Չի բացառում

12/04/2012

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում չի բացառել մայիսի 6-ի ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: «Ամեն ինչ էլ բացառված չէ: Հիմնական խնդիրը` մենք պետք է մեր մեջ թշնամիներ ման չգանք: Պետք է համախմբվածություն լինի, ընդհանուր բոլորը մտածեն երկրի հզորության, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար։ Հիմնական խնդիրն է սա: Որովհետեւ ամեն մեկը պայքարում է մեկը մյուսի դեմ` ցեխ շպրտի, մեկը մյուսի մասին բաներ ասի… Անձնականի մասին մտածողը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու»,- ասել է Գ. Ծառուկյանը: Անդրադառնալով ԲՀԿ-ին վերջերս անդամագրված ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պնդմանը, թե կոալիցիան ձեւական է եղել, ԲՀԿ նախագահն ասել է. «Կոալիցիան ձեւական չի եղել: Պարոն Օսկանյանը ասել էր, որ կոալիցիան ստեղծվում է այն ժամանակ, որ մեկ ուժը չի կարողանում 50+1 հավաքել, իսկ քանի որ ՀՀԿ-ն հավաքել է 50+1, եւ նա, ասենք թե, հրավիրել է 2-3 կուսակցությունների` միասնական աշխատելու, դրա համար է ինքը ասել»: Նաեւ հավելել է. «Թե չէ` այսօր լրագրողները տարբեր ձեւ են մեկնաբանում: Կարո՞ղ է Ծառուկյանը ձեւական մարդ է, ձեւական կոալիցիա լիներ…»: