Քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Արարատի մարզի Այնթապ եւ Հայանիստ գյուղեր, ինչպես նաեւ` Մասիս, Արարատ, Վեդի քաղաքներ: Անդրադառնալով ընտրապայքարի ընթացքին, Ս. Սարգսյանն ասել է. «Այնպես պիտի անենք, որ թշնամությունն ու չկամությունը չավելանա։ Առանց բազմակարծության ու պայքարի չի կարող կայանալ նորմալ հասարակություն»: Նաեւ ներկայացրել է ՀՀԿ կատարած աշխատանքներն ու այն ծրագիրը, որ պատրաստվում է իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում: «Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ նախկինում մեզ աջակցել եք ձեր քվեներով, եւ կոչ եմ անում` առաջիկայում էլ լինեք մեր կողքին, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այն ծրագրերը, որ դրել ենք մեր առաջ»,- ասել է նա: Ս. Սարգսյանն ընտրողներին կոչ է արել ակտիվություն դրսեւորել առաջիկա ընտրություններին` ասելով. «Թող բոլորը հիշեն, որ մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը: Ուրեմն` պետք է բարձր գիտակցությամբ գնալ ու մասնակցել ընտրություններին, մենք պետք է կազմավորենք այնպիսի խորհրդարան, որը կկարողանա իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք մենք մեր առջեւ դրել ենք: Մայիսի 6-ից հետո թշնամություն չպետք է լինի մարդկանց մեջ»: Ս. Սարգսյանի խոսքով` ՀՀԿ-ն վերջին տարիների ընթացքում ջանքեր է ձեռնարկել, որպեսզի երկրում ստեղծի համերաշխության եւ համագործակցության մթնոլորտ, որպեսզի բացառվի անհանդուրժողականությունը, քանի որ ձախորդությունների եւ շատ չարիքների պատճառը հենց դա էր: «Այս ընտրությունները պետք է դառնան ամենաօրինակելին, պետք է փոխվի հասարակության վերաբերմունքը ընտրությունների հանդեպ: Ընտրությունները շատ կարեւոր են, բայց դրանք նպատակ չեն, այլ ընդամենը միջոց` ազգային շահերը հետապնդելու համար»,- հայտարարել է նա: «Քեզնից է սկսվում նոր Հայաստանը, որը նույն հին Հայաստանն է, բայց նորացված եւ երիտասարդացված, ժամանակակից եւ զարգացող, որտեղ քաղաքացիները կունենան հավասար իրավունքներ եւ հնարավորություններ, ապրելու են եւ աշխատելու են մրցակցային դաշտում: Սա մենք խոստանում ենք ոչ թե անորոշ ապագայում, այլ հիմա»,- դիմելով Վեդիի բնակիչներին` ասել է նա: Այնթապ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ էլ Ս. Սարգսյանը հայտարարել է, թե կյանքի որակով գյուղը չպետք է տարբերվի քաղաքից. «Տարբերությունը շատ քիչ պիտի լինի գյուղի եւ քաղաքի միջեւ։ Գյուղը պիտի ունենա հասանելի, որակյալ ծառայություններ։ Ձեզ համար խնդիր չպիտի լինի ձեր երեխաների ուսումը։ Ամեն ինչը չէ, որ մեզ հաջողվեց անել` պիտի խոստովանենք, բայց մի բան ակնհայտ է. մենք փորձել ենք դա անել, իսկ եթե չի հաջողվել, դա մեզ չի վհատեցնում։ Ընդհակառակը, ավելի ակտիվ աշխատանք պիտի ծավալենք»: Իսկ Ավշար գյուղական համայնքում` դիմելով հավաքվածներին, Ս. Սարգսյանն ասել է. «Ընտրությունները շատ կարեւոր են մեզ համար, որպեսզի մեր տեղը հաստատենք աշխարհի առաջատար երկրների շարքում: Կարեւոր է նաեւ, որ ժողովուրդը չկշտամբի, որպեսզի այն ուժը, որը ստանալու է առավելագույն քվեն, կարողանա վստահ լինել, որ իր առաջարկած ծրագիրը կամ իր անցած ճանապարհն է հիմք հանդիսացել մարդկանց համար, որպեսզի քվեարկեն»: Նրա խոսքով` եթե ՀՀԿ-ն 2007թ. «չստանար ժողովրդի վստահությունը եւ չստանար մեծամասնության քվեն», ապա դժվար է ասել, թե ինչպիսի տրամադրությամբ կգնար նախագահական ընտրություններին եւ ինչպես կբանակցեր ԼՂՀ հիմնախնդրի շուրջ: «Ես ինձ մի քիչ թույլ կզգայի, լեզուս կարճ կլիներ, բայց շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ հնարավորություն ընձեռեց, ու ես էլ արտաքին քաղաքականության բնագավառում նրա վստահությունը կարողացա արդարացնել, նույնը վերաբերում է նաեւ ներքին քաղաքականությանը»,- ասել է նա: «Ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ զգույշ լինել եւ տեսնել, թե ովքեր են խոստում տվողները, ինչպիսի ճանապարհ են անցել եւ ինչպիսին են կենցաղում, ինչպիսին է նրանց միջավայրը…: Մեր կուսակցությունը միշտ ձեր աչքի աոջեւ է եղել»: Ի դեպ, Ավշար գյուղում Ս. Սարգսյանը կոչ է արել քվեարկել թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՅԴ-ական Արայիկ Գրիգորյանի օգտին` ասելով. «Տարօրինակ երեւույթ խնդրում եմ չընդունել, գիտեք, մենք հանդուրժողականության եւ քաղաքակիրթ երկխոսության կողմնակից ենք եւ շատ կարեւոր խնդիրներ փորձում ենք լուծել` միավորելով շատերի ջանքերը։ Եթե Արայիկը հանրապետական չէ, դա ոչինչ չի նշանակում»: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել է նաեւ կոալիցիայի ներկայացուցիչ, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը: