Ինչպես երեկ մեր թերթի ինտերնետային կայք-էջում (www.168.am) կանխատեսել էինք՝ «այո»-ների թիվը գերազանցեց 1մլն 410 հազարը, իսկ ավելի ստույգ՝ 1.411.791 մարդ կողմ է «քվեարկել» սահմանադրական փոփոխություններին։ Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հանրաքվեին մասնակցել է ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Եթե այս թվերն ընդունենք որպես ճշմարտություն, ապա կարելի է միայն մեկ եզրակացություն անել՝ Ռոբերտ Քոչարյանին սիրողների թիվը մեր հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում 2 անգամ աճել է։ Այդ «սիրո եւ վստահության» ֆոնի վրա հետաքրքիր է մեր ազգային դրամի պահվածքը։ Նոյեմբերի 22-ին մեկ դոլարն արժեր 466 դրամ, դրանից հետո փոխարժեքը սկսեց աստիճանաբար, դանդաղ կերպով նվազել։ Հանրաքվեի օրը փոխանակման կետերում դոլար կարելի էր ձեռք բերել 460 դրամով, երեկ առավոտյան՝ 458, իսկ երեկոյան՝ 453։ Ամենայն հավանականությամբ, իշխանության եւ ավելի քան 90 տոկոսով «անցած» սահմանադրական փոփոխությունների արդյունքում ակնկալվող պայծառ ապագայի նկատմամբ ժողովրդի «վստահությունն» անցել է նաեւ ազգային արժույթին։ Ընդհանրապես, նորմալ երկրներում, որտեղ փոխարժեքի տատանումները հնարավոր է բացատրել տնտեսագիտական տեսանկյունից, ներքաղաքական վայրիվերումների ժամանակ ազգային արժույթը սովորաբար արժեզրկվում է։ Եթե փորձենք մեր օրինակով դա ինչ-որ կերպ բացատրել, ապա միակ հիմնավորումն այն է, որ ժողովուրդն արդեն պատրաստվում է Նոր տարվան եւ այդ տոնը նորմալ նշելու համար նախատեսած դոլարները կամաց-կամաց վեր է ածում դրամի։ Ընդդիմությունը նույնպես զբաղված է հաշվարկներով (բառի բուն եւ փոխաբերական իմաստներով) եւ դեռ չի մտածում ավանդույթ դարձած՝ խոզի բդի եւ այլ ատրիբուտների մասին։ Երեկ կայացած հանրահավաքին մասնակցում էր 10-12 հազար հոգի, որն ինֆորմացիոն (մասնավորապես, հեռուստատեսային) բացարձակ բլոկադայի պայմաններում բավական տպավորիչ ցուցանիշ է։ Ընդդիմադիր գործիչները հույս ունեն, որ այսօր ժամը 16։00-ին տեղի ունենալիք հանրահավաքին մասնակիցների թիվը կբազմապատկվի։ Ի դեպ, պարզվում է` հաշվարկների հետ սեր ունի նաեւ մաեստրո Օհան Դուրյանը։ Մասնակիցներին հորդորելով հաջորդ օրը հանրահավաքի ժամանակ իրենց հետ բերել եւս մի քանի հոգու, նա կատակով ավելացրեց՝ «հաշվելու եմ»։ Իսկ Ազատության հրապարակում երեկ նորից համերգ էր, ամենաանհամեստ հաշվարկներով՝ 20-25 հանդիսատես եւ մի այդքան էլ ոստիկաններ կային։ Ահա այսպիսի հաշվարկներ եւ այսչափ երաժշտասեր ոստիկաններ։