Քաղաքակա՞ն, թե՞ խանդի հողի վրա

14/04/2012

Երեկվանից հանրապետությունում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյայի փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունն է: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին պետք է տեղի ունենար վերջինիս եւ Գյումրիի քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը: Նույն օրն առավոտյան Կ. Եսայանը դուրս էր եկել տնից, ինչպես նրա ծնողներն էին փոխանցել Ոստիկանությանը` ավտոմեքենան լվանալու համար: «Ապրիլի 12-ին, ժամը 17:00-ին Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Ռ. Եսայանը եւ հայտնել, որ որդին` 1985թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը ժամը 09:00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան եւ անհայտ կորել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` նույն օրը ժամը 20:10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարեւանությամբ` «Սեւ Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել է հիշյալ ավտոմեքենան, ղեկի մոտ` Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքերով»,- ասված է ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է նաեւ, որ փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 13-ին, ժամը 00:50-ին Գյումրիի Գ. Նդժեհի փողոցի թիվ 7 շենքի մոտ «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել այս սպանության գործով քննչական խմբի անդամ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, Ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Բեյբությանին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Հիշյալ ավտոմեքենայի վարորդ 1989թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը բերման է ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի

2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով, եւ կատարվում է նախաքննություն: Ի դեպ, Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանը Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ հիշյալ երկու դեպքերը մեկը մյուսով պայմանավորված չեն եւ առհասարակ որեւէ կապ չունեն իրար հետ: Քննչականի մարզային պետի փոխանցմամբ` ավագ քննիչի հետ կատարվածը փորձանք է: Երեկ ՀՀ Ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ Կ. Եսայանի սպանության գործով կա ձերբակալված: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ձերբակալվածը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանն է, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ ինքն այլ մանրամասներ այլեւս չի կարող հայտնել: Վերջինս չպատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյո՞ք ձերբակալությունը կատարվել է Բավրայի անցակետում, որտեղից այդ անձը պատրաստվում էր փախուստի դիմել: Բանն այն է, որ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` Կ. Եսայանին սպանողը եղել է Մարալիկի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը, ով սպանությունը կատարելուց հետո դիմել է փախուստի: Ըստ այդ լուրերի` Կ. Եսայանը, Հ. Սարգսյանն ու քաղաքապետի աղջիկը համադասարանցիներ են եղել, եւ երկու տղաներն էլ սիրահարված էին քաղաքապետի աղջկան: Ավելին` նշյալ խոսակցությունների համաձայն` Հ. Սարգսյանն անգամ ամուսնության առաջարկություն էր արել քաղաքապետի աղջկան: Գյումրիի բնակիչների փոխանցմամբ` Կ. Եսայանի ընտանիքը բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղից վերադարձել էր շաբաթներ առաջ` հատուկ նշանադրության արարողության համար: Նշում են նաեւ, որ Կ. Եսայանի կնքահայրը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանի հայրն է: Եվ չնայած այն հանգամանքին, որ Գյումրիի բնակիչները կատարված սպանությունը բնութագրում են` որպես խանդի հողի վրա կատարված ողբերգություն, երեկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի շարք լրատվամիջոցներում հերքել է այդ վարկածը` նշելով, որ սպանությունը կատարվել է քաղաքական դրդապատճառներով, եւ, որ ձերբակալվածները եղել են ԲՀԿ «կարկառուն» ներկայացուցիչներ: Ի դեպ, նշենք, որ երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Վ. Ղուկասյանից, ով, սակայն, նշեց, թե հեռախոսով լրագրողների հետ չի խոսում, իսկ այնուհետ անջատեց հեռախոսը: Երեկ երեկոյան քաղաքապետի նշյալ հայտարարության մասին փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանից: Վերջինս նշեց, որ ինքն այդ պահին զբաղված է, եւ ավելի ճիշտ կլինի այդ հարցերն ուղղենք ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանին, ով, սակայն, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Մեր հավաստի աղբյուրների համաձայն` երեկ երեկոյան հայտնի է դարձել ձերբակալվածի ինքնությունը, համաձայն որի` ձերբակալվածը Մարալիկի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է` Հարություն Սարգսյանը: Ի դեպ, նշենք, որ կատարված սպանությանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: «Քաղաքական ենթատեքստ չկա, ես պնդում եմ: Ավելին, կասեմ, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, եւ այդ հանցագործությունը բացառություն չէ: Այն մոտ ժամանակահատվածում կբացահայտվի»,- հայտարարել է Վ. Գասպարյանը: Վերջինս նշել է նաեւ, որ կասկածյալների անուններ հրապարակելն օրենքի շրջանակներից դուրս է, եւ բացի այդ` նպատակահարմար չէ: «Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ մանավանդ տաք քննության ժամանակ անունների հրապարակումը կարող է խանգարել գործին: Անուններ հայտարարելն օրենքով նախատեսված չէ եւ նպատակահարմար չէ: Բայց եւս մեկ անգամ հայտնում եմ, որ սա բացահայտվող սպանություն է»,- հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: