«Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված «ՍԱՍ» սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանի նախընտրական քարոզարշավով, ի թիվս այլ պետական կառույցների, զբաղվում է նաեւ նախագահի աշխատակազմը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը: «Վերջերս նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մի քանի գործարարների սպառնացել-պատվիրել է, որ որեւէ բացասական արտահայտություն թույլ չտան Արտակ Սարգսյանի հասցեին: Այսինքն` իշխանությունը ստիպում է մարդկանց ոչ միայն աշխատել իր թեկնածուի համար, այլ արգելում է կարծիք արտահայտել այդ թեկնածուների մասին նույնիսկ նեղ շրջանակում: Այս օրինակը նշում եմ, որպեսզի ավելի պատկերավոր դառնա, թե ինչ որակի ընտրություններ են սպասվում մեր ընտրատարածքում, եւ ինչպես է պետական մեքենան աշխատում սեփական թեկնածուներին անցկացնելու համար: Խնդիրը տվյալ դեպքում ոչ թե իմ պատգամավոր դառնալ-չդառնալն է, այլ այն, որ նախագահական ինստիտուտը զբաղվում է նման ցածր խնդիրներով: Այսինքն` այն կառույցները, որոնք սահմանադրորեն պետք է զբաղվեն երկրի արտաքին քաղաքականության, պաշտպանական, ազգային անվտանգության խնդիրներով, սպասարկում են, ասենք, մի խանութպանի շահերը»,- նշել է Ս.Սեյրանյանը: