Պոեզիայի ժամ

10/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները, որոնք պետք է իրականություն դարձնեն առաջիկա 5 տարիներին, եթե, իհարկե, հաղթեն ընտրություններում եւ, որ ամենակարեւորն է, տեր կանգնեն իրենց խոստումներին:

Առաջին հերթին, բնականաբար, ուշադրություն են գրավում կոալիցիոն երեք` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոնք հավակնում են նորից խորհրդարանում մեծամասնություն ունենալ: Եվ հետաքրքիր է, թե հերթական հնգամյակին հրաժեշտ տալուց հետո ընտրողներին ինչ են խոստանում այս ուժերն արդեն գալիք հնգամյակի համար: Իսկ այդ խոստումները հետաքրքիր են համեմատության մեջ: Այսինքն` այս կուսակցությունները կատարե՞լ են 5 տարի առաջ այս օրերին հրապարակավ խոստացած ծրագրերը, որ այժմ խոստումների նոր փունջ են մատուցում հայ հանրությանը: Եվ այսպես` տեսնենք, թե ինչ էր խոստացել իշխող ՀՀԿ-ն 2007թ. եւ ինչ է խոստանում այսօր: Եվ, որ ամենակարեւորն է, ինչ է կատարել 2007թ. խոստումներից: Ի դեպ, ՀՀԿ-ն հենց այդպես էլ ներկայացրել է իր ծրագիրը` յուրաքանչյուր ոլորտում իր անելիքներին անդրադառնալիս` զուգահեռ ներկայացրել է, թե ինչ է արել այդ նույն բնագավառում 2007-ից մինչ այսօր: Բայց երբ թերթում ես ՀՀԿ-ի այս երկու նախընտրական ծրագրերը, մի հետաքրքիր տարբերություն է նկատվում` լիրիկականությունը եւ հուզականությունը, ինչը չկար 5 տարի առաջ: Ի տարբերություն նախորդ ընտրություններում ներկայացված ծրագրի` այս անգամ կոնկրետությունը, ծրագրային դրույթները բավականին քիչ են, փոխարենը շատ են ընդհանուր բնույթի խոստումները, ինչը լսելու պակաս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՀՀ քաղաքացիները չեն ունեցել վերջին տարիներին: Դժվար է ասել, թե որն է այս ոճաբանական տարբերության պատճառը: Միգուցե այն, որ ՀՀԿ գործող նախագահն ունի բանասիրական կրթություն, իսկ վարչապետն էլ սիրում է դասախոսություններ կարդալ: Կամ` այն, որ այս անգամ որոշել են իրենց խոստումները չկոնկրետացնել, որ հաջորդ հնգամյակից հետո թվային համեմատությունների դեպքում շեղումների մասին հնարավոր չլինի կոնկրետ խոսել:

Ինչեւէ, ՀՀԿ-ի նոր ծրագրում անդրադարձ կա բոլոր բնագավառներին` սկսած արտաքին քաղաքականությունից, ազգային անվտանգությունից` մինչեւ տնտեսության յուրաքանչյուր ճյուղը: Բնականաբար, առաջին հերթին հետաքրքիր է տնտեսական հատվածն իր բոլոր բնագավառներով: Բայց զարմանալիորեն հայտնի է դառնում, որ ամենառոմանտիկ եւ դատարկ հատվածը հենց այս մասն է: Այստեղ բավականին արմատական փոփոխություն ենթադրող` «Տնտեսական քաղաքականության փոփոխությունը» վերնագրից հետո հայտնաբերում ենք ընդամենը այսպիսի մի քանի նախադասություններ. «ՀՀԿ արժեհամակարգում կարեւորվում է սեփական աշխատանքով արժանավայել ապրելու երաշխիքների ստեղծումը յուրաքանչյուր քաղաքացու համար», «ՀՀ-ն կարիք ունի ներդրումների, արդիական ձեռնարկությունների, նոր տեխնոլոգիաների, որոնց ներգրավումը եւ իրագործումը տեսնում ենք պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա», «Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումները»: Իսկ կատարված աշխատանքի բաժնում ընդամենը նշված է, որ համաշխարհային ճգնաժամը բացահայտեց մեր տնտեսության ուժեղ եւ թույլ կողմերը (դեռ անհայտ է, թե որն է մեր տնտեսության ուժեղ կողմը.- Ա.Ա.): «Դասեր քաղելով` մենք ամբողջությամբ վերականգնել ենք նախաճգնաժամային ՀՆԱ-ի ցուցանիշը, տնտեսությունը դարձրել առավել բազմազան, եւ դրանով իսկ այսօր ավելի ուժեղ ենք»,- նշված է ՀՀԿ ծրագրում: Նաեւ նշված է, որ առաջին անգամ մեր նորանկախ պետության պատմության մեջ կառավարությունն ի վիճակի եղավ ՀՀ գործարարին աննախադեպ օժանդակություն ցուցաբերել` հաղթահարելու համար ճգնաժամի բացասական հետեւանքները: Ընդամենն այսքանը. թվային որեւէ ցուցանիշ նշված չէ, թե անցած 5 տարիներին ՀՀ տնտեսության կառավարման ղեկին կանգնած ՀՀԿ-ն կոնկրետ ի՞նչ զարգացումներ է ապահովել: Բնականաբար, չկա նաեւ կոնկրետ խոստում: Հիշեցնենք, որ 2007թ. նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն խոստացել էր, որ 2012-ին մեր երկրի Համախառն ներքին արդյունքը պետք է ունենա կրկնակի աճ: 5 տարի առաջ ՀՀ ՀՆԱ-ն մոտ 3,1 տրիլիոն դրամ էր, 2011-ին` մոտ 3,8 տրիլիոն դրամ: Այսինքն` ավելացել է ընդամենը 22 տոկոսով, այն էլ, հավանաբար, ոչ թե ծավալի, այլ գնաճի հաշվին: Եթե կրկնակի աճեր, պետք է հատեր 6 տրիլիոնի սահմանը:

ՀՀԿ-ն խոստացել էր աշխատավարձերի կրկնակի աճ, բայց անցած հնգամյակում միջին աշխատավարձը 74.000 դրամից հասել է ընդամենը մոտ 115.000 դրամի: Նույն վիճակն է նաեւ տնտեսության արդեն ճյուղային` արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում: «Արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասցրել ենք 17 տոկոսի»,- նշված է ՀՀԿ-ի ծրագրում: Տպավորություն է ստեղծվում, որ այն ինչ-որ պակաս ցուցանիշից բարձրացվել եւ հասցվել է 17 տոկոսի: Սակայն 2007թ. արդյունաբերության ծավալը գումարային արժեքով եղել է 716 մլրդ դրամ, ինչը 3,1 տրիլիոն ՀՆԱ-ի դեպքում կազմել է մոտ 23 տոկոս: Այսինքն` անցած 5 տարիներին արդյունաբերությունը ոչ թե աճել, այլ նվազել եւ հասել է մինչեւ 17 տոկոսի: Մինչդեռ 5 տարի առաջ ներկայացված ծրագրում ՀՀԿ-ն խոստանում էր բարձրացնել ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը: «Հարկային բեռը շարունակաբար տեղափոխելու ենք դեպի խոշոր հարկատուները` տարեցտարի ավելացնելով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը»,- կարդում ենք ՀՀԿ-ի 2012թ. ծրագրում: «Հարկային եկամուտների եւ ՀՆԱ-ի հարաբերակցության զգալի աճի ապահովում` որպես տնտեսության ստվերայնության կրճատման կարեւոր գործոն»,- նշված էր արդեն 2007-ի ծրագրում:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի տվյալներով` Հայաստանում ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 2007-ին եղել է 16 տոկոս, 2008-ին` 17,3 տոկոս, բայց 2009-ին իջել է մինչեւ 16,5 տոկոսի: 2011-ին այն նորից չի կարողացել հատել 17 տոկոսի շեմը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունն այն ցուցանիշն է, որ տնտեսական աճի հետ այնքան էլ կապ չունի, այն արտացոլում է տնտեսության մեջ ստվերի առկայության ցուցանիշը: Եվ որքան ցածր է այդ ցուցանիշը, նույնքան մեծ է տնտեսության մեջ ստվերայնության աստիճանը: Եվս մի անգամ կրկնենք, որ մեր հարեւան Վրաստանում այն մոտ 25 տոկոս է: Եվ մեր իշխանությունների կողմից անընդհատ թմբկահարվող համաշխարհային ճգնաժամը բոլորովին մեղք չունի, որ մեր երկրում ստվերը կրճատվելու փոխարեն աճել է, ու ՀՀԿ-ի այս մի խոստումն էլ չի կատարվել:

Ավելորդ է ավելացնել, որ չի կատարվել կենսաթոշակների ու նպաստների 2,5 անգամ աճը եւ աղքատության մակարդակի 1,5 անգամ նվազումը: Աշխատանքային միջին կենսաթոշակը 21.370 դրամից դարձել է ընդամենը 31.225 հազար դրամ, անապահով խավի ներկայացուցիչներին տրվող նպաստը` 21.100 դրամից` 29.530 դրամ: Իսկ աղքատության մակարդակը 2007-ի 27 տոկոսից ոչ թե նվազել է, այլ հասել է մոտ 37 տոկոսի:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական հատվածը նույնքան խոցելի է, որքան ՀՀԿ 13-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի նույն հատվածը: Նույն ընդհանրական վիճակն ու խոստումներն են նաեւ առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պահպանման, մշակույթի, պետական կառավարման համակարգի ու մյուս բոլոր ոլորտներում: Ի դեպ, խոստումներն էլ գրեթե նույնն են եւ նույնքան անկատար, որքան 2007-ին: Եվ դժվար է ասել` եթե հետեւենք ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, կփոխվե՞ն վերը նշված ցուցանիշները, եւ ՀՀ քաղաքացին կունենա՞ արժանապատիվ ապագա:

ՀՀԿ-ի նման

Գրեթե նույն ընդհանրական վիճակն է նաեւ կոալիցիոն մյուս` ԲՀԿ եւ ՕԵԿ նախընտրական ծրագրերում, նույն անկատար խոստումներն են կրկնվում: Եվ պարզ չէ, թե 50+1 տոկոսի ձգտող ԲՀԿ-ն որքանով է բարձրացնելու ՀՀ ՀՆԱ-ն, ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը, միջին աշխատավարձը, կենսաթոշակներն ու նպաստները, որպեսզի «յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, թոշակառուն ստանա արժանապատիվ կենսաթոշակ, հիվանդը` որակյալ եւ հասանելի առողջապահական ծառայություն, ուսանողն ու աշակերտը` որակյալ ու հասանելի կրթություն», ինչպես նշված է ԲՀԿ ծրագրում: Որքանով է կրճատելու աղքատության մակարդակը, որ դրա արդյունքում կարողանա կրճատել իր կողմից քննադատվող արտագաղթը: Չէ՞ որ տնտեսությունը, առավելեւս, դրա աճի ու զարգացման ցուցանիշները, ոչ թե հուզականությամբ, այլ կոնկրետ թվերով են չափում: Իսկ միակ կոնկրետ եւ իրական թիվը, որ նշված է ԲՀԿ-ի ծրագրում, վերաբերում է ՀՀ 10 մարզերում «մեքենատրակտորային առնվազն մեկական կայանի ստեղծմանը», ինչը արդեն փորձել է անել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ բազմաթիվ տրակտորներ է ներկրել Հայաստան:

Բայց արդյո՞ք ԲՀԿ-ի խոսքը գործ է, երբ իր ծրագրերում խոստանում է տնտեսության ստվերայնության դեմ կոշտ պայքար մղել, բայց խորհրդարանում տապալում է կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրինագիծը, ինչը ենթադրում էր գործարքներում դրամաշրջանառության որոշակի լեգալացում: Արդյոք ԲՀԿ-ի խոստացած ժողովրդավարացման խորացման նպատակո՞վ այդ խմբակցության անդամները կողմ քվեարկեցին «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրինագծին, որը ենթադրում է բանակի օգտագործումը արտակարգ դրության, չի բացառվում` նաեւ քաղաքական գործընթացների ժամանակ, եւ այդպես շարունակ: Եվ ընդհանրապես, ԲՀԿ-ն գրեթե նույնքան պատասխանատու է վերը նշված տնտեսական անկատար ցուցանիշների համար, որովհետեւ 5 տարի շարունակ եղել է կոալիցիայի անդամ եւ կառավարության գործունեության մասնակիցը: ԲՀԿ-ի «4 նախարարությունների պատասխանատվության ներքո է գտնվում պետական բյուջեի 35 տոկոսի տնօրինումը», ինչպես վերջերս կոալիցիոն գործընկերոջը արդարացիորեն հիշեցրել էր ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը:

ԲՀԿ-ի նման ՕԵԿ-ը նույնպես պատասխանատու է իշխանությունների չկատարած խոստումների համար: Այս կուսակցությունը սկսած 2008-ից` միայն գովերգել է իշխանությունների քայլերը: Եվ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում գրեթե նույն անկատար խոստումներն են, որոնք կային 2007-ին: Ծրագրային բուկլետի միակ հիմնավոր տարբերությունը, թերեւս, այն է, որ անցած անգամ ՕԵԿ նախագահ եւ փոխնախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողքին` բուկլետում այս անգամ Մհեր Շահգելդյանի փոխարեն` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է: Եվ այս անգամ ՕԵԿ-ի ծրագրային թերեւս միակ ու ակնառու թվային խոստումն այն է, որ առաջարկում է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամից դարձնել 100.000, իսկ 3-րդի դեպքում` 400.000-ից դարձնել 600.000 հազար դրամ:

Ահա այսպիսի արդյունքների ու խոստումների հակասության պայմաններում ՀՀ քաղաքացին մայիսի 6-ին պետք է որոշի, թե որ կուսակցությանն է վստահելու հաջորդ 5 տարիների իր ճակատագիրը: Եթե, իհարկե, նրա ձայնը գոյություն չունեցող ընտրողների բազմահազարանոց ցուցակում վճռորոշ լինի: