«Այս պահի դրությամբ՝ պատերազմի հավանականություն չկա»,- ասում է ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը

14/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Եթե գեթ մի վայրկյան հակառակորդը զգա, որ ԼՂՀ խնդիրը կարող է լուծել ռազմական ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես լինելու է: Ադրբեջանին զսպող միակ ուժը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբն է (իհարկե, չեմ ուզում նվաստացնել համանախագահող երկրների ներկայացուցիչների կատարած աշխատանքը), այլ` Պաշտպանության բանակն է եւ այն զինվորը, ով այսօր կանգնած է սահմանին»,- Հայաստանից ԼՂՀ ժամանած լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մ. Հակոբյանը: Նրա խոսքով` առաջնագծում տիրող այսօրվա վիճակը ոչնչով չի զիջում ռազմական գործողությունների ժամանակվա ակտիվությանը. «Իհարկե, այն ժամանակ ակտիվ գործողությունները եղել էին այնպիսին, որ մենք կարողացել ենք հարձակվել, օգտագործել ենք նաեւ ծանր հրետանի: Դա այսօր, այս պահին բացառված է, բայց կրակային տեսակետից ակտիվությունը մի քանի անգամ գերազանցում է պատերազմի որոշ ժամանակաընթացքներին: Օրինակ, այսօր (ապրիլի 11-ին.- Մ.Մ.) հրադադարի ռեժիմը խախտվել է 51 անգամ, եւ դա շարունակական է: Ադրբեջանի Զինված ուժերն անցած տարվա համեմատ խախտել են զինադադարի ռեժիմն այնքան, ինչքան այս երեք ամսվա ընթացքում: 2011թ. ուղիղ 3 անգամ ավելի է կրակել, քան 2010թ., եւ սա շարունակական է: Սա հետապնդում է մի քանի նպատակ. առաջին` փորձում է վնաս պատճառել Արցախի Զինված ուժերին, եւ ասեմ, որ այդ կրակոցների մեծամասնությունը շատ լավ դիպուկահար զենքերից են, որոնք նաեւ արդիական զենքեր են աշխարհում: Այդ զենքի դիպուկ կրակոցներից, ինչպես գիտեք, անցյալ տարի 11 զոհ ենք ունեցել: Մեր զինվորները զոհվել են մարտական խնդիր կատարելուց, եւ բոլոր զոհված տղաների մահացու վիրավորվածությունը եղել է գլխի շրջանում: Երկրորդ նպատակը` իրենց զորքերի վարժվածության բարձրացումն է, եւ որպես Ադրբեջանի Զինված ուժեր` հիմնականում իրենց զորքի մարտական ոգին բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ են կատարում: Իհարկե, դրան համապատասխան` Պաշտպանության բանակը եւս իրականացնում է միջոցառումներ, եւ Ադրբեջանի կայքերից դուք տեղեկացած կլինեք, թե մենք ինչպիսի պատժիչ գործողություններ ենք իրականացնում այդ ուղղությամբ, եւ որեւէ մի դեպք չենք թողնում անպատժելի, որովհետեւ գտնում ենք, որ երբեւիցե չպետք է թույլատրենք, որ Ադրբեջանի Զինված ուժերը կարողանան գերիշխել առաջնագծում»,- ասաց Մովսես Հակոբյանը: Ըստ նրա` Ադրբեջանն անընդհատ սարդանքների է գնում ԼՂՀ խնդիրը ռազմական գործողություններով վերսկսման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, ինչին Պաշտպանության բանակը համարժեք պատասխաններ է տալիս: ՊՆ նախարարը պատասխանել է նաեւ «168 Ժամի» հարցերին.

– Ձեր ելույթում նշեցիք, որ նախորդ տարի առաջնագծում ունեցել ենք 11 զոհ, բայց միեւնույն ժամանակ վերջին տարվա ընթացքում քիչ չեն եղել նաեւ բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների, սպանությունների դեպքերը, ինչպես, օրինակ, «Եղնիկներ» կոչվող զորամասում, Մարտակերտում: Ինչպե՞ս կբացատրեք բանակում տեղի ունեցող ինքնասպանության դեպքերը:

– Ինքնասպանության դեպքերը մեր ցավագին տեղն է, եւ, ցավոք, մենք այդպիսի դեպքեր ունենում ենք բանակում: Ինչ վերաբերում է այդ դեպքերի աճին, ապա կան թվային տվյալներ, կարող եք համեմատություններ անել նախորդ եւ այս տարիներին ունեցած տվյալների միջեւ: Որպես պաշտոնական անձ` ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ ստելը դժվար է, եւ ինձ համար գոնե անկարելի է: Վստահեցնում եմ` այն թվերը, որոնք հայտարարում ենք, համապատասխանում են իրականությանը: Հայտարարություն անելու ժամանակ գիտենք մեր ասած խոսքի արժեքը, եւ այն, թե հետագայում ինչպես է անդրադառնալու այն մեզ վրա: Բոլոր դեպքերում Ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ դեպք չի կարող կոծկվել բանակում: Դա անթույլատրելի է: Դա ոչ թե հասարակության, այլ մեր պահանջն է, մենք ենք այդպես ուզում, քանի որ հետագայում մենք ենք դրա պատասխանը տալու, աշխատանքը դժվարանալու է մեզ համար, այլ ոչ թե որեւէ մեկի համար: Բանակն այնպիսի մի համակարգ է, որտեղ բոլոր դեպքերը հիմնականում բացահայտվում են մեկ-երկու ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, որովհետեւ կազմակերպվածության, ինֆորմացիայի հավաքագրման տեսակետից դյուրին է հասարակության համար: Եվ այդ տեսակետից քննչական մարմինները բավական հեշտ են աշխատում բանակում: Նախաքննության ձգձգվածությունը, երկարացումը կապված է դատաբժշկական փորձաքննությունների հետ: Մի՛ տրամադրվեք, որ որեւէ մեկը կարող է այդպես կոծկել կամ ծածկել դեպքերը: Ես ասացի, որ ինքնասպանությունների դեպքերի աճ չկա: Ուզում եմ դրա ծնող պատճառներն ասել` ըստ մեր քննությունների, թե որտեղի՞ց է առաջանում, եւ ի՞նչ ենք կատարում, որ դա վերանա: Հիմնականում դա (ինքնասպանություն.- Մ.Մ.) ընդհանուր երեւույթ է, որը հասարակության բոլոր տեղերում կատարվում է, եւ դա չի նշանակում, որ բանակը դրանից զերծ չպետք է մնա: Բանակը հասարակության մյուս մասը չէ: Բանակն այն տեղն է, որտեղ կա անընդհատ վերահսկողություն, կան ստուգումներ, որոշակի աշխատանք, որ մենք պետք է կատարենք այդ ուղղությամբ, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն: Բայց, ցավոք, այդպիսի դեպքեր տեղի են ունենում, եւ դրանց հիմնական ծնող պատճառներն ինքնասպանության գործոններ են: Հասարակության, այսօրվա երիտասարդների մեջ այսպիսի մի բան կա. սուտ ասելը երիտասարդների մեջ անընդունելի է: Եթե մի անգամ ինքը սուտ է ասել, եւ իր ընկերներն իմանում են այդ մասին, ապա ինքը դառնում է երկրորդ կարգի մարդ: Մենք դեռ չենք կարողանում գտնել այդ պահը եւ այդ մարդկանց բացատրել, որ դա այդպես չէ, եւ որ ամեն մի մարդ, ինչպես ասում է Հայ Առաքելական եկեղեցին, իրավունք ունի սխալվելու եւ ներվելու: Մենք դեռ բաց ունենք այստեղ եւ չենք կարողանում այդ թերությունը վերացնել զինծառայողների շրջանում:

– Եվ ինչպե՞ս պետք է վերացնեք այդ թերությունը:

– Պետք է զինվորներին բացատրենք, որ դա սխալ է: Երկրորդ պատճառն էլ այն է, որ զինծառայողն ընկնում է որոշակի պայմանների մեջ, եւ անթույլատրելի է համարում ծառայելն իր համար: Ինքը գտնում է, որ այդ պահին ավելի լավ է ինքնասպան լինի, քան այդ տանջանքները երկու տարի կրի: Սա անընդունելի է բանակում: Այսինքն` զուտ բացթողումների հետեւանք է, որ զինվորը գերադասում է ինքնասպան լինել, քան` ծառայել: Նրանք այն մարդիկ են, ովքեր թուլամորթ են եւ գնում են այդ գործողություններին, բայց նաեւ ունենք հանցանքների տարբեր տեսակներ, երբ նվաստացնողին են գնդակահարում, սպանում: Մենք ունենք նաեւ այդպիսի դեպքեր, ինչպես օրինակ, այս տարվա Մարտակերտի դեպքը, երբ զինվորն իր ընկերոջը «քֆուր» տալու համար գնդակահարեց: Զարմանալին այն է, որ այս բոլոր դեպքերը տեղի են ունենում այնպիսի կոլեկտիվում, որտեղ ամեն ինչ առողջ է: Չկա այն համակարգը, որ զինվորն անընդհատ ճնշված է: Մենք այդպիսի դեպքեր արդեն չունենք: Դա մենք արդեն շուտ ենք կարողանում հայտնաբերել: Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա (խոսքն ինքնասպանությունների մասին է.- Մ.Մ.) վերանա, եւ վերանալու է ոչ թե նրա համար, որ հասարակությունը մեզ քննադատում է, այլ նրա համար, որ մենք դա լրիվ ընկալում ենք ճիշտ: Անցած տարի «Եղնիկներում» կատարված դեպքի վերաբերյալ (երբ զինվորը հարվածել էր իր ընկերոջը, որը հետագայում մահացավ) նշեմ, որ այդ դեպքում նաեւ բժիշկներն էին սխալ թույլ տվել: Դա բավական հնչեղություն ունեցող դեպք էր: Այդ կոլեկտիվը մեր բանակի ամենալավ կոլեկտիվներից մեկն է: Այդ զինվորն ընդամենը մի հարված էր հասցրել, որը մահացու եղավ` բժիշկների սխալ բուժօգնության հետեւանքով, որոնք միգուցե փրկեին, եթե ճիշտ ախտորոշում տային: Մահը ցավալի է մեզ համար: Որպես Պաշտպանության նախարար` ինձ համար ցավալի էր այն, որ այդ գումարտակը միառժամանակ ոչ մարտունակ էր եղել: Ամեն մի դեպք, որ տեղի է ունենում ինչ-որ ստորաբաժանման մեջ, այդ ստորաբաժանումը միառժամանակ գտնվում է ոչ մարտունակ վիճակում: Առաջինը` կորցնելով իրենց ընկերոջը` կոտրվում է իրենց մարտական ոգին, երկրորդը` տարբեր քննչական գործողություններ կատարելու համար անձնակազմը որոշ ժամանակով կտրվում է ծառայությունից:

– Այս տարի, մասնավորապես, հունվար-փետրվար ամիսներին զինվորների շրջանում թոքաբորբի դեպքերի զգալի աճ է նկատվել: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում թոքաբորբի հետագա դեպքերը կանխելու ուղղությամբ:

– Ամեն մի թոքաբորբով հիվանդի ընդունելությունն ու առողջացման վերադարձը վերահսկում եմ: Այսինքն` այնպես չէ, որ ես տեղյակ չլինեմ, թե ինչքան թոքաբորբով դեպք է եղել: Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ թոքաբորբի դեպքերը բավական շատ են եղել, եւ հիմնականում դա վիրուսային թոքաբորբ է: Փորձեմ ոչ մասնագիտական ձեւով բացատրել. պարզվում է` թոքաբորբի 26 տեսակ կա, որից 14-ի դեմ պատվաստում անում ենք, որը լինում է մեր տարածաշրջանում: Այս թոքաբորբը, որ հայտնաբերել ենք, չգիտենք` ի՞նչ է, ի՞նչ վիրուս է, թոքաբորբի ի՞նչ տեսակ է: Այսօր համապատասխան լաբորատորիաներում կատարվում են հետազոտություններ, որպեսզի պարզենք, թե որոնք են դրա ծնող պատճառները, որպեսզի պատվաստումների ժամանակ նախատեսեն դա: Նախորդ տարի չենք ունեցել թոքաբորբի դեպքեր, կամ կարող է ամբողջ բանակում այդ դեպքերի թիվը եղել է 10-ը: Համեմատության համար նշեմ, որ 2001-2002թթ. մենք բանակից զորացրել ենք թոքախտով հիվանդ 300 հոգու, իսկ անցյալ տարի չենք զորացրել թոքախտով զինվորի: Այսօր մենք թոքախտով հիվանդ զինվոր չունենք, քանի որ դրա դեմ եւս կատարվում են պատվաստումներ, եւ ձեռնարկել ենք համապատասխան միջոցներ: Այս ընթացքում մենք անընդհատ փշերի վրա ենք եղել, եւ զինվորների մեծ մասը չգիտեր իր` թոքաբորբով հիվանդ լինելու մասին: Թոքաբորբը հայտնաբերում ենք հետազոտությունների ընթացքում: Մենք ունենք դեպք, երբ Մարտունու հոսպիտալում հայտնաբերել ենք թոքաբորբը, եւ լսելով դրա արագ զարգացման մասին` անմիջապես տեղափոխել ենք Ստեփանակերտ։ Մարտունուց Ստեփանակերտ երկու ժամ է, եւ այդ երկու ժամվա ընթացքում քիչ էր մնում կորցնեինք զինվորին. թոքաբորբն այդպիսի զարգացում ունի: Եթե զինվորը 37 աստիճան ջերմություն ունի, անմիջապես իզոլյացվում է եւ տարվում է հոսպիտալ: Մենք վերահսկողության տակ ենք պահում իրավիճակը:

– Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ` շատացել են նաեւ կարճատեւ պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսակցությունները: Հավանական համարո՞ւմ եք պատերազմի վերսկսումը:

– Այս պահի դրությամբ` պատերազմի հավանականություն չկա: Իրենք դեռեւս պատրաստ չեն պատերազմի: Ինչ ձեւի պատերազմ էլ լինի` մենք հաղթելու ենք: