Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Մերուժան Մխոյանը, ով ապրիլի 6-ին ծեծի էր ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ապրիլի 7-ին ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ անհայտ անձինք մտել էին Մխոյանի տուն, նրան ծեծի ենթարկելով տարել էին Սարդարապատ գյուղի գերեզմաններ եւ կրկին դաժան ծեծի ենթարկել նրան: Մ. Մխոյանի կինն ու եղբոր կինը, ովքեր ականատես են եղել ուրբաթ առավոտյան տեղի ունեցած դեպքերին, «Ազատություն» ռ/կ-ին ասել են, որ Մխոյանը սպառնալիքի ներքո ստիպված է եղել հրաժարվել ընտրապայքարից. այդ ողջ ծեծուջարդի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխող ՀՀԿ-ի թեկնածուին` Ալեքսան Պետրոսյանին: Թեկնածու Ա. Պետրոսյանի նախընտրական շտաբից հերքեցին այս պնդումները, կրկին հայտարարելով, որ իրենց թիմակիցներն այդ միջադեպի հետ որեւէ կապ չունեն: Իսկ Ոստիկանությունից էլ փոխանցել են, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան: Ըստ Ոստիկանության տեղեկատվության, տուժողներ են ճանաչվել երկու երիտասարդներ, որոնք, Մխոյանների ընտանիքի պնդմամբ, ծեծի ենթարկողների թիմից են: