Երեկ Երեւանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակին հարող տարածքում նոր ճանապարհ բացելու նպատակով սկսել է իրականացնել ծառերի, այսպես ասած, «տեղափոխման» ծրագիր:
Սա այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նշյալ ծառերը համարակալվել էին, իսկ քաղաքային իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարել էին, թե հոգ է տարվելու պուրակի յուրաքանչյուր ծառի համար:
Կանաչապատող ընկերությունն, առանց համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման, արմատախիլ էր անում ծառերը: Եվ դժվար է պատկերացնել, թե վնասված արմատներով ծառն արդյո՞ք կաճի մեկ այլ տեղում: Ընդ որում` այգում աշխատող բանվորների ասելով` այգու հարեւանությամբ փոսերն արդեն պատրաստ են, եւ իրենք տնկելու են «արմատախեղդ» արված ծառերը: «Քաղաքապետարանն ունի հատուկ տեխնիկա ծառերի տեղափոխումը ճիշտ իրականացնելու համար: Բացի դրանից, գոյություն ունեն հաստատված սեզոններ` ուշ աշնանը կամ վաղ գարնանը, երբ նպատակահարմար է իրականացնել ծառի տեղափոխումը: Այստեղ բոլոր կանոնները խախտված են, եւ քաղաքապետարանը հակասում է ինքն իրեն: Զավեշտալին այն է, որ կիրակի քաղաքապետը կազմակերպել էր շաբաթօրյակ եւ ծառատունկ, իսկ Մաշտոցի այգում ակտիվիստներին արգելեցին ծառատունկ իրականացնել` ասելով, որ նախեւառաջ պետք է թույլտվություն վերցնել: Հետաքրքիր է` ծառ տնկելու համար անհրաժեշտ է թույլտվություն վերցնել, իսկ այսպես վայրենաբար ծառերը Կենտրոնից վերացնելու համար թույլտվություն պետք չէ՞»,- ասաց «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գրիգոր Ղազարյանը: Բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանի դիտարկմամբ` կատարված գործողությունների համար իրենց որեւէ հրաման ցույց չի տրվել: «Բարբարոսաբար խփել են ծառերին, ոչ մի հրաման ցույց չեն տվել: Ուղղակի խնդալուն էն ա, որ այսօր ոստիկանն եկել եւ մեզ ցույց է տալիս, թե ոնց պետք է վերաբերվենք ծառին: Ասում է` ոչինչ, ծառն ընկել է, բայց մի նպաստեք ծառի չորացմանը»,- նշեց Ե. Ներսիսյանը: Իսկ ծառերի «տեղափոխման» աշխատանքներին հետեւող Երեւանի Կենտրոն եւ Շենգավիթ համայնքների կանաչապատման վերահսկողության ծառայության աշխատակից Վերգինե Բարեղամյանը նշեց, որ իրենք հրաման են ստացել նշյալ գործողությունների համար: Մեր այն հարցին, թե որքա՞ն է մեկ այլ վայրում ծառի կպչունության հավանականությունը, վերջինս պատասխանեց. «50/50 է: Ես չեմ կարող ասել»: Աշխատակցի ասելով` ինքը ծառերի տեղափոխման մասին հրամանը ստացել է այգի գալուց 5 րոպե առաջ: Իսկ Մաշտոցի պուրակում գտնվող փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը քաղաքապետարանի ներկայացուցիչներին «խորհուրդ» էր տալիս համապատասխան սարքավորումներով կատարել ծառերի «տեղափոխումը»: Երբ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են թույլատրում հիշյալ գործողությունների կատարումը, եթե չկա համապատասխան հրաման եւ տեխնիկա, վերջինս պատասխանեց. «Ոչ, կա համապատասխան նախագիծ, որն արդեն գիտեք: Այգին բարեկարգվում է, շատ լավ, գեղեցիկ պուրակ է դառնում: Բուտիկներն ածանցյալ են, եւ հարցին չեն վերաբերում»: Չնայած ոստիկանապետի պնդումներին, բնապահպան ակտիվիստները վստահ են, որ իրենք շարունակելու են իրենց ազնիվ ու անզիջում պայքարը: Իսկ ապամոնտաժող բրիգադն օրեցօր մեծանում է: «Մենք մինչեւ վերջ գնալու ենք: Մենք ձեռքբերումներ ունենք: Հանրությունը, որն այդքան արձագանքում է` թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: Մեկ ա` մենք մինչեւ վերջ մնալու ենք, մինչեւ հաղթենք: Եթե իրենց ձեռք է տալիս ոստիկաններով այսպես պահել տաղավարներն ու չաշխատել, ապա էսպես էլ շարունակվելու է»,- հավելեց բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանը: