու ձվեր նետելով` ջարդեն Դատախազության շենքի պատուհանները, դատախազը դա նույնպես կհամարի՞ բողոքի դրսեւորման նորմալ ձեւ,- ի պատասխան Կ. Շահբազյանի` հարց է հնչեցնում ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,- Ընդունենք ի գիտություն, որ մեր հետագա գործունեության ընթացքում բողոքի ակցիաները նման ձեւով անցկացնենք Դատախազության, Ոստիկանության, քաղաքապետարանի դեմ»:
Նա սկզբունքորեն դեմ չէ բողոքի ցույցերի կազմակերպմանը: «Բողոքի ակցիան քաղաքացիական դիրքորոշումների արտահայտման կարեւոր ձեւ է: Բայց նման դրսեւորումներով` բռնություններով, սպառնալիքներով, դա ես ակցիա չեմ կարող համարել»,- ասում է Սաքունցը: Վերջինիս համոզմամբ` ՀՔԱՎ-ի դեմ հարձակումն ուղղորդված է եղել իշխանությունների կողմից: Շեշտում է, որ կազմակերպիչների թվում մարզպետարանի աշխատակիցներ են եղել, այսինքն` իրենց գործառույթները գերազանցած` իշխանության ներկայացուցիչներ: Իսկ ցույցի նման ընթացքի համար պատասխանատու է Ոստիկանությունը: Սաքունցը նշում է, որ ցուցարարների` ՀՔԱՎ-ին ուղղված կոչ-հայտարարությունն ավարտվում է սպառնալիքով, որ հետագա գործողությունների համար պատասխանատվություն են կրում նրանք, ում դեմ իրականացվում է ակցիան: «Նախօրոք պլանավորված սպառնալիք է կազմակերպության դեմ»,- ասում է Սաքունցը եւ ավելացնում, որ միայն այդ արտահայտությունը բավական էր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Այնինչ իրավապահները, որ ուղեկցել են ցույցի մասնակիցներին քաղաքի հրապարակից մինչեւ գրասենյակ եւ ներկա են եղել ցույցի ամբողջ ընթացքում, որեւէ քայլ չեն ձեռնարկել` գրասենյակի դեմ հարձակումը կանխելու ուղղությամբ: Հարձակման պահին գրասենյակից նաեւ հեռախոսով են ահազանգել Ոստիկանություն, բայց դարձյալ անարդյունք:
Դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ հարուցված չէ, իսկ դատախազը, ըստ Սաքունցի, չսպասելով քննության արդյունքներին, գնահատականներ է տալիս` կանխորոշելով քննության ընթացքն ու արդյունքները: Քննությամբ պետք է պարզվի` իրավապահների գործողությունները իրավաչափ եղե՞լ են, թե՞ ոչ, կամ ընդհանրապես գործողություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ուստի մարզի դատախազը, ըստ Սաքունցի, իր նմանատիպ հայտարարություններով ու գնահատականներով հովանավորում է Ոստիկանության «ակնհայտ անգործությունը»: Նաեւ, ըստ Սաքունցի, դատախազը շեշտը դնելով ձու եւ քար նետելու, ոտքը վնասելու եւ այլ մասնավոր հարցերի վրա` հեռանում է գլխավոր խնդրից, այն է` տեղի է ունեցել հարձակում իրավապաշտպան հասարակական կազմակերպության դեմ: Իսկ պետությունը պարտավորություն ունի կազմակերպությունների, միավորումների անվտանգության ապահովման համար: Տվյալ դեպքում որեւէ քայլ չի կատարվել այդ իրավունքն ապահովելու ուղղությամբ:
Արթուր Սաքունցը մտահոգություն է հայտնում, որ ՀՔԱՎ-ը դիտորդական առաքելություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող կազմակերպություն է, այնինչ այս նախընտրական շրջանում իրավական մակարդակով խրախուսվում է անհանդուրժողությունն ու բռնի մեթոդների կիրառումը:
Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ
Hetq.am
Հ.Գ. Երեկ ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Վանաձորում իրականացված բողոքի ակցիայի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին առնչվող միջադեպի վերաբերյալ նախօրեին արված մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարություններին: Ոստիկանության հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ոստիկանության կողմից հիշյալ միջադեպի բոլոր հանգամանքներն արդեն իսկ ուսումնասիրվում են իրավական ընթացակարգերի շրջանակներում: Արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: ՀՀ ոստիկանությունն այլ առիթներով բազմիցս նշել է, որ ենթադրյալ իրավունքների իրականացումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են առաջացնել վարչական պատասխանատվություն: Առավել եւս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով: Այդ առնչությամբ սույն թվականի ապրիլի 17-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում հիշատակված կարծիքներն էական մասով համընկնում են ՀՀ ոստիկանության վերը հիշատակված հայտարարությունների տրամաբանության հետ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունն իր գոհունակությունն է հայտնում քաղաքացիական հասարակության կարեւոր բաղադրիչներ հանդիսացող կազմակերպությունների դիրքորոշումների հստակեցման կապակցությամբ եւ պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ` ապրիլի 16-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ պարզաբանման նպատակով: ՀՀ ոստիկանությունն ակնկալում է, որ դրա արդյունքում հնարավոր կլինի հանգել գործելակերպի այնպիսի ճշտումների, որը կնպաստի նման բնույթի բոլոր, այլ ոչ թե միայն հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված գործողությունների կանխարգելմանը: ՀՀ ոստիկանությունը եւս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում սերտորեն համագործակցելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, միեւնույն ժամանակ ակնկալելով, որ նրանք ոչ միայն հասարակական կազմակերպությունների օրինական շահերը շոշափող, այլ նաեւ այլ առիթներով անցկացվող հավաքների առնչությամբ պատշաճ մակարդակով կկարեւորեն դրանք «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխան կազմակերպելու եւ անցկացնելու հանգամանքը»: