Անցած շաբաթ Երեւանի թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Հովհաննես Հովաննիսյանը հայտարարել էր, թե իր մրցակիցը ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանն է: «Այդ երիտասարդ տղայի հասակի չափ քաղաքականությամբ եմ զբաղվում: Եթե մենք իսկապես լինեինք ազատ ժողովրդավարական երկիր, պարզ է, որ իշխող ՀՀԿ-ն իմ դեմ կառաջադրեր ավելի փորձված, լուրջ եւ տարիքով քաղաքական գործչի»,- ասել էր նա: «ՀՀ ցանկացած քաղաքացի` օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրել իր թեկնածությունը: Ինչ վերաբերում է Հ. Հովհաննիսյանի բերած «փաստարկին», թե ինքը քանի տարի է զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող եմ ասել, որ երբ ես 17 տարեկանում պայքարում էի անկախության, ազատության համար, Հ. Հովհաննիսյանն այդ ժամանակ` լինելով Կոմունիստական կուսակցության անդամ եւ Աբովյանի շրջխորհրդի նախագահ, խոչընդոտում էր այդ պայքարին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի թիվ 5 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը` պատասխանելով այն հարցին, թե որպես տարիքով բավական երիտասարդ` վատ չի՞ զգում Հ. Հովհաննիսյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրվելու փաստից: