Շաբաթվա տնտեսական հիմնական լուրերը հակասական էին: Ինչպես վայել է այս նախընտրական շրջանին: Այս ընթացքում սովորաբար ահագին բան պարզ ու նկատելի է դառնում: Ցավոք, քչերն են դրանց ուշադրություն դարձնում, եւ այդ բացահայտումները կորում են նախընտրական աղմուկի մեջ: Մինչդեռ դրանք արձանագրում են անգամ կառավարման որակն ու արդյունավետությունը: Տնտեսական շաբաթը շարունակեց արձանագրել ազգային դրամի դանդաղ ու կայուն արժեզրկումը: Երեկ արժույթի բորսան փակվեց 392.4 դրամ մեկ դոլարի դիմաց ցուցանիշով: Մայրաքաղաքի փոխանակման կետերում դոլարը վաճառվում էր շատ ավելի թանկ: Սա ինքնին բացասական երեւույթ չէ տնտեսության համար: Ավելին, կարող է խթանել արտահանումը: Սակայն բանկային մյուս տեղեկատվությունը նախ` ինքնին հակասական էր, եւ երկրորդ՝ հակասում էր տարադրամի կայուն արժեզրկման փաստին: Պարզվում է` մեր բանկային համակարգում ավանդները ապադոլարայնացվում են: Մինչ 2009-ի մարտը նման պատկեր էր՝ դրամն օր օրի արժեւորվում էր: Բանկային ավանդների կեսից ավելին դրամային էր: Ուղիղ երեք տարի առաջ մի գիշերում ազգային դրամը մոտ 20 տոկոս արժեզրկվեց: Առաջին օրերի խուճապից հետո բանկային վիճակագրությունն արձանագրեց, որ բնակչությունն այլեւս գերադասում է ավանդ կուտակել տարադրամով: Բայց հիմա հակառակ ու հակասական պատկեր է: Դրամն արժեզրկվում է, սակայն ավանդներն ապադոլարայնացվում են: Նախորդ տարվա փետրվարի տվյալներով` արտարժութային էր ավանդների 65,3 տոկոսը: Այս տարի այդ ցուցանիշը նվազել ու դարձել է 61,2 տոկոս: Ինչո՞ւ է բնակչությունը վստահում արժեզրկվող դրամին, դժվար է բացատրել: Մինչդեռ ավանդների վիճակագրությունը առերեւույթ տրամաբանական է: Ավելի կարճ ժամանակով, այսպես կոչված՝ ցպահանջ ավանդները տարադրամային են 54.6 տոկոսով: Իսկ ժամկետային ավանդները՝ մոտ երեք քառորդով՝ 74,3 տոկոս: Ակնհայտ է, որ ազգային դրամի նկատմամբ վերաբերմունքը վերապահ է: Ի տարբերություն բանկերին ավանդ վստահող «խաղաղ բնակչության»` ֆինանսիստների վերաբերմունքը դրամի նկատմամբ ավելի «դաժան» է: Մեր բանկային համակարգը գերադասում է վարկեր տրամադրել տարադրամով: 2011-ին բանկային վարկերի 57,3 տոկոսը տարադրամային են: Այս տարի այդ ցուցանիշն աճել է՝ դառնալով 62 տոկոս: Այսինքն, «պրոֆեսիոնալները» (իմա՝ բանկային գործունեությամբ զբաղվող անձինք) գերադասում են պարտք տալ տարադրամով: Իսկ բնակչությունը՝ հակառակը: Նման անբացատրելի երեւույթները հար ու նման են մեր հասարակությանը: Այս խնդիրները հիմա ոչ մեկին չեն հետաքրքրում: Որովհետեւ մեր հասարակական ու տնտեսական կյանքն անմոռաց (իրավաբանները կասեին՝ ինքնաբուխ) խրվել է նախընտրական գործընթացի մեջ: Անգամ պետական ապարատն է անգործության մատնվել: Պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները կոալիցիոն այս կամ այն կուսակցության քարոզարշավի կազմակերպիչներ են: Մասնակցեք նախընտրական հավաք-հանդիպում-միտինգներին: Մասնակցեք ու կզարմանաք: Այս օրերին մեկ քառակուսի մետրի վրա գտնվող չինովնիկների ցուցանիշով հրապարակներն ու դահլիճները «կրած ունեն» ցանկացած գերատեսչական շենքի: Պետական ապարատն ամբողջությամբ ներքաշվել է նախընտրական գործընթացների մեջ: Բոլոր մակարդակներում: Տեղական իշխանություններն ավելի խիստ ռեժիմով են ներգրավված նախընտրական գործառույթներում: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո պարզվեց, որ նրանց ուսերին կրկնակի բեռ է դրված: Տեղական ինքնակառավարման մարմինների չինովնիկները մի կողմից կազմակերպում են իշխանական կուսակցությունների նախընտրական այց-հանդիպումները, մյուս կողմից` խանգարում ոչ իշխանական քաղաքական ուժերի այց-հանդիպումների անցկացմանը: Դատելով գործադրած ջանք ու եռանդից, կարելի է եզրակացնել, որ վերադասը նրանց աշխատանքի արդյունավետությունը գնահատելու է` հաշվի առնելով, թե որքանով է նրանց հաջողվել խանգարել ոչ իշխանական ուժերին: Բոլոր դեպքերում ակնհայտ են դառնում պետական ապարատը հնարավորինս կուսակցականացնելու բացասական հետեւանքները: Պետական չինովնիկներն իրենց աշխատանքային օրվա մեծ մասը «նվիրաբերում» են հարազատ կուսակցության այս կամ այն (հիմնականում՝ անհեթեթ) հանձնարարությունների կատարմանը: Ինչ արժե, օրինակ, մամուլում այդքան հիշատակված ցուցակ ներկայացնելու պահանջը: Պետական ապարատի ու պետական հիմնարկների ցածր օղակների բոլոր աշխատակիցներից պահանջվել է ընկեր-բարեկամների ցուցակ ներկայացնել, ովքեր քվեարկելու են այս կամ այն իշխանական կուսակցության օգտին: Ընդ որում, ցուցակում հարկավոր է նշել անուն-ազգանունը եւ հաշվառման հասցեն: Իր ժամանակին պրոլետարիատի առաջնորդն ասում էր, որ «Չկա արվեստ՝ արվեստի համար, չկա գիտություն՝ գիտության համար, այլ կա կուսակցական արվեստ եւ կուսակցական գիտություն»: Հիմա կարծես այդ ժամանակները վերադարձել են: Վերադարձել են մի փոքր այլակերպված կարգախոսով: «Չկա կառավարության մարմին՝ կառավարման համար, չկա մարզպետարան ու գյուղապետարան՝ ինքնակառավարման համար, այլ կա նախարարություն, ասենք, Հանրապետական կուսակցության համար, մարզպետարան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար»: Ահա եւ պետական ապարատի կուսակցականացման հետեւանքը: Պիտի հաշտվենք այն մտքի հետ, որ 2011-ի եւ 2012-ի առնվազն գարուններին դրանք բացառապես նախընտրական շտաբներ են: Շտաբներ, որոնք պաշտոնական նախընտրական շտաբներից ավելի են ներքաշված ընտրական գործընթացներում` բացարձակապես չզբաղվելով այն գործառույթներով, ինչի համար աշխատավարձ են ստանում: Հետեւաբար` հետեւեք տնտեսական գործընթացներին: Հիմա դրանք ոչ ոք չի կառավարում: