Հավատում է ԲՀԿ-ին

14/04/2012

«ՀՀ ապագա ԱԺ-ի խնդիրը պետք է լինի օրենքի հավասարության կիրարկում ապահովելը»,- երեկ հայտարարել է թիվ 8 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը: «Այսօր, ով խախտումներ անելու հնարավորություն ունի, խախտում է օրենքը: Ոմանք անգամ ճամփեզրին չարտոնված հանրահավաքներ են անում, ՀՀԿ-ն հաճախ ճանապարհներ ու խաչմերուկներ է փակում, բայց ակնհայտ է, որ երբ ՀԱԿ-ն է փորձում նման կերպ վարվել, մի շարք խնդիրների է բախվում»,- նշել է նա` հավելելով, թե ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք շահագրգիռ են երկրում ազատ ու արդար ընտրությունների կայացման հարցում: «Դրա վկայությունն է հանրային վերահսկողության միասնական շտաբի մասին հայտարարությունը: Ինչպես հայտնի է, այն ստորագրել է նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն, որը, փաստորեն, իր այս քայլով հայտ է ներկայացրել, թե ՀՀԿ-ն պատրաստ չէ նորմալ ընտրություններ անցկացնել: Միաժամանակ, խոսակցություններ կան, թե ՀԱԿ-ը տարբեր ուժերի հետ տարբեր պայմանավորվածություններ ունի, սակայն լուրջ մարդիկ չեն հավատում դրանց: Մենք ուղղակի ձգտում ենք իշխանափոխության. իշխանության գալը մեզ համար գերնպատակ չէ»: