Աշխարհը գեղագիտական հարաբերություն է ստեղծում, Հայաստանը՝ քաղաքական

12/04/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գեղագիտությունը, զգայական ընկալումը` որպես գիտության ինքնուրույն ճյուղ, առայսօր մեկնաբանվում է որպես գեղեցիկի փիլիսոփայություն: Չափազանց նյութականացված աշխարհը, մասնավորապես` եվրոպական երկրներն այսօր գիտակցում են, որ տուրք տալով ամեն օր ծնվող հեղհեղուկ արժեքներին` հասարակությունները կամ մարդը վերածվում են ամորֆ մարմնի:

Եվրոպան այսօր մարդու զգայականությունը վերակենդանացնելու խնդիր ունի եւ դա անում է գեղեցիկի փիլիսոփայության կոնտեքստով: Զգացմունքային է դարձնում ֆիլմը, պարային բեմադրությունը, երգը, ծավալային աշխատանքը եւ, վերջապես, արվեստի միջոցով զգայական փիլիսոփայությամբ կարողանում է հուզել մարդուն: Հույզն այսօր դարձել է նյութ` արվեստում, մամուլում, մինչեւ անգամ քաղաքականության մեջ, որտեղ, սակայն, այն հաճախ խաղարկվում է մարդու հոգեբանական ազդակները որսալու համար: Մինչդեռ արվեստի մեջ զգայական ընկալման անկեղծությունը կեղծ արժեքների մեջ դեգերող մարդուն վերադարձնում է այն տարածք, որն իրեն անհրաժեշտ, հոգեհարազատ է, բայց, որտեղից շատ է հեռացել: Զարգացած երկրներում գեղագիտական դրսեւորումներն առկա են ոչ միայն արվեստում, այլեւ բնության հանդեպ վերաբերմունքի, քաղաքի կառուցվածքի մեջ, հասարակական կյանքում, նյութական արտադրության, գեղարվեստական նախագծման (դիզայն) մեջ: Եվրոպայում գեղագիտական գնահատականի արժանացնում են գրեթե յուրաքանչյուր առարկայի կամ երեւույթի, որն անմիջականորեն հենվում է տվյալ իրողության բովանդակությունն արտահայտող որոշակի զգայական ձեւի հատկանիշների վրա: Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքի իրավիճակային վերլուծությունից ելնելով` կարող ենք ենթադրել, որ հայ մարդու համար գեղեցիկի ընկալումը թեեւ թաքնված է իր մեջ, բայց գեղագիտություն «որսալու» կամ դրա մատուցման ձեւաչափերից օգտվելու ժամանակ չկա: Այսինքն` գեղեցիկի ընկալումը մենք մշտապես հետաձգում ենք, տեսնում վաղվա օրվա մեջ, կապում ուրիշ անձերի հետ, որին հաջորդում է նույնատիպ վաղը: Ապագային հուսալով` մենք զրկում ենք մեզ զգացմունքայնությունից, գեղեցիկն ընկալելու ու զարգանալու փիլիսոփայությունից: Մյուս կողմից էլ` Հայաստանի մշակութային պասիվ ու «անտակտ» քաղաքականությունը հայ մարդուն դարձրել է քաղաքականացված խնդրահարույց մի գործիք: Գաղտնիք չէ, որ անզգամ ու արժեքային խարխլված համակարգ ունեցող կառավարելի հասարակություններն իսկական նվեր են բռնատիրական իշխանությունների համար: Հայաստանում բարձրարժեք արվեստի ընկալման պահանջարկի խնդիր դրված չէ, որը թույլ է տալիս մատուցել արվեստի պատյանի մեջ «խցկած» աղբը: Մեր երկրի պատկերասրահները դատարկ են, իսկ պատկերասրահներում առկա գործերը, որոնք պիտի թափառեին աշխարհով մեկ` ազատազրկվածի կարգավիճակում են: Կերպարվեստը` տարածական արվեստը, իր բնույթով կլանող է: Կտավն ազատություն ու ճանապարհ է սիրում: Զարգացած երկրները գիտակցում են, որ տարածական արվեստի համար անհրաժեշտ է աշխարհի տարածքներն ու սահմանները բացել, քանի որ այն շոգեքարշի նման իր ետեւից թողնում է աղմուկ, ծուխ, որը հետագայում վերածվում է կրակի: Այլ կերպ ասած` մարդկությունն այսօր ցանկանում է գեղագիտական հարաբերություն ստեղծել եւ դա անում է արվեստի շրջապտույտով: Մինչեւ անգամ Ադրբեջանը, որին ընդունված է համարել անմշակույթ ազգ` այսօր խոշոր ռեսուրսներ է ներդնում իր երկրում Գուգենհեյմի թանգարան կառուցելու համար: Այդ թանգարանը ճանապարհ կբացի` միլիոնավոր զբոսաշրջիկների աշխարհին անհայտ Ադրբեջան բերելու եւ Ադրբեջանին արվեստի ընկալման ճանապարհով հայտնի դարձնելու համար: Գալերիստներն ու կոլեկցիոներները հաշվի կնստեն այդ երկրի հետ, հետեւաբար` այդ երկրում կշրջանառեն արվեստի գործեր, որոնք մեր օրերում դարձել են ամենակայուն արժեքները:

«Շեդեւր» կենտրոնի ներկայացրած Քոչարի գործն արժանացել է գլխավոր մրցանակի

Հայաստանը հերթական անգամ նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ մշակութային նվաճումների մասին խոսելը ոչ միայն ակտուալ չէ, այլեւ` ժամանակավրեպ է: Այս օրերին եվրոպական մամուլը հեղեղված է Երվանդ Քոչարի` «Art-Monako-exspo» ցուցահանդեսում գլխավոր մրցանակի արժանանալու մասին հրապարակումներով: Հայաստանն ընտրական թնջուկի մեջ է, եւ անգամ Մշակույթի նախարարությունն այնքան ծանրաբեռնված է քաղաքական օրակարգով, որ մրցանակի մասին նույնիսկ մամլո հաղորդագրություն չի տարածել: Արդեն երրորդ տարին է, ինչ Մոնակոյի աշխարհահռչակ Գրիվալդի ֆորումում ապրիլի 5-8-ը տեղի է ունենում «Art-Monaco-exspo» ցուցահանդեսը, որն աշխարհի բոլոր երկրների համար ընկալվում է` որպես սեփական երկրի հեղինակներին ներկայացնելու ոչ միայն խողովակ, այլեւ` մեծ շուկա: Այս ցուցահանդեսի հեղինակությունը թույլ է տալիս «արտադրել» կամ բացահայտել արվեստի լավագույն արժեքները` այդպիսով նաեւ մեծ համբավ բերելով տվյալ հեղինակի պետությանը: Այս ցուցահանդեսից հետո հաջողություն ունեցած ինչպես հեղինակների, այնպես էլ` երկրների հետ սկսում են հաշվի նստել բազմաթիվ գալերիստներ, կոլեկցիոներներ եւ, ի վերջո, պետական մշակութային գերատեսչություններ: «Art-Monaco-exspo»-2012-ին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը` շնորհիվ «Շեդեւր» բարձր արվեստի կենտրոնի: Ի դեպ, Մոնակոյում ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի թվով 99-ը գալերեաներ: Բացի այն, որ աշխարհի շատ երկրների գալերեաներ ներկայացնում են իրենց երկրի բարձր արվեստը` նաեւ ստեղծում են համագործակցության կապեր, արվեստի գործերի վաճառքի շրջանառություն են ապահովում: Հարկ է նշել, որ Գրիվալդի ֆորումը նաեւ համարվում է աշխարհի ամենաթանկ իրադարձություններից մեկը, որին մասնակցելու հնարավորություն բոլոր երկրներին չէ, որ տրված է: Ցուցահանդեսում արձանագրած «Շեդեւր» բարձր արվեստի կենտրոնի հաղթանակի մասին որոշակի տեղեկություններ ստանալու ակնկալիքով մենք դիմեցինք այս օրերին Ֆրանսիայում գտնվող «Շեդեւր» բարձր արվեստի կենտրոնի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի հետ: «Մենք հենց մուտքի մոտ բավականին լուրջ, մեծ տաղավար էինք վերցրել, որը, հավանաբար, տաղավարներից ամենամեծն էր, եւ շատերի կողմից Հայաստանի տաղավարը գնահատվեց որպես ամենաներկայանալին: Ներկայացրել էինք 28 հայ նկարիչների` Կոջոյան, Քոչար, Այվազովսկի, Սարյան, Արշիլ Գորկի, Փարաջանով, Հակոբ Գյուրջյան, Թութունջյան, Սեյրան Խաթլամաջյան: Պետք է մեծ ոգեւորությամբ նշեմ, որ հայ նկարիչների գործերը այլազգի` իտալացի, ֆրանսիացի արվեստաբանների կողմից ոչ միայն գովեստի խոսքերի, այլ նաեւ` հիացմունքի են արժանացել: Հեղինակավոր արվեստաբանները կարծիք էին հայտնում, որ մեր տաղավարը, ցուցասրահները իսկական թանգարանի նման են»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Գրիգորյանը, ով «Art-Monako-exspo»-ի ընթացքում այլ երկրների կոլեկցիոներների հետ համագործակցության լայն դաշտ է ստեղծել եւ արդեն հետաքրքիր առաջարկներ է ստացել: Վերջինիս հավաստմամբ` Այվազովսկու գործը ցուցահանդեսի ժամանակ իսկական «ֆուրոր» է արել, քանի որ արվեստաբաններն ու այցելուները ժամերով նայել եւ վերլուծություններ են կատարել նկարչի այն գործի մասին, որը մեր երկրում ցուցադրելիս` «բանի տեղ չեն դնում»: «Հայ նկարչության տաղավարի մոտ հերթեր էին գոյանում: Իսկ ռուսներն ու ուկրաինացիները մեզ ասում էին` Այվազովսկին մերն է, ինչո՞ւ եք հայ նկարչության մեջ ներկայացնում: Լավ է` գոնե Շահեն Խաչատրյանի գրքերից տարել էինք, որով բացատրում էինք, թե ով է Այվազովսկին»,- ասում է Ս. Գրիգորյանը` հավելելով, որ Հակոբ Գյուրջյանի «Հաղթանակ»-ը նույնպես ներկայացվել է ցուցահանդեսին: Դասականներից բացի, ներկայացվել են նաեւ ժամանակակից հայ նկարիչների գործեր: Ս. Գրիգորյանը վկայում է, որ շատ մեծ արձագանք է գտել Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտ) գործը. «Անկեղծ ասած` մենք չէինք ակնկալում նման արձագանք, առավել եւս` աղմուկ: Հայաստանի «Շեդեւր» բարձր արվեստի կենտրոնի մասնակցությունն այդ ցուցահանդեսին զուտ ճանաչողական բնույթ ուներ, ցանկանում էինք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «Art-Monako-exspo»-2012-ը, եւ ցուցադրեցինք հայ նկարչությունը: Մեզ համար շատ անսպասելի էր, որ Քոչարի գործը ճանաչվեց «Art-Monako-exspo»-2012-ի լավագույն գործը: Երկու օր VIP ընդունելություն եւ հերթեր եղան, որպեսզի մարդիկ կարողանան այդ գործը նայել: Մենք հատուկ պայմաններ ստեղծեցինք` լուսավորությամբ, առանձին տարածք հատկացրեցինք եւ ֆիլմն էլ ներկայացրինք, որպեսզի ժողովուրդը կարողանա նայել»: Ի դեպ, այդ անվանակարգը որոշելու համար հատուկ հանձնաժողով կա, որը բաղկացած է արվեստի գիտակներից եւ արվեստաբաններից: Լավագույն արվեստի գործ ճանաչված Քոչարի ստեղծագործությունը, որը հեղինակի 1927թ. ստեղծած առաջին տարածական գործն է, կրում է մարդկության սկզբի խորհրդանիշը: Այդ պատկերում խորհրդանշված է Աստծո կողմից Ադամի եւ Եվայի արարումը, ինչպես նաեւ նրանց մեղսագործությունների փաստագրումը: Ի դեպ, ցուցահանդեսի ժամանակ եղել են չորս անվանակարգերի համար նախատեսված մրցանակներ, որտեղ «Շեդեւր» կենտրոնին ներկայացրել են բոլոր անվանակարգերում: Այնուհանդերձ, «լավագույն գործ» ամենամեծ մրցանակը թվով 99 գալերեաների եւ երկրների մեջ տրվել է հայ հեղինակին, որին ներկայացրել է Հայաստանի «Շեդեւր» բարձր արվեստի կենտրոնը: Ս. Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ Գրիվալդի ֆորումի դիմացի հատվածում, Մոնակոյի ճանապարհների վրա, հյուրանոցում եւ ամեն տեղ «Art-Monako-exspo»-2012-ի հսկայական գովազդային վահանակները եղել են Քոչարի մարդկության սկիզբը խորհրդանշող աշխատանքի ֆոնը: Կազմակերպիչներն` այդ գործը գնահատելով որպես գանձ, փորձել են նաեւ շրջանառել ցուցահանդեսի PR-ն իրականացնելիս: Ի դեպ, ցուցահանդեսի ժամանակ արդեն Քոչարի գործը գնելու բազմաթիվ առաջարկներ եղել են: Որպես մեկնարկային գին` առաջարկվել է 500.000 եվրո, բայց այն չի վաճառվել, քանի որ դեռեւս փորձագիտական եւ բանակցային փուլ պետք է անցնի: «Գնել ցանկացողներ շատ կային, ընդ որում` մինչեւ անգամ Հնդկաստանի մագնատները: Եկան ֆոնդեր, որոնք արվեստով էին զբաղվում, եւ նրանք էլ վաճառելու առաջարկություն արեցին: Այս ցուցահանդեսը ցույց տվեց, որ Քոչար վերջին 50 տարվա մեջ այնքան չի գովազդվել, որքան` այս երեք օրվա մեջ: Այցելուներից շատերը զարմանում էին, ինտերնետով փորձում էին Քոչարի մասին տեղեկատվություն ստանալ. Ասում էի` բացե՛ք 1930թ. ինֆորմացիոն հոսքը ու կտեսնեք, որ Քոչարը Փարիզի բոլոր ցուցահանդեսներին մասնակցել է: Աշխարհը հայ նկարչությունից ինֆորմացիա չունի, հայ արվեստի մասին չգիտի ոչինչ: Այս ցուցահանդեսի ժամանակ այնքան հիացած էին, որ կարծում եմ` գնալու են ու փորձեն հայ հեղինակներին գտնել»,- ասում է Ս. Գրիգորյանը, ով, ի դեպ, մեծ բարդություններով եւ բավականին խոշոր գնով էր կարողացել ձեռք բերել Ե. Քոչարի վաղ շրջանի այդ աշխատանքը:

Նշենք նաեւ, որ տարածական այդ գործը կես դարից ավելի պահվել է մասնավոր կոլեկցիոներների մոտ: Մոտ 30 տարի այն գտնվում էր կոլեկցիոներ Պատրիկ Տրիգանոյի, իսկ հետագայում էլ` Փարիզի «Մինոտավր» գալերեայում` արվեստի մենեջեր Բենեդիտ Սապիրոյի մոտ: Արվեստի գիտակ, «Շեդեւր» բարձր արվեստի կենտրոնի հիմնադիր Ս. Գրիգորյանը շուրջ երկու տարի տարբեր կապեր գործադրելով` փորձում էր գտնել Քոչարի գործերը: «Փարիզում, երբ տեսա այդ բազմաշերտ ծավալային աշխատանքը` մի քանի րոպե շնչել չէի համարձակվում, այնքան ազդեցիկ ու համարձակ էր»,- հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր Ս. Գրիգորյանը:

Ինչեւէ, «Art-Monako-exspo»-2012 ցուցահանդեսին Ե. Քոչարի տարածական նմուշն աշխարհին հայտնեց Հայաստանի մասին: Մինչդեռ, Հայաստանը զբաղված է… ինքն էլ չգիտի իր նվաճման մասին: