Այսօր ժամը 16:00-ին միասնական ընդդիմությունը Մատենադարանի հարակից տարածքում մեծ հանրահավաք կանցկացնի եւ հենց այսօր ժողովրդին կտեղեկացնի, թե գործողությունների ինչ հերթականությամբ պետք է դուրս գալ գործող «ապօրինի վարչախմբի դեմ»:
Այսօր ընդդիմությունը մինչեւ ժամը 16:00-ն ավտոշարասյունով` շչակները միացրած, կանցնի Երեւան քաղաքով ու հանրապետության բոլոր մարզերով, եւ ժողովրդին, ովքեր չեն ընդունում «գողական կեղծիքներով» հանրաքվեն, կուղեկցի Մատենադարան: «Սիգնալ տվեք, տղերք: Այդ սիգնալն ամոթի սիգնալ է լինելու»,- երեկ Մատենադարանի հարթակից ժողովրդին կոչ արեց Արամ Զ. Սարգսյանը: «Եթե իրենց «այո»-ներ են պետք, էդ թերթիկներից 5000 հատ էլ, որոնք չեն հասցրել լցնել, մեր գրասենյակում կա»,- ասաց «Հանրապետության» նախագահն ու քվեաթերթիկները հարթակից ներքեւ շպրտեց: Թափվելուն պես ժողովուրդը սկսեց պատառ-պատառ անել ու ոտքերով տրորել: Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե իր հրավիրած հանրահավաքին այդքան քիչ մարդ լիներ, ապա ինքն ինքնասպան կլիներ. «Եթե ես ժողովրդի կողմից ընտրված չլինեի, եթե ինձ երեք անգամ «ոչ» ասեր ժողովուրդը, ես իսկապես ինքնասպան կլինեի: Դուք պատիվ, հարգանքից խոսելու իրավունք չունեք, որովհետեւ այս ժողովուրդը ձեզանից զզվում է, տանել չի կարողանում: Այս ժողովուրդը սպասում է, որ օր առաջ ձեզանից ազատվի, որովհետեւ դուք այս ժողովրդի դժբախտությունն եք: Դուք այս ժողովրդի հետ կապ չունեք, դուք օտար եք եղել ու ձեր օտարությունից եք գազազած, որովհետեւ այստեղ ձեզ երբեք որպես յուրային չընդունեցին»: Իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին, որի նստավայրի մոտ արդեն կանգնեցվել էին փշալար արձակող ու ջրցան մեքենաները, Ա. Սարգսյանը խորհուրդ տվեց անմիջապես ինքնասպան լինել, այլապես ժողովուրդն ինքը կտեսնի նրա դատաստանը. «Տեսեք այդ մարդու մտածելակերպը: Ամոթ քեզ, այ դրանից (պաշտպանվողական մեքենաներից:-Լ.Ս.) է պետք ինքնասպան լինել: Թող չգնան իրենց սենյակներում պախկվեն ու ինքնասպանությունից խոսեն: «Մեյդաններից» են ելույթ ունենում: Թող գան ժողովրդի մոտ, տեսնենք հերթը կհասնի՞ ինքնասպանությանը, թե՞ ժողովուրդն իր դատաստանը կտեսնի»: Հետո խորհուրդ տվեց «Ներքին զորքերի բերած ջրցան մեքենաներն ու փշալարերը» տուն ուղարկել. «Մի վախեցեք, այսօր ձեր վրա չենք գալու: Գալուց ասելու ենք, ու դուք այդ շենքում էլ չեք լինելու: Փշալարերը կանգնեցնում եք, ու շենքից փախնում եք` դա էլ գիտենք»,- ասաց նա:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ ժողովրդին հիշեցրեց, որ երբ վաթսունականներին իրենք պայքարում էին Ցեղասպանության ընդունման, Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու, անկախ Հայաստանի համար, Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղում` «ընդունելով Ադրբեջանի խաղի կանոնները», երազում էր «Շոլկովի» կոմբինատի պարտկոմ դառնալ ու «Զապորոժեց» ունենալ: «Ինքն էլ իր նպատակին հասավ, մենք էլ: Արանքում հատում եղավ: Ճանապարհները շեղվեցին: Հայաստանում նախագահ լինելով` ինքը փորձում է իրականացնել իր երազած երկիրը: Իսկ դա նշանակում է` Խորհրդային Միության, արեւելյան պետության ու արեւմուտքի ամենավատ կողմերի կուտակում: Եթե ինքը մենակ լիներ, այդքան սարսափելի չէր լինի: Բայց այս տարիների ընթացքում այն տականքը, որ կա ամեն ժողովրդի մեջ, ինքը վերեւ բարձրացրեց ու ստեղծեց սրիկաների իշխանություն: Կարողանալո՞ւ ենք մենք սա ներել, այսպես կռացած վիճակո՞ւմ ենք ապրելու»,- հարցրեց Վ. Մանուկյանը: Նրա համոզմամբ, իշխանությունները հանրաքվեի մասնակցության բարձր տոկոսներ հրապարակելով` ժողովրդին մինչեւ վերջ ստորացնելու, իրեն հնազանդ դարձնելու խնդիր ունեին: «Սա ի՞նչ խնդիր է, ո՞ր: Մենք հսկայական Խորհրդային Միության հետ ենք պայքարել, Ադրբեջանին ենք հաղթել, երբ մեզանից մի քանի անգամ ուժեղ էր: Սահմանադրական ճանապարհ են ասում, թե ինչ են ասում, ես չեմ իմանում, սա ինձ համար ազգային-ազատագրական պայքար է, եւ բոլոր մեթոդներն ընդունելի են: Ազգային դավաճանության դեպքում ամեն մեթոդ ընդունելի է, ոչ մի բանից մի վախեցեք: Մենք շատ ավելի բարդ խնդիրներ ենք լուծել,- սպառնաց նա եւ` դիմելով ժողովրդին, ասաց,- ով չի դիմանա այս տեմպին, թող կողք կանգնի, չխանգարի: Մի քանի սրիկայի ձեռքն այս երկիրը չի կորելու»:
Երեկ իր «ստանդարտ» ելույթից շեղվել էր անգամ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որ իշխանությունների հրապարակած հանրաքվեի արդյունքները որակեց «անօրինական գործընթացի եզրափակիչ ակորդ»: «Ես դեռ նախագահական ընտրությունների ժամանակ ասում էի` կարելի է նկարել ոչ թե 67 տոկոս, այլ` 90 տոկոս, եւ միեւնույն է` մնալ ոչ լեգիտիմ: Նույնը վերաբերում է հանրաքվեին: Կարող է ցույց տալ 2 կամ 2,5 մլն, բայց, միեւնույն է, դա չի նշանակում, որ հանրաքվեն կեղծված չէ, որովհետեւ ժողովուրդը շատ լավ տեսել է, թե ինչ է կատարվել: Իրեն հատուկ ցինիզմով ապօրինի վարչախումբը հերթական անգամ արհամարհեց իր ժողովրդի կամքը: Մենք սա չենք հանդուրժելու, մեր ժողովուրդը սա չի կարող հանդուրժել: Ուղղակի սուտն ու կեղծիքը հեղեղել են: Մենք միասին պայքարելու ենք եւ հեռացնելու ենք այս ապօրինի վարչախմբին»,- խոստացավ Ս. Դեմիրճյանը: «Ժողովրդավարություն եւ Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, կատարված հանցագործության ու դավաճանության հեղինակները երկուսն են` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց օժանդակել է ընտրական հանձնաժողովներում ընդգրկված դաշնակցական, օրինացերկրացի, Հանրապետական, ՄԱԿ-ական եւ մնացած սպասարկող քաղաքական ուժերի «20.000 խուժան»: «Այսօրվա իշխանություններն, իրոք, հոգեբույժի կարիք ունեն»,- ասաց Պ. Մակեյանն ու Դաշնակցությանը մեղադրեց Շիրակի մարզում գյուղապետերին եւ ժողովրդին փող բաժանելու ֆունկցիան իրականացնելու մեջ: «Արտակ Սահրադյանն այնքան չկարողացավ նկարել, ինչքան Գարեգին Ազարյանը: Իսկ Քոչարյանի պահվածքը սովորական կոլխոզի նախագահի պահվածք է»,- նկատեց նա:
Երեկվա հանրահավաքին ներկա էր նաեւ մաեստրո Օհան Դուրյանը: Նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանում ապրել ստերի ու կեղծիքների մեջ, բայց նաեւ չի կարող կեղծիքներով «գերեզման գնալ»: «Իմ սիրտը լաց է լինում, ես չեմ ուզում գնալ գերեզման այս կեղծիքներով: Ուզում եմ` հայ ժողովուրդն ազատ շնչի, ոչ թե նմանվի նրանց, ովքեր սուտ ժողովրդավարություն են քարոզում»,- ասաց նա ու ժողովրդին կոչ արեց այսօր շատ հավաքվել: «Պիտի հաշվեմ ձեզ, այսօր ավելի շատ մարդ պիտի լինի այստեղ, վայ: Հավատացեք, որ ապրել եմ նաեւ կոմիունիստական սիստեմում, բայց այսքան կեղծիք չկար այն ժամանակ»: Իսկ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ընդդիմությանը խորհուրդ տվեց ամեն ինչ անել, որպեսզի պայքարի շիկացումը չմարի ու չկրկնվի 2003թ. պատմությունը: Իսկ հետո` դիմելով ժողովրդին, ասաց. «Ո՞ւր են, ինչո՞ւ է պասիվացել մեր ժողովուրդը: Մի՞թե չեն տեսնում ահագնացող վտանգը: Ինչո՞ւ եք զգուշավոր նստում տանը: Չէ՞ որ ես գիտեմ, որ հարյուրավոր հազարներ` ատելով այս հանցագործներին, նստում են տանն ու պասիվ կերպով են ատում: Ակտիվ է պետք ատել, այլ ոչ թե` խոհանոցում իրար հետ փսփսալով ու հայհոյելով սրանց: Միայն դուք կարող եք սատար կանգնել, որպեսզի ազատվենք այս ոհմակից»: Ակադեմիկոսի վերջին կոչն ուղղված էր Տիգրան Թորոսյանին, Վահան Հովհաննիսյանին ու Հրանտ Մարգարյանին: Իսկ Գալուստ Սահակյանի անունը նա ընդհանրապես չի ուզում լսել, որովհետեւ նրան համարում է «շատ անբարոյական» մարդ. «Բայց Տիգրան Թորոսյան, ես քեզ համարում էի կիրթ, ազնիվ երիտասարդ, ի՞նչ պատահեց քեզ հետ, մի՞թե դու չես հասկանում, որ դու մասնակցում ես համազգային դավաճանությանը: Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան: Ես ու կինս երկու տարի դուրս չենք եկել դատարանի դահլիճներից` պաշտպանելով ձեզ, երբ դուք կալանավորված էիք: Ինչի՞ համար, որ դուք հիմա օժանդակեք այս գավառական բռնամարտիկի՞ն: Ո՞ւր է ձեր դաշնակցական այն պատմական խիղճը, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ նա կործանի այս երկիրը: Ինչի՞ց եք կառչել` պաշտոնների՞ց, հարստանալու հնարավորությունի՞ց: Ինչի՞ մասին եք մտածում»:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի լույս 27-ն Ազատության հրապարակում ոտքի վրա կանգնել էր Հայաստանի եռագույն դրոշի կողքին` այդ կերպ արտահայտելով իր բողոքն ընդդեմ անօրինական իշխանությունների: Հանրաքվեի օրը նա եռագույնը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին պաշտոնապես հանձնելուց հետո էր միայն գնացել հանգստանալու, ու երեկ դարձյալ վերադարձել էր հանրահավաքի: «Համազգային այս հավաքն ապացույցն է, որ Հայաստանի Հանրապետությունում կենդանի է քաղաքացու գիտակցությունը եւ անկախության նկատմամբ ակնածանքը: Ժողովրդավարության սկզբունքների, ազգային շահերի եւ նպատակների, քաղաքացիական իրավունքների մասին ձեր քարոզները տարեք ուրիշ տեղ: Տարեք «Մեյդան», ձեր կուսակցության անկյունները, որովհետեւ ՀՀ-ն, մեր ազգը խաղալիք չէ»,- իշխանություններին զգուշացրեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ կեղծված հանրաքվեն լինելու է մեր նորագույն պատմության վերջին ամոթը: «Սա մեր սերնդի վերջին ամոթն է, որ մեր ինքնիշխան տարիներին թույլ տվեցինք ոտնահարել մեր իրավունքը: Բայց դա այլեւս չի կրկնվելու»,- ասաց նա: