Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արտասահմանյան լրատվամիջոցների տեսանկյունից բավական անհետաքրքիր թեմա է: Ֆրանսիական, իսպանական, անգլիական, ամերիկյան եւ շվեյցարական մի շարք թերթեր եւ հեռուստաընկերություններ անդրադարձել են նոյեմբերի 27-ին Չեչնիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, բայց Հայաստանի հանրաքվեի մասին լռում են: Թերեւս բացառություն է BBC ընկերությունը: BBC-ի եւ ռուսական լրատվամիջոցների հրապարակած բոլոր տեղեկությունները համընկնում են հայաստանյան պաշտոնական տվյալների հետ: «Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բնակչության 64,4%-ը, որից 93,3%-ը «այո» են ասել սահմանադրական փոփոխություններին: Սակայն երկրի ընդդիմությունը, որ բոյկոտել էր հանրաքվեն, գտնում է, որ ընտրությանը մասնակցել է ընդամենը մոտ 400 հազար քաղաքացի»,- Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այսպես է լուսաբանում BBC ընկերությունը: