«Ժառանգություն» կուսակցությունը ձեռնպահ կմնա ընտրությունների ընթացքը վերահսկող Հանրային միասնական շտաբի աշխատանքներին մասնակցելուց, եթե դրա կազմավորման մասին հայտարարությունը չստորագրեն չորս քաղաքական ուժերի առաջնորդները:
Երեկ շտաբի կառուցվածքի հետ կապված քննարկման ժամանակ իրենց այս պայմանը նորից պնդեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ քննարկման կեսից հեռացավ:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Ժառանգություն», «Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Ռ.Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդան Օսկանյանը եւ Լեւոն Զուրաբյանը ստորագրեցին ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական շտաբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ստորագրելուց հետո «Ժառանգության» տարբեր ներկայացուցիչներ սկսեցին հայտարարել, թե իրենք կմիանան այդ շտաբի աշխատանքներին, եթե կատարվեն իրենց երկու պայմանները` համաձայնագիրը ստորագրեն 4 քաղաքական ուժերի առաջին դեմքերը, եւ շտաբի քննարկման առարկա լինի նաեւ այս օրերին բարեգործության անվան տակ մի քանի կուսակցությունների կողմից բաժանվող ընտրակաշառքն ու այլ ընտրախախտումները: Երկրորդ պայմանը, այսպես թե այնպես, շտաբի քննարկման առարկա լինելու է, եւ շտաբը հենց այդ նպատակով էլ ստեղծվել է: Իսկ ինչ վերաբերում է առաջին դեմքերի ստորագրությանը, ապա դրա անհրաժեշտությունը չէին կարողանում հասկանալ երեկվա քննարկման մյուս երեք ուժերը ներկայացնող գործիչները: Հատկապես, որ արդեն ստորագրել են այդ համաձայնագիրը, ու այդ համաձայնագիրը ստորագրելու եւ շտաբի ստեղծմանը մասնակցելու համար իրենք արդեն լիազորված են իրենց կուսակցությունների, այդ թվում` նաեւ առաջնորդների կողմից: Քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրության պայմանը Ռ.Հակոբյանը բացատրեց այն հանգամանքով, որ միասնական շտաբ ստեղծելու մասին այդ համաձայնագիրը հակասում է կոալիցիոն համաձայնագրին, որի տակ ստորագրել է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այդ հուշագիրն արդեն ամրագրել է, թե ինչ համամասնություն պետք է ունենան կոալիցիոն ուժերը հաջորդ խորհրդարանում: Ռ.Հակոբյանի խոսքերով, անտրամաբանական կլինի, որ նույն ստորագրությունը լինի այդ երկու հռչակագրերի տակ: Բացի այդ, «Ժառանգության» ներկայացուցչի համար ընդունելի չէր այն հանգամանքը, որ ՀԱԿ-ն իր քննադատության թիրախն ուղղում էր միայն ՀՀԿ-ին: Նրա կարծիքով` կոալիցիոն 3 ուժերը միասնաբար են պատասխանատու բոլոր վատ երեւույթների համար: Ռ.Հակոբյանի այս հայտարարությունից հետո մյուս երեք գործիչները փորձում էին բացատրել, որ այդ շտաբի գործունեությունը պետք է լինի նաեւ կոալիցիոն ուժերի, այդ թվում` եւ ԲՀԿ-ի կողմից ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում կատարվող բարեգործությունների կանխմանը: Ավելին` այս շտաբը կարող է զսպել նաեւ նման հավակնություններ ունեցող կուսակցությանը: «Եթե անգամ նպատակ ունեն, որ կեղծեն, ապա այս շրջանակում դա կատարելը շատ ավելի դժվար է լինելու, որովհետեւ մեկս մյուսի նկատմամբ վերահսկողություն ենք ունենալու: Եկեք այս պահին ճամբարների չբաժանվենք: Ասում է` մի դատիր, որ չդատվես: Եկեք այս տրամաբանությամբ շարժվենք առաջ: Ամեն մեկս էլ այնքան խոցելի բաներ ունենք, որ եթե շարունակենք իրար քննադատել, տեղից չենք շարժվի: Եկեք գտնենք ընդհանուր միավորողը, եւ հանուն այդ գաղափարների` մեր ամբիցիաները պակասեցնենք: Կուսակցական շահը մի կողմ դնենք եւ ընդհանուր շահի գիտակցումով գնանք առաջ»,- հատկապես «Ժառանգությանը» հորդորում էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Ա.Ռուստամյանը ներկայացրեց նաեւ մի հայտարարության նախագիծ, որը ձեւակերպում էր շտաբի նպատակները եւ գործունեության հիմնական շրջանակը: Հիմնական նպատակներից մեկն էլ ձեւակերպվեց «Ժառանգության» երկրորդ պահանջին համապատասխան. «իրականացնել ընտրական ողջ գործընթացի մշտադիտարկում` հետեւողականորեն բացահայտելով ընտրակաշառքի, ընտրական նպատակով կատարվող բարեգործությունների, վարչական լծակների օգտագործման, ընտրողներին պասիվության մղելու եւ այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների բոլոր դրսեւորումները»: Եվ գտան, որ դրա համար շտաբում մի նոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա: Վ.Օսկանյանն ու Լ.Զուրաբյանը համաձայնեցին այդ հայտարարության հետ: Իսկ ինչ վերաբերում է առաջին դեմքերի ստորագրությանը, ապա Վ.Օսկանյանն ասաց, որ ինքը լիազորված է թե կուսակցության, թե Գ.Ծառուկյանի կողմից: Վերջինս նաեւ հիշեցրեց, որ այդ շտաբի ստեղծման համաձայնագրից շատ ավելի կարեւոր փաստաթղթեր, նույնիսկ միջպետական փաստաթղթեր են ստորագրվում երկրների ոչ առաջին դեմքերի կողմից: Ի վերջո, Ղարաբաղյան պատերազմի զինադադարի փաստաթուղթը ոչ թե երկրների առաջին դեմքերը, այլ պաշտպանության նախարարներն են ստորագրել: Ա.Ռուստամյանը նույնպես անիմաստ համարեց այդ պնդումը եւ ավելացրեց, թե «բոլոր այն պայմաններն ու նախապայմանները, որոնք խոչընդոտելու են այդ գործընթացին, ընդունելի չեն» իրենց կողմից: «Ես արդեն ստորագրել եմ, եւ մեզ համար առաջին դեմքի պրոբլեմ չկա: Եկեք առաջ գնանք եւ ոչ թե տեղապտույտ տանք: Առանց այդ էլ ժամանակը շատ քիչ է մնացել: Ընտրությունները սարերի ետեւում չեն… Ինձ համար այս պահին կարեւոր չէ, թե տվյալ քաղաքական ուժն ինչ քաղաքական դիրքորոշումներ է ունեցել: Մենք գնում ենք ընտրությունների, եթե հայտարարում են, որ իրենք շահախնդիր են, որ նորմալ ընտրություններ անցկացնեն, թող իրենց գործով դա ապացուցեն»,- հայտարարեց նա:
«Եթե պետք է, գնամ` Լ.Տեր-Պետրոսյանի ստորագրությունը բերեմ, բայց ոչ Լ.Տեր-Պետրոսյանին: Լ.Տեր-Պետրոսյանը պատրաստ է ստորագրել ցանկացած նման համաձայնագիր: Դա իր անունից ես հայտնում եմ: Բայց խնդիրն այն է, որ մենք որեւէ նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն չենք տեսնում: Ես չեմ հասկանում, թե ինչը պետք է ստորագրել: Վճիռն ընդունված է, ռազմավարական ընտրությունը կատարված է, մնում է անցնել գործի: Մենք լիովին ընդունում ենք ՀՅԴ-ի առաջարկը, պատրաստ ենք, որ դրանց ավելացվի նաեւ ձեր կողմից առաջարկված դրույթը, մեր կողմից որեւէ դրույթ չենք ներկայացնում: Պատրաստ ենք եռանդուն կերպով ընդգրկվել միասնական շտաբի աշխատանքին»,- ավելացրեց Լ. Զուրաբյանը:
Ա.Ռուստամյանն էլ ավելացրեց, որ իրենք էլ կարող են ներկայացնել իրենց առաջին դեմքի ստորագրությունը: Վ.Օսկանյանն ասաց, թե ինքը պատրաստ չէ պատասխան տալ, որովհետեւ այդ մասին չի խոսել Գ.Ծառուկյանի հետ:
«Եթե ԲՀԿ-ն չլինի այստեղ, դուք կբավարարվեի՞ք: Ես չեմ ուզում խանգարել այդ միասնական աշխատանքը: Եթե գտնում եք, որ դուք կարող եք երեքով դա անել, մենք կարող ենք դուրս գալ եւ գնալ, կարող ենք դրսից օգնել: ԲՀԿ-ն մարդկային ու տեխնիկական այնպիսի ռեսուրսներ է դնելու այս ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, որ դու զարմանալու ես»,- դիմելով Ռ. Հակոբյանին` ասաց Վ.Օսկանյանը:
Երեկ այդ գործիչները Ռ.Հակոբյանից փորձեցին ճշտել, թե «Ժառանգությունն», ի վերջո, մասնակցելո՞ւ է շտաբի աշխատանքներին, եւ համաձայնագրի տակ դրված ստորագրությունն ուժի մե՞ջ է, թե՞ այն ետ են կանչում: Ռ.Հակոբյանը պատասխանեց, թե ուժի մեջ է, եթե իրենց պայմանները կատարվեն, ու հեռացավ:
Երեկ մեկնաբանելով «Ժառանգության» այդ դիրքորոշումը` ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Եթե պարոն Օսկանյանը միացել է քառյակի ստորագրությանը, ապա միանշանակ եղել է Գ.Ծառուկյանի լիազորությունը, այլ կերպ մեր կուսակցությունում չէր էլ կարող լինել: Իսկ եթե որոշ կուսակցություններում, որոնք, ի դեպ, որեւէ առիթ բաց չեն թողնում գոռգոռալու ներկուսակցական ժողովրդավարության եւ բազմակարծության մասին, վավեր կարող է համարվել միայն կուսակցության նախագահի խոսքը, ստորագրությունն ու ժեստը, ապա ներկուսակցական ժողովրդավարության մասին ամենից բարձր գոռալուց առաջ արժե, երեւի թե, մի քիչ մտածել»: Զոհրաբյանը նաեւ ասել է` եթե այդ ամենն ընդամենը ձեռք բերված պայմանավորվածությունից հետ կանգնելու համար պատրվակ է, ապա պետք չէ անհասկանալի պատճառաբանություններ առաջ քաշել եւ անհասկանալի կեցվածք ընդունել: «Բոլորիս համար էլ պարզ ու հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան, ինչպես նաեւ հասկանալի է, թե որտեղից են իջեցվում ԲՀԿ-ի դեմ ելույթներ ունենալու պետական պատվերները»,- ավելացրել է նա:
Նշենք, որ երեկ Ռ.Հակոբյանի հեռանալուց հետո Ա.Ռուստամյանը կատակեց, թե «շարքերը բյուրեղանում են»: Եվ իսկապես, ընտրություններից առաջ քաղաքական դաշտում հետաքրքիր հստակեցում է նկատվում: Քաղաքական դաշտը կարծես թե բաժանվել է երկու մասի` մի կողմում ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն են, որոնք չմիացան այդ շտաբի աշխատանքներին եւ ԱԺ-ում նման այլ կառույց ստեղծեցին: Եվ «Ժառանգությունը», որը մասնակցում է ԱԺ մոնիտորինգային խմբի աշխատանքներին, բայց չի ցանկանում միանալ այդ շտաբին: Ավելին, «Ժառանգությունն» ինչ-որ տեղ կարծես թե ստանձնել է ՀՀԿ-ի այն լիազորությունները, որով իշխող կուսակցությունն անընդհատ ԲՀԿ-ին ընտրության կոչ էր անում` կոալիցիայից դուրս գալ, կամ նախագահ Սերժ Սարգսյանին անվերապահ հավատարմություն հայտնել: Բացի այդ, ՀՀԿ-ի ու «Ժառանգության», ինչպես նաեւ` ՕԵԿ-ի քննադատության թիրախն ուղղված է նաեւ ՀԱԿ-ին: Եվ ահա ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ պայքարելու գործում կարծես թե ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու «Ժառանգության» շահերը համընկել են: Եվ այս եռյակին հակադիր կարծես թե ձեւավորվում է ՀԱԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ եռյակը, ովքեր առայժմ միավորվում են միասնական շտաբում: Եվ կարծես թե «Ժառանգությունը» պարզապես խնդիր ունի չմիանալ այդ շտաբին: Եթե նույնիսկ մյուս ուժերը համաձայնեն այդ կուսակցության բոլոր պահանջներին, միեւնույն է, նրանք որեւէ պատրվակ կգտնեն չմիանալու համար: «Ժառանգության» վիճակը, մյուս կողմից, տարակուսելի է նաեւ այլ առումով. փաստարկը, որ երեկ ներկայացնում էր Ռ. Հակոբյանը (այն, որ ԲՀԿ-ն էլ ՀՀԿ-ի հետ կիսում է իշխանության պատասխանատվությունը եւ նույնպես ընտրակաշառքներ է բաժանում), ընդունելի, հասկանալի եւ տրամաբանական է: Սակայն ծիծաղելի է այն, որ նույն այդ փաստարկն առկա էր նաեւ մեկ շաբաթ առաջ, երբ Ռ.Հակոբյանը նույն հանդիսավորությամբ, ինչ երեկ հեռացավ այդ նիստից, ստորագրեց Հանրային վերահսկողության շտաբ ստեղծելու մասին փաստաթղթի տակ: Թե որտեղից եւ ինչ քամիներ են փչել անցած մեկ շաբաթվա ընթացքում Ռ.Հակոբյանի կամ «Ժառանգության» ուղղությամբ, կարծում ենք, պարզ կդառնա մոտ ապագայում:
Հ.Գ. Ա.Ռուստամյանը երեկ տեղեկացրեց, թե ՀՅԴ-ն որոշել է, որ ընտրությունները վերահսկող այդ շտաբում իր ներկայացուցիչները լինելու են Սպարտակ Սեյրանյանը եւ Համլետ Աբրահամյանը: Վերջինս ՀՅԴ ներկայացուցիչն է նաեւ ԿԸՀ-ում: ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն դեռ չեն որոշել, թե այդ շտաբում ովքեր են լինելու իրենց ներկայացուցիչները: