Էլի բողոքել են

19/04/2012

Ադրբեջանը բողոքի ալիք է բարձրացրել այն բանից հետո, երբ Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաընկերությունը Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է` որպես հայկական տարածք: «Դա միանշանակ բացասաբար կազդի հեռուստաընկերության հեղինակության վրա: Կասկածի տակ է առնվում նաեւ հեռուստաընկերության չեզոքությունը` տարածաշրջանում առկա հակամարտության հարցում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: Ադրբեջանական կողմի տեսակետը երկրի Արտգործնախարարությունը ներկայացրել է նաեւ այդ երկրում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններին: Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը հայտնել է, որ հեռուստաընկերությունը չի ներկայացրել երկրի պաշտոնական տեսակետը: Իսկ Ֆրանսիայի դեսպանատունն առհասարակ չի արձագանքել միջադեպին: Նշենք, որ նախօրեին հեռուստաընկերության եթերում ցուցադրվել էր մի հաղորդում, որտեղ հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է, որը Ստալինը բռնակցել է Ադրբեջանին 1921թ.-ին: «1923թ.-ին այն դարձել է ինքնավար մարզ, որտեղ բնակչության 94 %-ը հայեր էին: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան, անկախության ձգտեց նաեւ Լեռնային Ղարաբաղը, ինչին Ադրբեջանը իսկույն շրջափակմամբ արձագանքեց եւ փորձեց ռազմական միջոցներով վերականգնել Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողությունը»,- նշվել էր այդ հաղորդման մեջ: