Երկակի ստանդարտներ

02/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Բայց կիրակի օրը կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, կարելի է ասել, որ այսուհետ հայ ամենախոշոր թվանկարչի տիտղոսը պետք է պատկանի միայն ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին: Կիրակի օրը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ընտրակեղծիքների ծավալով ու լկտիությամբ աննախադեպ կարելի է համարել: Այլապես անհնար է պատկերացնել հրապարակված պաշտոնական թվերը, համաձայն որոնց՝ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 503 հազար 567 մարդ, այսինքն՝ ընտրացուցակում գրանցվածների 65,3 տոկոսը: «Այո»-ի օգտին քվեարկել է 1մլն 403 հազ 430, իսկ «ոչ»՝ 80 հազ. 944 մարդ: Ու մինչ իշխանությունները հիացած են այս արդյունքներով, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները երեկ բավական հետաքրքիր գնահատականներ տվեցին հանրաքվեի վերաբերյալ: Թեեւ, ընդհանուր առմամբ, այդ գնահատականները լղոզված էին, սակայն դիտորդները մատնանշեցին նաեւ ընտրախախտումների կոնկրետ դեպքեր: Իսկ որ ամենակարեւորն է` միջազգային դիտորդներն իրենք էլ չեն հավատում ԿԸՀ-ի ներկայացրած այն տվյալներին, թե հանրաքվեին ավելի քան 1,5 մլն մարդ է մասնակցել: Եվ կարծում են, որ տեղամասերի զգալի մասում մասնակիցների թիվը զգալիորեն ուռճացված է: «Քվեարկության օրը ծայրահեղ ցածր մասնակցությունը չհամապատասխանեց ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված բարձր ցուցանիշներին… Մեր կարծիքով, 1,5 միլիոն մասնակցությունն իրականությանը չի համապատասխանում: Արդյո՞ք «այո» քվեարկողների թիվը 782 հազարից գերակշռող էր: Այո: Եվ դա արտահայտում էր հայ ժողովրդի կամքը: Մեր 16 հոգանոց թիմը բաժանվել է ութ թիմի եւ դիտարկել ընթացքը մոտ 150 տեղամասում: Մենք ի վիճակի չենք մասնակիցների թիվը հստակ նշել: Բազմաթիվ մարդիկ պետք է միասին աշխատեն, վերլուծություններ կատարեն, որ հանգեն այն թվին, որը համապատասխանում է իրականությանը: Մենք մեր զեկույցների մեջ կդատենք այն, ինչ մենք կարող ենք»,- «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած միակ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Ըստ նրանց` հանրաքվեի օրը «նկատվել են նաեւ ընտրացուցակներում ավելացված ստորագրությունների կեղծման եւ լցոնման հստակ դեպքեր»: Իսկ Ընտրական օրենսգրքի` քվեաթերթիկի վրա քվեարկությունից հետո կնիք տեղադրելու վերաբերյալ պահանջը խախտում է քաղաքացիների` գաղտնի քվեարկության սկզբունքը: Նրանք ափսոսանք հայտնեցին այն կապակցությամբ, որ «ՀՀ իշխանությունները որոշում կայացրեցին կանխել այլ միջազգային դիտորդների մասնակցությունը: Հանրաքվեի թափանցիկության ապահովումն էլ ավելի տուժեց խորհրդարանական ընդդիմության կողմից ընդունված որոշմամբ` հետ կանչել ընտրական հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներին»: Բայց չնայած այս խիստ հայտարարություններին, դիտորդները նշեցին, որ հանրաքվեն ընդհանուր առմամբ արտահայտեց «քվեարկողների ազատ կամքը» եւ «համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»: Այսինքն` հերթական անգամ ականատեսն ենք լինում եվրոպական երկակի ստանդարտներին: Մի կողմից` նրանք ասում են, թե ականատես են եղել բազմաթիվ խախտումների, իսկ ԿԸՀ ներկայացրած տվյալներն ուռճացված են, մյուս կողմից` հայտարարում են, թե, այնուամենայնիվ, հանրաքվեի արդյունքները մոտ են իրականությանը: Իսկ այսօր ԵԽ ԽՎ դիտորդների գնահատականները կարեւոր են նրանով, որ նրանք միակ միջազգային դիտորդներն են, որոնք հնարավորություն ունեցան հետեւելու հանրաքվեին: Եվ նրանց գնահատականներն ու եզրակացություններն ավելի մեծ ազդեցություն ունեն միջազգային հանրության վրա, քան տեղական դիտորդներինը: Իրենք` դիտորդները, ասում են, որ հանրապետության ոչ բոլոր տեղամասերում են հնարավորություն ունեցել իրենց առաքելությունն իրականացնելու: Նրանք 1966 տեղամասերից եղել են ընդամենը 150-ում: Հետեւաբար, ասում են, թե միանշանակ գնահատական չեն կարող տալ: «Մեր դիտորդների թիվը սահմանափակ էր, մենք ոչ բոլոր տեղերում ենք եղել: Ես անձամբ նկատել եմ ընտրողների մասնակցության հայտարարված եւ իրական թվերի միջեւ անհամապատասխանություն 06/01 տեղամասում: Բայց մենք այստեղ չենք եկել քվեարկության արդյունքները վավեր կամ անվավեր ճանաչելու համար: Դա ՀՀ ԿԸՀ-ի գործն է»,- նշեց պատվիրակության ղեկավար Տոմաս Յիրժան: Բայց, չնայած սրան, նա հավելեց. «Ընտրատեղամասերի մեծամասնությունում, որտեղ որ մենք այցելել ենք, քվեարկությունն ընթացել է միջազգային չափանիշներին համապատասխան: Իհարկե, ցավոք, մի շարք տեղամասերում եղել են լուրջ խախտումներ»: Դիտորդների փոխանցմամբ, խախտումներ հատկապես շատ են եղել Երեւանում, Արմավիրում, Արագածոտնում, Տավուշում:

Եվրոպական դիտորդները հենց այսպիսի երկակի ստանդարտներով վարած քաղաքականության համար ընդդիմադիր կուսակցությունների կողմից պարբերաբար ենթարկվում են քննադատության: Երբ երեկ լրագրողները նրանց ասացին այդ մասին, Լորդ Ջոն Թոմիլսոնը հակադարձեց. «Դուք հավանաբար նկատի ունեք «Ազգային Միաբանությանը» ու «Արդարություն» դաշինքին: Պետք է ասեմ, որ նրանք իրենց վարքով ոչ իրենց համար շահեկան դիրքում հայտնվեցին, ոչ էլ հանրաքվեի համար որեւէ ծառայություն մատուցեցին, որովհետեւ նրանք հայտարարել էին, թե բողոքարկելու են հանրաքվեն, բայց որոշ տեղամասերում նրանք մասնակցել են որպես հանձնաժողովի անդամներ, որոշ տեղերում չեն մասնակցել: Կամ մի տեղ մասնակցել են որպես դիտորդներ, որոշ տեղերում չեն մասնակցել: Դա եմ ես համարում երկակի ստանդարտ: Մենք մասնակցել ենք ձեզ օգնելու համար, եւ լավ կլիներ, որ նրանք էլ մասնակցեին եւ՛ իրենց օգնելու համար, եւ՛ այն մարդկանց օգնելու համար, ում իրենք ներկայացնում են իրենց կարծիքով: Ցավում ենք եւ ափսոսանք ենք հայտնում, որ նրանք չմասնակցեցին հանձնաժողովների աշխատանքին: Նրանց ներկայությունը կնպաստեր միջազգային չափանիշների կատարմանը»:

Հ. Գ. Ի դեպ, լրագրողները ԵԽ ԽՎ դիտորդներից երեկ հետաքրքրվեցին, թե արդյոք երկրի առաջին դեմքի՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկելը ընտրական խախտում չէ՞: «Միջազգային սկզբունքը եւ չափանիշը այն է, որ քվեաթերթիկը լրացնելուց հետո այլեւս ոչ ոք իրավունք չունի դրան դիպչելու: Կնիք դնելու պրոցեդուրան խախտում է այդ չափանիշը: Մենք խորհուրդ ենք տալու կամ առաջարկելու ենք, որ հաջորդ ընտրություններում բոլոր միջոցները ձեռնարկվեն, որ քվեաթերթիկը լրացնելուց հետո ոչ ոք դրան չդիպչի»,- պատասխանեց Տոմաս Յիրժան: Նկատենք, որ դիտորդների տարածած մամլո հաղորդագրությունը կրում էր «Հայաստանում Սահմանադրական հանրաքվե. միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխան, սակայն լուրջ չարաշահումների դեպքերով» վերնագիրը: