Երեկ Ստեփանակերտում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների հետ եւ պատասխանել է նրանց հարցերին:
«Կենտրոն» հ/ը – Ինչպիսի՞ն է ԼՂՀ տնտեսության ներկա վիճակը, եւ, մասնավորապես, ինչպիսի՞ն է կառավարության աջակցությունը փոքր ձեռնարկություններին:
– Տնտեսությունը ներկայացնելու ամենակարեւոր ցուցանիշը Համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն են: Վերջին տարիներին կարողանում ենք ապահովել այդ ցուցանիշների աճի բարձր տեմպեր: 2011թ. ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 9.1%` շնորհիվ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման, այդ թվում` նաեւ գյուղատնտեսության բնագավառում, որովհետեւ գյուղատնտեսության մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում փոքր եւ միջին ձեռնարկատերերը, եւ գյուղատնտեսության աճը հիմնականում եղել է արդյունք ապահովող: Այն մենաշնորհային չէ: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վերջին տարիներին ընդհանուր առմամբ տնտեսական աճի տեմպերում շատ փոքր է խոշոր ձեռնարկությունների մասնակցությունը: Ավելին` որոշ դեպքերում ունենք անկում, այդ թվում՝ «Բեզմետալս» ընկերության դեպքում, ինչը պայմանավորված է հանքում առկա հարստությամբ, որտեղ արձանագրվում է անկում: Եթե 2007թ. մեր պետական բյուջեի 45%-ն ապահովվում էր այդ ընկերության հաշվին, ապա այսօր այն կազմում է 14-15%, եւ հիմնական աճն արձանագրում ենք եւ՛ հարկային, եւ՛ տնտեսական փոքր ու միջին ձեռնարկատիրության շնորհիվ: Թե ի՞նչ գործիքներ ենք կիրառում, ի՞նչ գործոններ կան` նշեմ, որ պետբյուջեով իրականացնում ենք փոքր եւ միջին ձեռնարկատիրության արտոնյալ վարկավորման ծրագրեր, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով իրականացնում ենք բանկային տոկոսադրույքների սուբսիդավորում, որը թույլ է տալիս այդ ձեռնարկություններին` օգտվել մատչելի տոկոսներով հարկային ռեսուրսներից: Բացի դրանից, մենք նաեւ ունենք համեմատական արտոնյալ վարկային համակարգ: Այստեղ միանշանակ չէ կարծիքը, եւ միշտ չէ, որ հարկային արտոնություններն են ազդեցություն թողնում: Շահութահարկի առումով Արցախում գործում է 5% շեմը: Ներդրումների համար ունենք առաջին 5 տարիների ընթացքում արտոնություններ շահութահարկի գծով: Այսինքն՝ այդ գործիքները թույլ են տալիս ապահովել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը, որը բերում է ՀՆԱ-ի աճի եւ սեփական եկամուտների ավելացմանը:
«168 Ժամ» – Վերջերս խոսվում է ԼՂՀ-ից արտագաղթի ալիքի մասին: Ունե՞ք հստակ ցուցանիշ, թե որքան է կազմում արտագաղթողների թիվը, եւ արդյո՞ք ուսումնասիրվել են պատճառները: Հատկապես նկատենք, որ տարիներ առաջ ԼՂՀ-ում իրականացվում էր վերաբնակեցման ծրագիր:
– Ովքեր խոսում են այդ իրավիճակի մասին, նրանք տեղյակ չեն Ղարաբաղի կյանքից, որովհետեւ վերջին տարիներին մեր ամենամեծ ձեռքբերումը մեր ժողովրդագրական իրավիճակի դրական ցուցանիշն է: Սա մեր կառավարության, իշխանության ամենամեծ ձեռքբերումն ենք համարում: Այսօր Արցախի բնակչությունը, մեր վիճակագրական տվյալներով` հասնում է 145.000-ի, այն դեպքում, երբ 2007թ. ունեինք 137.000 բնակիչ: Մենք ունենք եւ՛ մեխանիկական, եւ՛ բնական աճ: Մեխանիկական աճը, այսինքն՝ միգրացիոն դրական ցուցանիշները հրապարակվում են, եւ դա նաեւ երեւում է մեր առօրյայում, քանի որ այսօր Արցախում ամենամեծ խնդիրը բնակարանային խնդիրն է, ինչն առկա է ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ գյուղերում: Եթե դիտարկումներ իրականացնենք, թե ընդհուպ մինչեւ ծայրամասային գյուղերում են վաճառում բնակարանները, կպատկերացնենք, թե ինչ պահանջարկ ունի բնակարանը կամ առանձնատունն Արցախում: Եթե բնակարանի պահանջարկ կա, ուրեմն՝ դա նաեւ նշանակում է, որ ապրողների թվաքանակն է ավելանում: Արտագաղթ կա, բայց եկողների եւ գնացողների տարբերությունը դրական է: Արդեն չորս տարի է՝ դրական սալդո է: Այս տարվա երեք ամիսներին եւս ունենք դրական արդյունքներ: Իսկ ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա այսօր մենք շատ քիչ ենք խոսում դրա մասին: Ե՛վ նախագահը, եւ՛ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերաբնակեցման կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար շատ մեծ գումարներ են պահանջվում: Նշեցի, որ ազատ բնակարան չկա, իսկ բնակարանով ապահովելը վերաբնակեցման հիմնական պայմանն է: Նոր բնակարան կառուցելու համար պահանջվում է 15-20 միլիոն դրամ: Եթե մենք ուզում ենք տեղափոխել մեկ ընտանիք, ապա միայն բնակարանային պայմաններն ապահովելու համար այդքան գումար պետք է հատկացվի, ինչն ի վիճակի չենք անել մեր պետական բյուջեով: Բայց Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում մշակել ենք զարգացման ծրագիր, զարգացնում ենք ենթակառուցվածքները՝ ճանապարհները, էլեկտրիֆիկացում, նորոգման համակարգեր, ջրամատակարարում: Այդքանն անելով եւ նաեւ ապահովելով անհրաժեշտ աշխատանքային պայմաններով՝ մարդիկ մեծ հաճույքով տեղափոխվում են Արցախ: Նույն այդ շրջաններում օգնում են շինանյութով: Պետությունը շատ փոքր գումարներ է տալիս գույքի տեղափոխման, անասունների ձեռքբերման համար, եւ մարդիկ նվազագույն պայմաններ են ստեղծում: Բացի դրանից, այդ երկու շրջաններում ունենք արտոնյալ վարկային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս նրանց զբաղվել տնտեսական գործունեությամբ՝ հիմնականում անասնապահությամբ եւ հողագործությամբ: Այսօր մեր բեյրութահայերի շնորհիվ գործում է «Արի» ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիք ստանում է մինչեւ 1,5 միլիոն դրամի առանց գրավի վարկեր, ինչը թույլ է տալիս ձեռք բերել կա՛մ անասուն, կա՛մ զբաղվել հողագործությամբ՝ 5 տարի ժամկետով` 6% տոկոսադրույքով: Դա գործում է Արցախի կառավարության եւ բեյրութահայերի մասնակցությամբ: Ունենք նաեւ վերաբնակիչներ Սիրիայից, որոնց Կովսականում տրամադրել ենք հողեր` մշակելու համար: Այս փուլում 6-7 ընտանիքներ Սիրիայից տեղափոխվել են Կովսական, որոնք առաջին ծիծեռնակներն են: Վերջերս նախագահն այցելել է Հադրութի շրջանի հարավային հատված, որտեղ ցանկություն են հայտնել տեղափոխվել Եղեգնաձորի եւ այլ շրջանների բնակիչներ, որոնց անհրաժեշտ է ընդամենը հող, ոռոգման հնարավորություն, նվազագույն կենցաղային պայմաններ՝ ջուր, հոսանք, սանիտարական ապահովում: 15 ընտանիք արդեն տեղափոխման փուլում են եւ սկսել են վերանորոգել իրենց բնակարանները: Այսինքն՝ շատ փոքր գումարներով փորձում ենք իրականացնել վերաբնակեցում: Ժամանակին՝ պատերազմից հետո, երբ խոսում էինք վերաբնակեցման մասին, Քաշաթաղում մինչեւ 14-15.000 բնակիչ կար, իսկ 2007թ.՝ արդեն 7000, որովհետեւ նվազագույն պայմաններ չկային, բացակայում էին աշխատանքի հնարավորությունները, եւ մարդիկ` ինչպես եկել էին, այդպես էլ սկսեցին գնալ: Մենք փորձեցինք դա կանխել առաջին փուլում, եւ, կարծես, հաջողվեց մեզ: Իհարկե, այդ շրջաններից եւս ունենք արտագաղթ, բայց հիմնականում դադարեցվել է այդ երեւույթը, եւ այսօր հակառակ փաստերն ենք արձանագրում:
«168 Ժամ» – Իսկ ե՞րբ լուծում կստանա Ստեփանակերտի ջրի խնդիրը: Ջրի վատ որակից դժգոհությունները զգալի են:
– Արցախի ամենամեծ խնդիրներից մեկը եղել է խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը: Չեմ ուզում խոսել Ադրբեջանի վարած քաղաքականության մասին: Դուք բոլորդ տեղյակ եք: Դրա հետեւանքները տեսնում ենք: Բայց այսօր արդեն ավարտման փուլում է Ստեփանակերտի խմելու ջրի մատակարարման ծրագիրը: Քաղաքի որոշ մասերում արդեն կա շուրջօրյա ջուր: Մինչ տարեվերջ քաղաքի 80%-ն ապահովված է լինելու շուրջօրյա ջրամատարարմամբ: Զրոյից նոր համակարգ ենք կառուցում: Որակի առումով ասեմ, որ ավարտվում է ֆիլտրման կայանների շինարարությունը. մեկը հիմնովին կառուցվում է, մյուսը` կապիտալ վերանորոգվում է: Համոզված եմ, որ ֆիլտր-կայանների շահագործումից հետո մենք ունենալու ենք համեմատաբար ավելի որակյալ ջուր, բայց ձգտելու ենք հասցնել այն անհրաժեշտ ստանդարտներին, որ կոչվի խմելու ջուր: Նույն աշխատանքներն իրականացվում են մնացած բնակավայրերում` Հայաստան համահայկական հիմնադրամի վերջին երկու տարվա ծրագրերն ուղղված էին Արցախի բնակավայրերի ջրամատակարարմանը: Տարբեր բնակավայրերում աշխատանքներ կատարվում են: Որակյալ ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է 150-200 միլիոն դոլար:
«Հայացք» օրաթերթ – Տարիներ շարունակ բնակչությունից կան դժգոհություններ բջջային կապի բարձր սակագներից: Ըստ այդ դժգոհությունների՝ «Ղարաբաղ Տելեկոմն»` օգտվելով մենաշնորհային դիրքից, բարձր գներ է սահմանում: Ի՞նչ է անում Կառավարությունն այդ ուղղությամբ:
– Մենք մշտապես համագործակցության մեջ ենք ներդրողների հետ, բայց մի բան պետք է հաշվի առնել, որ շուտով Ղարաբաղում գործելու է 3G համակարգը, որը պահանջում է մեծ ներդրումներ: Իսկ ներդրողն ամեն ներդրման արդյունքում պահանջում է դրանց հետգնում: Այսինքն` ներդրողը բարեգործությամբ չի զբաղվում, եւ ներդրողը մեզնից պահանջում է հաստատել համապատասխան սակագին, որով իր ներդրումները հետ է ստանալու: Եթե հաշվի առնենք այն, որ Ղարաբաղի տարածքը մեծ է, իսկ սպառողները՝ քիչ, շատ ժամանակ ռելիեֆի պատճառով շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջվում, քան նման միավոր տարածքում այլ աշխարհագրական դիրքում, նաեւ ինչ-որ տեղ մեզ էլ է, այսպես ասած՝ ստիպում համակերպվել եւ փորձել ընդամենը ճիշտ բանակցությունների ընթացքում համոզել ավելի տրամաբանական գին սահմանել:
«Հետք-օնլայն» – Որքա՞ն է աղքատության ցուցանիշն Արցախում. ցուցանիշի ա՞ճ, թե՞ նվազում է նկատվում: Արդեն տեւական ժամանակ է՝ Արցախը չունի արտգործնախարար: Արդյո՞ք դա խոսում է այն մասին, որ երկրում չկա տվյալ պաշտոնին համապատասխանող դիվանագետ:
– Կարող եմ հստակ մի բան հայտարարել` Արցախում չկա ծայրաստիճան աղքատ մարդ. դա` միանշանակ: Չկա մարդ, որ հացի խնդիր ունենա: Իհարկե, երբ աղքատության հաշվարկներն անում են, մենք չենք ընդունում դա, քանի որ ընկալումները տարբեր են: Մենք հիմքում դնում ենք սպառողական զամբյուղը: 2011թ. ցուցանիշները մեր Վիճծառայությունը դեռ հաշվարկում է: Արցախում միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 100.000 դրամ, եւ ցանկացած առողջ մարդ գտնում է աշխատանք՝ եւ՛ շինարարության, եւ՛ գյուղատնտեսության ոլորտներում: Ունենք կառույցներ, որտեղ կա աշխատողի լուրջ կարիք, ինչպես, օրինակ, Ստեփանակերտի կանաչապատման եւ սանմաքրման ծառայություններում բարձր, նորմալ աշխատավարձեր են տալիս՝ 60-70. 000 դրամ, սակայն, ընդհանուր առմամբ, մարդիկ խուսափում են այդտեղ աշխատել: Դա հոգեբանական խնդիր է: Ամեն աշխատող մարդ հնարավոր չէ լինի աղքատ: Մեր կենսաթոշակները նույնն են, ինչպես Հայաստանում է: Ունենք բազմազավակությունը խթանող ծրագրեր. 4 եւ ավելի երեխաներին նպաստներ են տրվում ծնելիության եւ խնամքի համար: Լուրջ հատկացումներ ենք նախատեսում սոցիալապես անապահով խավի համար: Ղարաբաղում աղքատության ցուցանիշ չկա: Մենք չենք հաշվարկում այն: Գործազրկությունն աշխատող բնակչության թվաքանակի համեմատ տատանվում է` 5-6%: Ղարաբաղում սպասվում են նախագահական ընտրություններ: Արդեն սկսվել են առաջադրումները: Հուլիսի 19-ին տեղի է ունենալու քվեարկությունը: Կառավարությունն ամբողջ կազմով հրաժեշտ է տալու՝ նոր կառավարություն, նոր վարչապետ, նոր նախարարներ: Ինձ թվում է, որ այսօր արտգործնախարարի պաշտոնակատարը նորմալ կատարում է իր պարտականությունները, եւ նոր կառավարությունը հաստատ ունենալու է գործող նախարար:
«Հետք-օնլայն» – Իսկ առաջադրվելու նպատակ ունե՞ք:
– Իհարկե, ոչ: Քանի որ մեր նախագահը հայտարարել է, որ առաջադրվելու է, եւ հավանական է, որ մեր հիմնական քաղաքական ուժերը սատարելու են գործող նախագահին: Այս հինգ տարվա ընթացքում նախագահի նախընտրական ծրագրի բոլոր դրույթները կատարվել են՝ եւ՛ թվերով, եւ՛ ծավալներով:
«168 Ժամ» – Իսկ ի՞նչ աշխատանքներ չեք հասցրել անել:
– Շատ բան չենք հասցրել կատարել: Երկրում դեռ կան քայքայված բնակավայրեր, բնակչության կենսամակարդակը, սոցիալական վիճակը նվազագույնի չի հասել: Բնակչության շրջանում դեռ կա բնակարանային խնդիր: Անելիքները շատ են: Իհարկե, գյուղատնտեսությունում արձանագրել ենք բավական աճ, բայց շատ հեռու ենք աշխարհի ժամանակակից ցուցանիշներից: Չենք հասցրել երկրում զարգացնել ենթակառուցվածքներն այն աստիճան, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա օգտվել անխափան ջրամատակարարումից, էլեկտրամատակարարումից, նորմալ ճանապարհներ լինեն, եւ այս ամենը երեւի առաջիկա հինգ տարիներին մեր երկրի ամենակարեւոր խնդիրն է լինելու ցանկացած իշխանության համար:
«Հետք-օնլայն» – Խորհրդարանական երեք ուժերն էլ սատարում են գործող նախագահին: Արցախում չկա ուժեղ ընդդիմադիր ուժ: Արդյո՞ք դա չի խոսում ժողովրդավարության պակասի մասին:
– Ընդհանուր առմամբ շատ են խոսում, որ Արցախում չկա ժողովրդավարություն: Մեր իշխանություններն առաջնորդվում են ժողովրդավարության այնպիսի սկզբունքներով, որով աշխարհում երեւի որեւէ տեղ չեն առաջնորդվում: Իշխանությունների կապը ժողովրդի հետ անմիջական է: Չեմ ուզում համեմատել, բայց նախագահի կամ իշխանավորների այցելությունները պրոտոկոլային բնույթ չեն կրում, որ մասնակիցների հարցերը նախապես պատրաստված լինեն: Երկրի ցանկացած քաղաքացի իր տեսակետն է արտահայտում ցանկացած երեւույթի մասին: Ցանկացած անձնական հարց կարողանում է բարձրացնել նախագահի եւ կառավարության անդամների մոտ: Տեղյակ եմ ցանկացած գյուղի ցանկացած խնդրին: Այսինքն՝ ժողովրդավարությունն այդպիսին է մեզ մոտ: Նաեւ այսպիսի բան կա. երբ փորձում են ինչ-որ մեկի նկատմամբ անարդարություն անել, ղարաբաղցու առաջին «ուգռոզան» լինում է հետեւյալը. «գնում ենք նախագահի մոտ»: Սրանով յուրաքանչյուր պաշտոնյա զգաստանում է՝ իմանալով, որ խնդիրները հասնելու են նախագահին: Սա ժողովրդավարության ամենալայն արտահայտումն է:
Ստեփանակերտ-Երեւան