Ծեծված թեկնածուն տուժող չի ճանաչվել

10/04/2012

Ինչպես հայտնի է` ապրիլի 6-ի լուսաբացին մի խումբ անձինք, ներխուժելով Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանի տուն, նրան ծեծի ենթարկելով տարել էին Սարդարապատ գյուղի գերեզմաններ, որտեղ էլ շարունակվել էր բռնությունը:

Նույն օրը Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե ապրիլի 6-ին «Արմավիր բժշկական կենտրոնից» Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ Առնակ Կուրղինյանը: Բացի այդ, նույն օրը` ժամը 10:00-ին, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Պողոսյանը: «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն` պարզելու նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու պատճառներն ու հանգամանքները»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նշված քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել Առնակ Կուրղինյանն ու Սամվել Պողոսյանը, ովքեր հարցաքննվել են: Ձերբակալվածներ եւ այլ տուժողներ չկան: Մինչդեռ ապրիլի 6-ին` ժամը 17:35-ին, կրծքավանդակի ձախ կողմի փակ վնասվածք, վերին շրթունքի սալջարդ, ծոծրակի շրջանի սալջարդ վերք, քթի վնասվածք ախտորոշմամբ «Արմավիրի բժշկական կենտրոն» էր ընդունվել պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանի հորեղբոր որդին` Մուշեղ Մխոյանը: Նույն օրը` ժամը 19:05-ին, նույն բժշկական կենտրոն է դիմել նաեւ Մերուժան Մխոյանը: Ընդունարանի գրանցամատյանում նշված է, որ նա հիվանդանոց է ընդունվել ուղեղի ցնցումով, առկա է եղել ձախ ստորին կոպի հեմատոմա, ձախ կոնքի սալջարդ, հոդի փակ վնասվածք: Այս երկու անձանց վնասվածքներին Ոստիկանությունը ոչ մի կերպ չի անդրադարձել, ավելին` նրանք նույնիսկ տուժող չեն ճանաչվել: Հաղորդագրության մեջ չկա նաեւ այն մասին, որ մի խումբ անձինք ներխուժել են պատգամավորության թեկնածուի տուն եւ նրան բռնի ուժով տնից դուրս տարել: Այս ամենին հավելելով ապրիլի 7-ին Մերուժան Մխոյանի ինքնաբացարկի դիմումը եւ թեկնածուին ծեծի ենթարկելու հետքերով նրա տուն` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդների ժամանումը, կարող ենք նշել, որ կատարվածը նպատակ է հետապնդել վախեցնել Մերուժան Մխոյանին, որպեսզի վերջինս հանի թեկնածությունը: Այդ մասին վկայում են նաեւ թեկնածուի հարազատները:

Մերուժան Մխոյանի հարազատներից մեկը, ով դեպքին ականատես է եղել, անունը չնշելու պայմանով պատմեց ամբողջ կատարվածը: Նա վախենում էր, որ իր երեխաների հետ էլ հաշվեհարդար կտեսնեն, եթե իմանան, թե ով է եղել պատմողը: «Մենք Հայաստանում ապրելու իրավունք չունե՞նք, մեր երեխաների հետ չե՞նք կարող խաղաղ ապրել: Ի՞նչ է եղել, ինչի՞ են նման ձեւով վարվում»,- ասում է Մերուժան Մխոյանի ազգականը: Նա կատարվածը բացատրում էր նրանով, որ իրենք իշխանությունների ու անարդարության կողմը չեն եւ իշխանական կողմից զգացել են վտանգ, որ իրենց թեկնածուին ժողովուրդը չի ընտրելու, այդ իսկ պատճառով ուժ կիրառելով ստիպեցին, որ Մերուժան Մխոյանը հանի իր թեկնածությունը: Նա պատմեց, որ Մերուժան Մխոյանի հետեւից եկած 2 ավտոմեքենաների վրա էլ պետհամարանիշեր չեն եղել, իսկ մարդիկ եղել են զինված եւ ոչ սթափ վիճակում: Ծեծված թեկնածուի հարազատի ասելով` Մերուժանի հետեւից եկել էր նաեւ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին: Մինչդեռ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը հերքում է կատարվածին իր կամ իր որդու մասնակցությունը եւ եւ հերյուրանք որակում իր հասցեին ասվածները: Ըստ ազգականի, ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնելով` ապրիլի 6-ին Մերուժան Մխոյանին տարել են Սարդարապատ գյուղի գերեզմաններ, որտեղ եղել է մոտ 100 հոգի: Մերուժան Մխոյանին կռացրել են գերեզմաններից մեկի տապանաքարի վրա եւ զենքի հետնամասով խփել են նրա գլխին: Վերջինիս հետեւից գնացել են որդին եւ եւս 3-4 ազգականներ: Նրանց ասելով` իրենց կողմի մարդիկ ոչ պատրաստված են եղել, ոչ էլ զինված: Դեպքն այնքան անսպասելի է եղել իրենց համար, որ Մ. Մխոյանին գտնելու համար նրա հետեւից գնացողները եղել են կիսահագնված եւ նույնիսկ իրենց մոտ հեռախոս չեն ունեցել: Մերուժան Մխոյանին մի կերպ նստեցրել են ավտոմեքենան ու փախել են գերեզմաններից, այդ ընթացքում կրակոցներ են եղել նրանց ավտոմեքենայի ուղղությամբ, բարեբախտաբար, փամփուշտը մարդկանց չի դիպել: «Մերոնք չէին ուզում դիմել հիվանդանոց, մենք ենք ստիպել, որ գոնե երեկոյան գնան, որովհետեւ չէին հավատում: Ո՞ւմ հավատայինք, բա որ բերեին հիվանդանոցում մի բան սրսկեին, մենք ի՞նչ հիմք ունենք, մանավանդ ասում էին` թեկնածությունը հանի, թե չէ երեխեքին կվնասենք»,- ասում է Մերուժան Մխոյանի ազգականը: Նույնիսկ Մերուժան Մխոյանի` ընտրապայքարից հրաժարվելու դեպքում բարեկամները վստահ չեն, որ իրենց մերձավորների հետ հաշվեհարդար չեն տեսնի:

Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչները դեռեւս չեն հարցաքննել Մերուժան Մխոյանի ընտանիքի անդամներին:

Hetq.am