Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների «աննախադեպության» մասին եւ իշխանությունների, եւ ընդդիմության կողմից ամիսներ շարունակ թմբկահարվող հայտարարությունները հօդս ցնդեցին ապրիլի 8-ին` նախընտրական քարոզչության առաջին օրը: Խոսքը տվյալ դեպքում ընտրությունների օրինականության, ազատ եւ արդար ընթացքի վերաբերյալ հայտարարությունների մասին չէ: Եվ իշխանությունները, եւ ընդդիմությունը հայտարարում էին, որ այս ընտրությունները Հայաստանի համար ունենալու են կարեւորագույն, բախտորոշ, հանգրվանային, վճռորոշ, ճակատագրական նշանակություն: Դա ենթադրում էր, որ բոլորն այս ընտրություններին պետք է պատրաստվեն բոլորովին այլ, նույնքան «աննախադեպ» եռանդով, ոճով, պրոֆեսիոնալիզմով, ընտրողի հետ խոսելու, երկխոսելու, հաղորդակցվելու միանգամայն այլ մշակույթով: Սակայն կիրակի օրվանից հեռուստաեթերում եւ ինտերնետում հեռարձակվող, առանց բացառության, բոլոր կուսակցությունների նախընտրական հոլովակներն ու բաժանված բուկլետները ցույց տվեցին, որ մայիսի 6-ի ընտրություններն ընդամենը Հայաստանի գորշ, հետադիմական, հուսահատ ընթացքի իներցիոն շարունակությունն են, որում մասնակից են բոլոր քաղաքական ուժերը: Իշխանությունն, ինչպես միշտ, ցուցադրում է վերջին հինգ տարիների «Հայլուրի» արխիվի «լավագույն» կադրերը` համոզելով հավատալ, որ հետո ավելի լավ է լինելու: Իշխանության մեկ այլ` ոչ պակաս իշխանական ուժ ցույց է տալիս միայն իշխանական կուսակցությանը հասանելի հզորություն, բայց ուզում է, որ իրեն ընկալեն որպես ընդդիմություն` ոչ թե հավատան, այլ վստահեն: Ընդդիմությունը` հետ չմնալով իշխանությունից, ցուցադրում է սեփական համակարգչային արխիվների լավագույն կադրերը` խոստանալով պայքարել իշխանական կեղծիքի դեմ, մեկ այլ` ընդդիմադիր ներկայացող ուժ քրդական մուղամի տակ խոստանում է կառուցել 21-րդ դարի արժեքներով երկիր… Այս շարքը կարելի է շարունակել, սակայն իրականում դրանից ոչինչ չի փոխվի: Ընդ որում, կուսակցությունների անունները չենք հիշատակում ոչ թե նրանց նկատմամբ հակաքարոզչություն չանելու մղումով, այլ այն պատճառով, որ իրականում հասարակության, ընտրողների դիտակետից նրանք բոլորն էլ մի հարթության մեջ են, բոլորն էլ հակառակ ճամբարում են: Քանի որ ընտրությունների նախօրեին եւս մեկ անգամ ընտրողը տեսնում եւ հասկանում է` բոլորն էլ իշխանություն են. մեկը` իշխանական լծակներով, մյուսը` այդ լծակներին հասնելու անհաղթահարելի մղումով… Այսինքն` մի կողմում քաղաքացին է, ընտրողը, մյուսում` այն, ինչ բարեկրթության կանոններից ելնելով` ընդունված է անվանել քաղաքական համակարգ` իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններով հանդերձ: Այս իշխանությանը` «քաղաքական համակարգի իշխանությանը», լայն իմաստով ընդդիմադիր է ողջ հասարակությունը, որն, ի տարբերություն այդ համակարգի, կազմակերպված չէ, չունի ֆինանսական ռեսուրսներ եւ գուցե ավելի գիտակից լինելով` հրաժարվում է պայքարել այս անհավասար խաղում: