«Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե առաջիկայում կրկին հնարավոր է բենզինի գնի թանկացում 20-30 դրամով: Նրա խոսքով` «պատճառն արդարացված է, պայմանավորված բենզինի շուկայի ֆյուչերսներով: Իհարկե, հացը եւ շաքարավազը չպետք է շղթայաբար թանկանան, քանի որ շատ փոխադրամիջոցներ արդեն սկսել են բենզինի փոխարեն գազ օգտագործել»:
Ըստ Էլչյանի` Հայաստանը գտնվում է Platts (Platts Med) միջերկրածովային գնանշման տիրույթում: «Առաջին առաջարկը հունվարին կազմում է 948 դոլար` մեկ տոննա բենզինի դիմաց: Վերջին շրջանում այն հասել է 1230 դոլարի: Վերջին օրերին այն կրկին իջել է` հասնելով 1190 դոլարի: Այսինքն, հունվարից գները բարձրացել են 29.4 տոկոսով: Իսկ մենք բարձրացրել ենք գները 13.6 տոկոսով. ավելի վաղ «ռեգուլյար» տիպի բենզինը մեզ մոտ արժեր 440 դրամ, այժմ` 500 դրամ: Խնդիրն այն է, որ մենք դեռ ունենք հին պահուստներ` 1150-1160 դոլարով: Բայց այս պայմաններում անհրաժեշտ կլինի բարձրացնել գինը 20-30 դրամով: Իմ նշած գները դուք ինքներդ կարող եք տեսնել ինտերնետում: Այժմ ամեն ինչ թաքցնելն այնքան էլ հեշտ չէ: Իսկ ինչ-որ մեկն ասում է, որ բենզինի գինը կարելի է զգալիորեն իջեցնել: Ո՞նց իջեցնեմ: Հաշվում ենք. ներկայիս գինը` 1190 դոլար մեկ տոննայի դիմաց: 120 դոլար` ճանապարհածախս: 350 դոլար` մաքսազերծում, ակցիզը եւ ԱԱՀ-ն: 20 դոլարով հաշվեք վաճառքից հետո: Ստացվում է 1680 դոլար 1 տոննայի դիմաց: Իսկ մեկ տոննա ձմեռային բենզինն արժե 1310 դոլար: Ստացվում է` 1282 դոլար 1 լիտրի դիմաց: Բազմապատկենք դոլարի կուրսը` ստացվում է 501 դրամ 1 լիտրի դիմաց: Իսկ դուք ասում եք` իջեցրեք: Գումարած եւս 100 դոլար փոխաբեռնման եւ տրանզիտի համար, որոնք, իմ կարծիքով, չափազանց բարձր են: Նրանք ավելի շատ փող են վաստակում մեր տրանզիտների վրա»,- ասել է «Ֆլեշի» փոխտնօրենը: Դիտարկմանը, թե` տրանսպորտային աշխատողներն ասում են, որ Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ կիրառվող սակագնային քաղաքականությունը նույնն է, Էլչյանը պատասխանել է. «Տոննա-կիլոմետրը պահանջարկի մի կողմն է: Մյուս իրավիճակը` նավահանգստում ասում են` այսքան տաք, կիրականացնենք բեռնաթափումը, մաքսակետը, բոլոր այդ կառույցներն իրենց պայմաններն են դնում»: Նրա խոսքով` նրանց պահանջած վճարումներն օրինական են: Միաժամանակ ընդգծել է. «Բայց այդ ամենից այնպիսի խառնաշփոթ է ստեղծվում, որ եթե փորձես գլուխ հանել, կստացվի, որ քեզնից 40 դոլարի դիմաց պահանջում են 100 դոլար: Կար բեռնափոխադրող, ում Կովկասի նավահանգստից թույլ չեն տվել բեռը փոխադրել Փոթի: Մինչեւ նախագահը չմիջամտեց, այդ հարցը չլուծվեց: Ընդհանուր առմամբ, օտար մարդը չի կարող զբաղվել դրանով: Կհասնի Փոթի եւ կկանգնի: Իսկ նավի վրա ժամկետ կա դրված` 72 օր` բեռնաթափման համար, այնուհետեւ վճարումներ պետք է արվեն: Նավահանգիստ ժամանումը պետք է նախօրոք համաձայնեցնել: Իսկ այսօր մի մաքսատան աշխատակիցը կարող է տեղում չլինել, մյուս օրը` մեկ ուրիշը, մի խոսքով, այնքան են այս ու այն կողմ տանում-բերում, որ ամեն ինչ թողնես, գնաս: Իմիջիայլոց, Վրաստանում բենզինն ավելի թանկ է, քան այստեղ: Եվ հարկերն են բարձր, եւ պահանջարկն է մեծ: Բայց այնտեղ գազով են աշխատում, որքան ես գիտեմ, ավտոմեքենաների 5 տոկոսը: Այնտեղ թույլ էլ չեն տա, որ այդ տոկոսը բարձրանա: Եվ դա ճիշտ է»: Հարցին, թե` շարժիչի համա՞ր, Էլչյանը պատասխանել է. «Եվ շարժիչի, եւ շրջակա միջավայրի համար: Ավտոմեքենայի շարժիչը նախատեսված չէ գազի համար: Դրա համար էլ շարժիչն ամբողջ գազը չի այրում, 15 տոկոսն արտանետվում է շրջակա միջավայր: Թող ինչ-որ մեկը վերցնի եւ հետազոտի»: Հարցին էլ, թե ինչո՞ւ ինքներդ չեք պահանջում նման ուսումնասիրություն անել, «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրենն այսպես է պատասխանել. «Ոչ ոքի պետք չէ: Եվ ի՞նչ է դա փոխելու: Պետք է նաեւ հասկանալ, որ այսօր բենզինն արդեն սոցիալական ապրանք չէ: Ավտոմեքենաների 80-85 տոկոսն աշխատում է գազով: Հետո էլ ասում են` եթե բենզինը թանկացել է, հացն էլ է թանկանալու: Ճիշտ չէ: Հիմա ոչ մի հացի մեքենա բենզինով չի աշխատում»: