«Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել` առանց խորը հավատի»,- երեկ Ծաղկաձորում ԵՊՀ ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով ներկաներից մեկի` «ինչի՞ն հավատանք եւ ի՞նչն ենք փոխելու» հարցին: «Պատկերացրեք` զինվորը գնում է մարտի, եւ եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողանանք աշխարհին համահունչ ընթանալ: Սակայն միայն Հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, եւ բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել»,- ասել է Ս. Սարգսյանը: