Աննա Առաքելյանը` «Միսս Հայաստան 2012»

12/04/2012

2007թ. «Միսս Հայաստան» Մարգարիտա Սարուխանյանն ապրիլի 10-ին Հայաստանի ամենագեղեցիկ աղջկա թագը հանձնել է այս տարվա հաղթողին: Հինգ տարվա ընդմիջումից հետո Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթը:

«Միսս Հայաստան 2012» է դարձել Աննա Առաքելյանը: Երեւանը ներկայացնող գեղեցկուհին 20 տարեկան է, հասակը` 173 սմ, սիրում է պարել եւ ընթերցանությամբ զբաղվել: Նախատեսվածի համաձայն` հենց ինքն էլ կդառնա «Միսս աշխարհ 2012»-ի Հայաստանի ներկայացուցիչը:

ՀՀ մարզերից եւ Երեւանից մրցույթին մասնակցող աղջիկները բեմ են դուրս եկել լողազգեստներով, երեկոյան զգեստներով, ինչպես նաեւ` ազգային տարազներով: Հայուհիներին գնահատել են Նելլի Խերանյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Տիգրան Ներսիսյանը եւ ժյուրիի մյուս անդամները:

«Միսս Հայաստան 2012» մրցույթի երկրորդ հորիզոնականում Երեւանը ներկայացնող 17-ամյա Անահիտ Գաբրիելյանն է, իսկ երրորդում` 18-ամյա Կատերինա Աբրահամյանը` Աբովյանից: