«Ես գիտեմ» ակցիային մենք արդեն հասցրել ենք մի քանի անգամ անդրադառնալ։ Երկու փուլով անցկացված տեղեկատվական այս արշավի նպատակը բնակչությանը կառավարության իրականացրած բարեփոխումներին ծանոթացնելն էր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու օր առաջ կառավարության անդամների դատին է ներկայացրել մոնիտորինգի արդյունքներ` «ինչ հաջողություն ունենք, ինչ ենք մենք ստանում` բարեփոխումներ իրականացնելով այս կամ այն բնագավառում» թեմայով։ «Ինչ եմ ցանկանում շեշտադրել, հարգելի գործընկերներ։ Մենք անցկացրեցինք մի մեծ քարոզարշավ իրականացված բարեփոխումների վերաբերյալ։ Նպատակ էր դրված, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա իր իրավունքների մասին, որպեսզի շփվելով պետական տարբեր ծառայություններ մատուցող մարմինների հետ` նա կարողանա պաշտպանել իր իրավունքները։ «Ես գիտեմ» ակցիան գրանցել է բավական դրական արդյունքներ։ Մեր քաղաքացիները, տեղեկացված լինելով բարեփոխումների մասին, կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները պետական մարմիններում։ Դեռեւս մեծ ժամանակ չի անցել, ինչ այս բարեփոխումները սկսել ենք իրականացնել, բայց արդեն իսկ տեսնում ենք, որ դրական եւ շոշափելի արդյունքներ ունենք, եւ, ամենակարեւորը, մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ովքեր օգտվում են մատուցվող ծառայություններից, համարում են, որ արդյունքները շոշափելի են եւ տեսանելի»,- ասել էր վարչապետը։
Վարչապետի խոսքերից ստացվում է, որ պետական մարմինները հակված են ազգաբնակչությանը խաբելու։ Ասենք, կարող են անտեղյակ մարդուց վարորդական իրավունք ստանալու համար «պսիխո» ուզել, հետո որոշակի «մաղարիչի» դիմաց ասել՝ լավ, պետք չէ, մի բան կանենք։ Ու քանի որ չինովնիկական ապարատում տարածված ստախոսությունն արմատախիլ անել հնարավոր չէ, կառավարությունը որոշել է գնալ հակառակ ծայրից՝ նախապատրաստել քաղաքացիներին։ Այսինքն՝ պատվաստել ստախոսության դեմ։ Դա էլ է տարբերակ։
Վարչապետի ներկայացրած հաշվետվության մեջ ներառվել են 6 բնագավառներում իրականացված բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների ընկալումները։ Տ. Սարգսյանի խոսքերով, ամենադրական ցուցանիշն արձանագրվել է ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի պարզեցման բնագավառում։ «90.7 տոկոսը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից, որ տեխզննման գործընթացն էապես պարզեցվել է»,- նշել է վարչապետը։ Տեխզննման կտրոնների վերաբերյալ նշենք, որ քաղաքացու գործը մի քիչ հեշտացել է։ Տեխզննման կտրոնը բանկից ստանալով՝ քաղաքացին կարող է առանց տեխզննման կայան այցելելու` այն փակցնել դիմապակուն։ Մեծ մասն այդպես էլ անում է, որովհետեւ հայաստանյան վարորդի համար «տեխզննում» անցնելու նպատակը ոչ թե մեքենայի սարքին լինելը ստուգելն է, այլ տուգանքից խուսափելը։ Այսինքն, մյուս կողմից, սա անուղղակիորեն ցույց է տալիս, որ պետության համար էլ առաջին հերթին տեխզննման պրոցեսի արդյունքում գանձվող գումարն է։
Վարչապետը երկրորդ տեղում նշել է մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը. հարցվածների 87.5 տոկոսը գոհ է։ Երրորդ տեղում նոտարական գրասենյակներում ծառայությունների սակագների հստակեցման եւ նաեւ վերահսկման գործընթացն է, որից գոհ է օգտվողների 84.4 տոկոսը։ Չորրորդ տեղում վարորդական վկայականների տրամադրման գործընթացն է (վարորդական վկայականը կարելի է ստանալ` կատարելով մեկ օրինական վճարում եւ հանձնելով մեկ քննություն), հինգերորդ տեղում՝ կադաստրում անշարժ գույքի առքուվաճառքի եւ վարձակալության ժամանակ չափագրման պարտադիր պայմանի վերացումը։
Սրանք փոքր քայլեր են, որոնց իրականացումը պետությունից ահռելի միջոցներ ու ժամանակ չի խլել։ Ինչեւէ, մարդիկ գոհ են։ Սակայն այդ բարեփոխումների վրա չափից ավելի կենտրոնանալն ու դրանց արժեքը գերագնահատելն արդեն այլ հարցեր է առաջացնում։
Փորձենք հասկանալ՝ ինչ է անում կառավարությունը։ Առաջին, իրականացնում է որոշակի բարեփոխումներ, ավելի ճիշտ կլինի ասել՝ փոքրիկ դրական քայլեր։ Երկրորդ, անցկացնում է լայնածավալ քարոզարշավ՝ հասարակությանը այդ բարեփոխումներին ծանոթացնելու համար։ Երրորդ, անցկացնում է հարցում, որպեսզի տեսնի, թե հանրությունը որքանո՞վ է տեղյակ այդ բարեփոխումներին եւ որքանո՞վ է գոհ։ Եվ, վերջապես, 4-րդ՝ հրապարակում է այդ ուսումնասիրության արդյունքները, որտեղից, բնականաբար, երեւում է, որ ժողովուրդը տեղյակ է եւ գոհ է բարեփոխումների արդյունքներից։ Հետեւաբար՝ գոհ է նաեւ գործող իշխանությունից։ Հետեւաբար՝ ոչ ոք թող չզարմանա, որ ընտրությունների ժամանակ իր ձայնը տալու է գործող իշխանությանը, որն այսպիսի լուրջ բարեփոխումներ է կատարում։
Այսինքն՝ այս ամբողջ ակցիան եւ դրա նպատակը ոչ այնքան հանրությանը իրազեկելն էր, այլ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո «ապացույցների բազա» ստեղծելը։
Այս ֆոնին ամենեւին զարմանալի չէ, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն իր կուսակից ընկերներին խորհուրդ է տալիս չգնալ այս օրերին առաջարկվող քաղաքական բանավեճերին, քանի որ կարծում է` ՀՀԿ-ն բանավիճելու խնդիր չունի։ «Սովորաբար բանավիճում են նրանք, որոնք որոշակիորեն հավասարաչափ ձայների քանակ ունեն եւ փորձում են բանավիճել, որպեսզի կարողանան ավելի արձանագրել իրենց քաղաքական գործունեության արդյունքները»,- ասել է Գ. Սահակյանը` ավելացնելով, որ այսօր ոչ թե բանավիճելու ժամանակաշրջան է, այլ ընդամենն անհրաժեշտ է ժողովրդի հետ շատ հաղորդակցվել։ «Իսկ բանավիճել, մանավանդ, երբ մի դաշտում թույլն է նստում, մի դաշտում` հզորը, սրանից ես որեւէ բան չեմ ակնկալում»:
Ասել է թե՝ ի՞նչ գործ ունենք առանձին քաղաքական ուժերի հետ, մենք շփվում ենք անմիջապես ժողովրդի հետ։ Ժողովուրդն էլ մեզանից գոհ է, ինչի մասին վկայում է կառավարության հաշվետվությունը։ Ովքեր էլ չեն հավատում, կհամոզվեն, երբ կհրապարակվեն ընտրությունների արդյունքները։ Հետո, իհարկե, կասեն` «Ես գիտեի, որ ամեն ինչ այսպես էլ լինելու է», սակայն դրանից ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը դժվար թե փոխվի։