Օսկանյանի հետքերով

14/04/2012

«Ներկայիս կառավարությունը վարում է սխալ տնտեսական քաղաքականություն: Պետք են համակարգային փոփոխություններ: Այն տնտեսական քաղաքականությունը, որ իրականացվում է վերջին 4-5 տարում, երկիրը միայն հետ տարավ եւ ոչ մի քայլ առաջ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է վերջերս ԲՀԿ-ին անդամակցած պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «2-3 անգամ ավելացավ արտաքին պարտքը: Քանի՞ նոր տեսակ արտադրանք գիտեք, որ կարող է մրցունակ լինել միջազգային շուկայում»,- ասել է նա` հավելելով, որ վերջին 2-3 տարվա մեջ նմանատիպ որեւէ արտադրանք ՀՀ-ում չի ստեղծվել: «Մարդը պետք է արժանավայել ապրի, իսկ ներկայումս պարտքով է ապրում, երկիրն է պարտքով ապրում»,- կարծում է Խաչատրյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր իսկ ձեւակերպմամբ սխալ քաղաքականության համար պատասխանատու է նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն, որին անդամագրվել է Լ.Խաչատրյանը, վերջինս պատասխանել է. «Կոալիցիայում ուժի անդամությունը դեռեւս չի նշանակում, որ կոալիցիայի տնտեսական քաղաքականությունը որոշում է կոալիցիայի այդ անդամը: Ես կարծում եմ, որ ապագայում այն կուսակցությունը, որ մեծամասնություն կձեւավորի, եւ նրան կմիանա որեւէ այլ կուսակցություն եւ կկազմի կոալիցիա, ուրեմն այս միացող կուսակցությունը ոչ թե կուսակցություն կարելի է համարել այլ բիզնես-ծրագիր: Եթե կուսակցությունը մեծամասնություն է ձեւավորում, ապա նա որեւէ մեկի կարիքը չունի, իսկ եթե որեւէ մեկը միանում է նրան, ապա նա պարզապես միանում է կերակրատաշտակին»: Ըստ նրա, եթե մեկ կուսակցություն ստանում է բացարձակ մեծամասնություն, մնացած բոլոր կուսակցությունները պարտավոր են դառնալ առողջ ընդդիմություն: Հարցին` արդյո՞ք դա նշանակում է, որ գործող կոալիցիայի ստեղծումը սխալ էր, Լ. Խաչատրյանը պատասխանել է, որ մեկ կամ երկու ուժ կարող են կազմել կոալիցիա, բայց 3,4, առավել եւս` 5 ուժերի միացումը դա պարզապես «կառմուշկին մոտ գտնվել է»: «Ի՞նչ է, ամբողջ խորհրդարանով դառնանք կոալիցիա: Այսքան ուտելու բան էլ չկա այս երկրում: Ես գտնում եմ, որ հիմա պետք է լիներ մեկ ուժ, որը վերցրել էր մեծամասնության վստահությունը, իսկ մնացածը պետք է լիներ առողջ ընդդիմություն: Միայն այդ դեպքում կարելի է զարգացնել նորմալ տնտեսություն, երկիր կառուցել»,- ասել է նա: Ի դեպ, տպավորություն է ստեղծվում, որ վերջերս ԲՀԿ-ին անդամակցած գործիչների առջեւ պայման է դրվել` քննադատել իշխող կոալիցիային` շրջանցելով ԲՀԿ-ի «մասը»: Այդպես վարվում է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որի ամեն նման ելույթից հետո որեւէ ԲՀԿ-ական հայտարարում է, թե դա նրա անձնական տեսակետն է: Մնում է սպասել, թե երբ է նմանատիպ հերքում հնչելու Լ. Խաչատրյանի ասածների վերաբերյալ: