ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել է Արմավիրի մարզ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանին որեւէ մեկը Հանրապետականից չի ուղեկցել` տեղերում նրան դիմավորել են տվյալ տարածքի պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուները, մասնավորապես` գործող ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Ռադիոկայանի հաղորդմամբ` իր ելույթներում Ս. Սարգսյանը շռայլ խոստումներ չի տվել: Առաջինը Սերժ Սարգսյանն այցելել է Փարաքար, որտեղ հավաքված բազմությանը նա ասել է, թե շարունակելու են ջանքերը հայկական գյուղն ամրապնդելու համար, որ առանց զարգացած գյուղի հնարավոր չէ ունենալ զարգացած գյուղատնտեսություն: Ս. Սարգսյանի խոսքով` եթե գյուղում ունենան լավ դպրոց, համացանցի հնարավորություն, գազիֆիկացում, անհրաժեշտ բուժօգնություն, բնականաբար, ավելի լավ է ապրել այստեղ` գյուղում, քան մեկնել քաղաք եւ քաղաքի ժխորի մեջ ապրել: Ս. Սարգսյանը կոչ է արել արմավիրցիներին թիվ 19 ընտրատարածքում քվեարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու գեներալ Սեյրան Սարոյանի օգտին: Իսկ Էջմիածնում Ս. Սարգսյանը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հնարավոր է` չորս-հինգ տարվա ընթացքում չհասնեն շատ մեծ հաջողությունների, բայց անհնար է իրենց մեղադրել «կոպիտ սխալների կամ լոդրության մեջ»: Էջմիածնում Ս. Սարգսյանը նույնպես կոչ է արել քվեարկել Սեյրան Սարոյանի օգտին: Ըստ «Ազատության»` Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գեներալին` ասելով, որ նա մեծ հայրենասեր է, եւ երբ Ղարաբաղյան պատերազմն էր, նա Էջմիածնի թասիբը, պատիվը գետնով չտվեց: «Գեներալ Սարոյանը կարողացավ իրեն դրսեւորել որպես հայրենասեր անհատ, մարդ, ով գետնով չտվեց էջմիածնեցու պատիվը: Շատերը չկարողացան իրենց պարտականությունները կատարել, շատերը փախան, բայց Սեյրան Սարոյանը բոլորիս պատիվը բարձր պահեց»,- ըստ henaran.am-ի` ասել է Ս. Սարգսյանը:
Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանին, Ս. Սարգսյանն ասել է. «Նախորդ անգամ գովեստի խոսքեր ասացի Մանվել Գրիգորյանի մասին եւ ճիշտ ասացի: Այժմ ես լռում եմ: Դուք գիտեք նրա վերաբերմունքը, նա մեզ է սատարում, մենք` իրեն: Ես այն ժամանակ ավելի օբյեկտիվ էի: Մանվել, շնորհակալ եմ, Սեյրան, շնորհակալ եմ»:
Երեկ Ս. Սարգսյանն այցելել է նաեւ Հայթաղ գյուղ, որտեղ հայտարարել է, թե «մանր-մունր» խոստումներ չի տալու: Նա խոստացել է միայն անել ամեն ինչ, որ երկիրը զարգանա, որ ունենանք ժողովրդավար երկիր: Նաեւ հայտարարել է, թե ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրություններից հետո իրար թշնամի համարողների թիվը չավելանա: «Մայիսի 6-ից հետո մայիսի 7 է գալու, դրանով կյանքը չի ավարտվելու, ընտրությունները կյանքի ու մահվան խնդիր չէ, եւ պետք չէ ուրիշներին սեւացնել այս նախընտրական քարոզարշավի ընթացքում, թերագնահատել եւ հանիրավի քննադատել»,- հայտարարել է ՀՀԿ նախագահը:
Արմավիրի մարզում Ս. Սարգսյանին դիմավորել են տարածքի պատգամավորության թեկնածուներ, նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մարզում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածուները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրել են, որ մայիսի 6-ի ընտրություններում կեղծիքներ, մասնավորապես` լցոնումներ չեն անելու: Մասնավորապես` Առաքել Մովսիսյանն ասել է. «Մենք ստացել ենք շատ խիստ հրահանգ, որ ազատ, արդար ընտրություններ լինեն, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա է: Մենք ուզում ենք երկիրը առաջ տանենք եւ ոչ թե ընտրությունների խախտումներով արջի ծառայություններ մատուցողներով մեր երկրի իմիջը գցենք: Դա երբեք չի լինի»: