Մինչեւ ե՞րբ պետք է ժողովուրդը հանդուրժի այս խեղկատակությունը

17/04/2012

Խոսքը, այսպես կոչված, «քաղաքական կուսակցությունների» եւ նրանց կատարած խեղկատակությունների մասին է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքական կուսակցությունը. բազմաթիվ հանրագիտարաններում, բառարաններում եւ բացատրական այլ ձեռնարկներում կան բազմապիսի մեկնաբանումներ եւ բացատրություններ այդ երեւույթի մասին, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ստեղծվում քաղաքական կուսակցությունը, ի՞նչ նպատակներ պետք է ունենա եւ ի՞նչ գործունեություն պետք է իրականացնի հասարակության մեջ։ Եվ ամենուր հանդիպում ենք շատ դրական եւ հիմնավոր բացատրությունների, եւ, որ ամենակարեւորն է` առանց քաղաքական կուսակցությունների բազմազանության եւ միմյանց դեմ պայքարի չի կարող լինել ոչ մի ժողովրդավարական հասարակություն եւ պետություն։ Այդ ամենը հնչում է շատ լավատեսորեն, եւ երեւի թե ինչ-որ ժամանակ, ինչ-որ երկրում դա ծառայել է ինչ-որ բարի նպատակների իրագործման։

Բայց, ցավոք, ներկա իրականության մեջ եւ հատկապես` մեր երկրում, այդ բոլորը սուտ է, խաբկանք եւ բարբաջանք։ Հետեւելով կուսակցությունների գոյության պատմությանը, ուսումնասիրելով նրանց գործունեությունը եւ նրանց առաջնորդների մարդկային նկարագիրը, կարելի է վստահորեն ասել, որ կա ընդամենը ճիշտ եւ իրականությանը համապատասխանող բնորոշում այդ երեւույթի մասին` քաղաքական կուսակցությունը մարդկության կողմից մինչեւ այսօր ստեղծված ամենաանբարոյական կառույցն է։ Այո՛, անբարոյական եւ իր կառուցվածքով, եւ իր նպատակներով, եւ իր գործունեությամբ։

Քաղաքական կուսակցությունների գոյությունը ոչ թե նպաստում է ժողովրդավարությանը, այլ հակառակը` նրանք իրենց սուտ խոստումներով սպանում են ժողովրդի հավատը լավի նկատմամբ, մասնատում են ազգը, խարխլում են պետության հիմքերը։ Նրանք ազգը բաժանում են բազմաթիվ փոքր խմբերի եւ ջանք ու եռանդ չեն խնայում այդ խմբերն իրար դեմ հանելու եւ իրար հետ թշնամացնելու համար։ Նրանք պառակտում են ժողովրդին եւ շփոթեցնում են մարդկանց։ Պետք է առնվազն կույր եւ խուլ լինել` չտեսնելու համար, թե ինչպես են նրանք մոլախոտի պես աճում, եւ չլսելու, թե ինչպես են ամպագոռգոռ խոստումներով խաբում ժողովրդին։

Տարիներ շարունակ մենք տեսնում ենք, թե ի՞նչ է կատարվում ամեն անգամ, երբ մոտենում են, այսպես կոչված, ընտրությունները (տեղական ինքնակառավարման, ԱԺ-ի, նախագահական)։ Քաղաքական կուսակցություններն ակտիվանում են, լուրջ եւ ագրեսիվ կեցվածք են ընդունում, կատաղած կենդանիների նման հարձակվում են իրար վրա, քննադատում եւ հայհոյում են իրար։ Կարմրատակած դեմքերով ամեն կերպ աշխատում են, ուրիշներին փնովելով` արդարացնել իրենց գոյությունը։ Խաբեությամբ եւ շողոքորթությամբ իրենց շարքերն են ընդունում բազմաթիվ հայտնի ազգային գործիչների (գիտնականների, արվեստագետների, մարզիկների եւ այլոց)` խոստանալով նրանց ամեն տեսակ աներեւակայելի բաներ, որպեսզի ավելի ազդեցիկ եւ վառ տպավորություն թողնեն ընտրողների վրա։ Այս ամենը շատ զզվելի է…

Ի՞նչ են արել քաղաքական կուսակցություններն իրենց գոյության ընթացքում ազգի եւ պետության բարօրության եւ զարգացման համար։ Ոչինչ, ոչինչ էլ չեն արել։

Ինչ որ արվել է, արվել է միայն շարքային քաղաքացիների արդար աշխատանքով, ազգի լավագույն ներկայացուցիչների շնորհիվ։ Իսկ նրանք` այդ կուսակցությունները, շահագործել են ժողովրդի ցանկություններն ու աշխատանքը։ Ի՞նչ են անում քաղաքական կուսակցությունները։ Նրանք պարզապես խաղում են։ Նրանք երկիրը դարձրել են մի մեծ խաղադաշտ եւ տարբեր թիմեր կազմած` խաղում են այդ խաղադաշտում։ Դա նրանց ամենասիրած եւ միակ զբաղմունքն է։

Թիմերը հիմնականում երկուսն են. մի կողմից` իշխանական, մյուս կողմից` ընդդիմադիր։

Իսկ ժողովուրդը տրիբունաներում նստած հանդես է գալիս դիտորդի եւ մրցավարի կարգավիճակում։

Սակայն, ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր թիմային խաղերի, որոնց խաղի կանոնները գրվում եւ մշակվում են համապատասխան բարձրակարգ մասնագետների կողմից, այստեղ խաղի կանոններն առաջադրում են հենց իրենք` խաղի մասնակիցները, ավելի ճիշտ, հիմնականում իշխող թիմը, իսկ հանդիսատեսը եւ մրցավարները, այսինքն` ժողովուրդը, այդ կանոններից բոլորովին անտեղյակ է, ուստի չի կարող որեւէ ճիշտ կամ սխալ գնահատական տալ խաղի ընթացքին եւ արդյունքներին (որոնք չկան եւ չեն էլ կարող լինել)։ Այդ խաղը շատ զավեշտական խաղ է եւ կոչվում է` «պայքար իշխանության եւ անձնական բարօրության համար»։ Սա ուղղակի նողկալի է…

Մեր գեղեցիկ երկիրը խաղադաշտ չէ՛, եւ մեր կյանքը եւ մեր երեխաների ապագան ամենեւին էլ խաղ չէ՛։ Իսկ եթե նրանք (քաղաքական կուսակցությունները) շատ են ցանկանում խաղալ, ապա թող գնան մի ուրիշ տեղ իրենց համար որեւէ կեղտափոս գտնեն, եւ որքան ուզում են` թող իրար վրա կեղտ թափեն։ Հեռո՜ւ Հայաստան աշխարհից եւ հայ ազգից։

Որքան էլ որ զավեշտական թվա, սակայն թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը գոհ են այդ խաղից, նրանք բավականություն են ստանում ոչ թե խաղի արդյունքից, այլ խաղի ընթացքից։ Նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում խաղի արդյունքը։ Կարեւորը խաղալն է, միշտ խաղադաշտում գտնվելը։ Որովհետեւ, երբ խաղն ունենում է որեւէ վերջնական արդյունք, ապա այն ավարտվում է, եւ խաղացողները հեռանում են խաղադաշտից։ Իսկ նրանք` քաղաքական կուսակցությունները, չեն ուզում հեռանալ խաղադաշտից եւ, հետեւաբար, որքան հնարավոր է` երկարաձգում են խաղը, որովհետեւ քանի դեռ շարունակվում է խաղը, ժամանակն անցնում է, իսկ այդ ժամանակն աշխատում է նրանց անձնական բարօրության եւ հարստացման օգտին։ Այդ խաղի միակ նպատակն իշխանությունների համար` ամեն գնով պահպանել իշխանությունն ու իրենց հարստությունը, իսկ ընդդիմության համար` ամեն գնով ձեռք բերել իշխանությունը եւ հարստանալ։ Իսկ ազգը եւ պետությունը նրանց համար միայն գործիք են` իրենց նպատակին հասնելու համար, եւ ուրիշ ոչինչ։ Եվ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ նրանց համախոհները, բոլորն էլ խոսում են ազգի եւ պետության անունից, հավաստիացնում են, համոզում են, վախեցնում են, հորդորում են, խոստանում են։ Նրանք բոլորն էլ միաբերան աղաղակում են այն մասին, որ տեղի են ունենում կեղծիքներ, խարդախություններ, անարդարություն, եւ, որ անհրաժեշտ է պայքարել դրանց դեմ։ Նրանցից յուրաքանչյուրը կոկորդ պատռելով` աշխատում է համոզել ժողովրդին, որ ինքն այն միակ ուժն է, որը կարող է արդյունավետ պայքարել բոլոր անարդարությունների, կեղծիքների, խարդախությունների դեմ, վերացնել կաշառակերությունը, կատարել բարեփոխումներ մեր կյանքի բոլոր ոլորտներում եւ կառուցել իրավական եւ ժողովրդական պետություն։ Իսկ ո՞վ է կատարում այդ բոլոր անարդարությունները, կեղծիքներն ու խարդախությունները։ Ո՞վ է զբաղվում կաշառակերությամբ։ Մի՞թե այդ բոլորն անում է շարքային քաղաքացին ու ընտրողը։ Իհարկե ո՛չ։ Այդ բոլորը նրանց` կուսակցությունների լկտի ու անբարոյական արարքներն են։ Եվ, ինչպես ցույց են տալիս փորձն ու ժամանակը, ժողովրդին տված նրանց բոլոր խոստումները միայն խաբեություն են, առանց խաբելու նրանք ուղղակի չեն կարող գոյություն ունենալ։

Քանի դեռ մենք չենք հասկացել կամ չենք ուզում հասկանալ այս պարզ ճշմարտությունը, մեր զրկանքներն ու թշվառությունը դեռ շատ երկար ժամանակ կշարունակվեն։

Մեր այսօրվա փոքրատարածք Հայաստանին եւ փոքրաթիվ հայ ազգին ոչ մի տեսակ պառակտիչ, հակաազգային եւ հակապետական քաղաքական կուսակցություններ պետք չեն (ոչ հին եւ ոչ էլ նոր)։

Կա Հայկական պետությունը, կա հայ ազգը` աշխատասեր, իմաստուն, ստեղծագործող։ Ուրեմն կլինի եւ արժանի, արդար իշխանություն, որն իսկապես կհոգա ազգի եւ պետության բարօրության համար։ Կառուցենք մեր իրոք ժողովրդավարական ամուր պետությունը ազգովի։ Կան մեթոդներ եւ միջոցներ, կա գործող Սահմանադրություն, որտեղ համապատասխան փոփոխություններ կատարելով` կարելի է, առանց որեւէ քաղաքական կուսակցության, կառուցել իրոք ժողովրդավարական, իրավական, ազգային ամուր պետություն։ Դրա համար հարկավոր է ցանկություն եւ հավատ։

Սթափվենք, լինենք ողջամիտ եւ արդար` հանուն մեր գալիք սերունդների եւ մեր ազգի ու պետության կայուն եւ արժանավայել կյանքի։