«Հանրաքվեի արդյունքում «այո» քվեարկելու օգտին բաժանված ընտրակաշառքի դեպքերն, ի տարբերություն նախորդած ընտրությունների, որոշ չափով նվազել էին»,- հայտարարեց ընդդիմադիր կուսակցությունների՝ Հասարակական իրազեկման կենտրոնի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Բայց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե մեր իշխանությունները, ի վերջո, բռնել են օրինականության ուղին ու նոյեմբերի 27-ի հանրաքվեն անցկացրել օրինական ճանապարհով` Ս. Սաֆարյանը հավելեց. «Ըստ դիտորդների կողմից հայթայթված կոնֆիդենցիալ բնույթի տեղեկատվության` ընտրակաշառքի համար հատկացված գումարները յուրացվել էին հանրաքվեի կազմակերպիչների կողմից, քանի որ նրանք գերադասել էին արդյունք «ապահովելու» ավելի էժան ձեւը` լցոնումները»: Հասարակական իրազեկման կենտրոնը երեկ հրապարակել է իր զեկույցը, որտեղ մանրամասն ներկայացված են հանրաքվեի արդյունքում տեղ գտած բոլոր օրինախախտումները: Իսկ օրինախախտումների մասին փաստերը նրանք ստացել են հանրաքվեի օրը տեղամասային հանձնաժողովներում ունեցած իրենց դիտորդների կողմից: Սակայն հաշվի առնելով ընտրակեղծիքների զանգվածային եւ համատարած բնույթը, նաեւ այն, որ այդ ամենը կազմակերպվել ու հովանավորվել է իշխանությունների կողմից, ընդդիմությունն այս զեկույցը թարգմանելու եւ ուղարկելու են բոլոր միջազգային ու իրավապաշտպան կազմակերպություններին: