«Հիմա ձեր ճանապարհը բաց է դեպի ԵՄ»,- ասում է ՀՀ-ում Դանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Բորգ-Հանսեն

12/04/2012

Երեկ «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցում պաշտոնապես ազդարարվեց Դանիայի Թագավորության հյուպատոսության բացման մասին: Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդը ՀՀ-ում Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս է նշանակել Արման Փինարբասիին, ով աշխարհի 110 երկրներում գործող խոշոր աուդիտորական ու խորհրդատվական ընկերություններից մեկի` «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլի» տարածաշրջանային տնօրենն է: Արման Փինարբասիի ղեկավարության ներքո են նախկին խորհրդային 10 երկրներ: Կազմակերպությունն իրականացնում է հարկային, հաշվապահական, «ԱյԹի» խորհրդատվություն, ինչպես նաեւ գնահատում, դրամահավաք եւ այլն: 2009 թվականից ՀՀ-ում Դանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանը Մայքլ Բորգ-Հանսեն է: Նա միաժամանակ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի դեսպանն է, եւ նստավայրը գտնվում է Կիեւում: Հայաստանի դեսպանատունը վերջերս է բացվել Դանիայում: Դեսպանի խոսքով, թեեւ այժմ ծախսերի կրճատման նպատակով դեսպանատներ են փակվում, ու աշխատակիցների թիվը պակասեցվում է, բայց Դանիայի Թագավորությունը Հայաստանում «խարիսխ» է գցում` ունենալով այնպիսի վստահելի անձ, ինչպիսին Արման Փինարբասին է, ով կաշխատի անվճար: «Պրն Փինարբասին ունի լավ կապեր գործարար եւ պաշտոնական շրջանակներում, ինչը շատ կարեւոր է: Ես տարին մեկ, երկու կամ երեք անգամ եմ գալիս Հայաստան եւ ամեն ինչ պետք է սկսեմ զրոյից: Այժմ ես կարող եմ կապի մեջ լինել պրն Փինարբասիի հետ, ում լիովին վստահում եմ, եւ դա կնպաստի Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունների զարգացմանը»,- նշեց դեսպանը: Դեսպանի կարծիքով, Եվրոպայի տարբեր ծայրերին գտնվող երկու փոքր պետությունների կապը նոր չէ։ «1915-ին մենք ունեինք միսիոներ կանայք Արեւելյան Անատոլիայում, ովքեր ականատես էին, թե ինչ է կատարվում: Նրանցից մեկը օրագիր էր գրել, որը հայտնաբերվել ու տպագրվել է, եւ այդ ողբերգական իրադարձությունների հիմնական աղբյուրներից է համարվում: Նա մենակ էր մնացել, երբ ամերիկացի միսիոներները մեկնեցին Առաջին համաշխարհային պատերազմի ճակատ, բայց ի վիճակի է եղել փրկել հազարավոր հայ երեխաների: Հետո նա մանկատուն է հիմնել Լիբանանում: Երեխաներից մի քանիսը, ում նա փրկել է, դեռ կենդանի են: Կենդանի հիշողություններ են պահպանվել այս մասին: Մյուս կինը հիմնականում փրկել է անապատ աքսորված կանանց Միջագետքում: Այստեղ Ցեղասպանության թանգարանում մեծ ցուցադրություն կա: Այս օրինակներով մեր քրիստոնեական կազմակերպությունները եկել են Հայաստան ու մարդասիրական գործունեություն ծավալել»,- ասաց դեսպանը` հիշելով 1988թ. երկրաշարժը: «Ես պարզապես հիացած եմ, որ այդ ամենից հետո դուք գոյատեւել եք ու պահպանել ինքնությունը: Կարծում եմ` մենք սովորելու բան ունենք: Եվրոպայում դադարել են հավատալ որեւէ բանի, երբ կյանքը նյութականացված է: Մենք նույնպես հին ազգ ենք` ամենահին թագավորություններից մեկն աշխարհում, կարծում եմ, բայց ոչ այնքան հին, որքան Հայաստանը: Մենք էլ շատ կապված ենք արտերկրի մեր հայրենակիցների հետ, բայց ոչ հայերի նման: Մենք չունենք հզոր համայնքներ այլ երկրներում: Մենք շատ կոմպակտ ենք` 5 մլն, միատարր, նույն կրոնի, նույնիսկ արտաքնապես իրար նման`սերած 6 կամ 7 ցեղերից: Մենք եւս ապրել ենք ուժեղ երկրների հարեւանությամբ եւ գոյատեւել: Ահա թե ինչու եմ կարծում, որ հետաքրքիր է աշխատել այստեղ, ուսումնասիրել հայկական մշակույթը, տեսնել, թե ինչպես է այժմ երկիրը հարմարվում նոր պայմաններին` դառնալով եվրոպական ընտանիքի անդամ: Հիմա ձեր ճանապարհը բաց է դեպի Եվրոպական Միություն: Շուտով բանակցություններ կընթանան ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման համար, ինչը շատ բան կտա ձեր տնտեսությանը: Շուկաները կբացվեն բիզնեսի համար, դրա համար եւս կարեւոր է, որ եվրոպական փոքր պետությունները ճանաչեն միմյանց: Եվ երբ անհրաժեշտ լինի, մենք կարողանանք խոսել անմիջականորեն` առանց անհանգստանալու: Այժմ հյուպատոս ունենք, ում հետ մշտապես կապի մեջ կլինենք: Սա ձեռքբերում է, որի համար ես կարող եմ հպարտանալ, քանի որ մենք ունենք ոչ թե ուղղակի հյուպատոս, այլ վստահելի անձ: Մեր դեսպանատունը շատ երջանիկ է դրա համար: Ես շնորհավորում եմ ինձ, մեր արտերկրի ծառայությանը եւ ձեզ»,- ասաց ՀՀ-ում Դանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանը` Մայքլ Բորգ-Հանսեն:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ