Իսկ վերջում հայտնվում եմ ես՝ սպիտակ թիկնոցով…

10/04/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Կուսակցությունները թյուրիմացության մեջ են` կարծելով, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող նախընտրական քարոզչությունը խիստ որոշիչ դեր է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Սակայն հենց այս ելակետով է յուրաքանչյուրը փորձել իր երեւակայության սահմաններում լուծել ընտրողներին գրավելու խնդիրը` հոլովակի տեքստն ու պատկերը համադրել այնպես, որ ստացվի հնարավորինս ազդեցիկ ուղերձ:

Հանրապետական կուսակցությունն առանձնապես չի ջանացել փնտրել ընտրողի սիրտ տանող ճանապարհը: Այս կուսակցության նախընտրական հոլովակի սցենար է ծառայել ՀՀԿ 13-րդ համագումարին կուսակցության առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Տեքստն ընթերցում է դերասան Հրանտ Թոխատյանը. այնտեղ ասվում է. «Մենք սիրում ենք կենտրոնանալ մեր կյանքի ծանրությունների վրա»: Փոխարեն ասելու` «Մենք ստիպված ենք կենտրոնանալ մեր կյանքի ծանրությունների վրա»: Որպես «կյանքի ծանրություն»` ներկայացվում են խցանումները, չսափրված, հուսահատ դեմքով տղամարդիկ, կեղտոտ մայթերը: Ինչ արժե միայն արտահայտությունը, թե չենք էլ ջանում նկատել «անտեսանելի Հայաստանը»: Անտեսանելի Հայաստանում երջանիկ եւ ֆոտոգենիկ մարդիկ են, մեր շախմատիստներն ու ֆուտբոլի ազգային հավաքականը: Անգամ` գորգագործ մի կին: Կարճ ասած, գրեթե նույն կադրերն են, որոնք վաղուց արդեն նույնությամբ կրկնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով նկարահանված բոլոր տեսահոլովակներում: ՀՀԿ քարոզարշավի կադրերը իրավունք ունեն հավակնել դառնալու Ալլա Լեւոնյանի, Շուշան Պետրոսյանի կամ Լեյլա Սարիբեկյանի երգերին ներդաշնակ տեսաշար: Հարյուր-հազարավոր անդամներ ունեցող ԲՀԿ-ի նախընտրական հոլովակներում այս կուսակցությունից միայն մեկ հոգի է երեւում խոշոր պլանով. Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ համագումարում: Գագիկ Ծառուկյանը` ժողովրդի հետ: Գագիկ Ծառուկյանը` ամբիոնի առաջ ներկայացնում է իր պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ: Նրա յուրաքանչյուր գործողությունից առաջ եւ հետո կուսակցական ընկերներն ու բոլոր ներկաներն անզուսպ ծափահարում են: ԲՀԿ առաջնորդը նաեւ գտել է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքում իր ազդեցությունը հիմնավորող բառերը. դա տեղի է ունեցել «Աստծո կամոք»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ էլ նախընտրել է արխաիկ բառամթերքը եւ արտիստիկ ոճը: Տպավորիչ է հոլովակի աշխարհագրությունը` Չարենցի կամարի ուղիղ կենտրոնում: Առջեւում Արարատն է: Այս տեսարանի «ներքո» այնքան էլ ներդաշնակ չեն ընկալվում` «Ասեք ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցություններին» խոսքերը: Իսկ վերջաբանը` «Գալիս ենք: Դուք գալի՞ս եք», խիստ սպառնալից է հնչում: Ինքնապաշտպանական բնազդը հուշում է առանց մտածելու պատասխանել. «Ո՛չ, չեմ գալիս, գնացեք միայնակ»:

ՀԱԿ-ն իր նախընտրական հոլովակում առաջնահերթությունը տվել է զանգվածային տեսարաններին: Սուրբ Հարության խորհրդի ու ՀԱԿ հաղթանակի միջեւ զուգահեռներ անցկացնելը փոքր-ինչ հանդուգն գաղափար է: Հատկապես, որ համեմատությունն ամենեւին տեղին չէ: Սակայն այնպես էլ չէ, որ Փրկչի հետ զուգահեռներ անցկացնելն անհնար է: Հոլովակի կադրերը հիշեցնում են «Հիսուս Քրիստոս` գերաստղ» ֆիլմ-օպերան. միմյանց կիպ կպած մարդկանց շարքերն իր հմայքով եւ ինտելեկտով ճեղքում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մոտենում ամբիոնին: Այնտեղ` ներքեւում, նրա ձեռքի շարժմանն ու խոսքին են սպասում տասնյակ-հազարները:

Տարածված կարծիքը, թե ՕԵԿ-ն արհեստականորեն ուռճացված կուսակցություն է, որ ՕԵԿ-ը նույն ՀՀԿ-ն է` այլ հապավումով, ժխտում է այս կուսակցության նախընտրական հոլովակը: ՕԵԿ հանրահավաքին ներկա հազարավոր մարդիկ, փաստորեն, կուսակցականներ են, որոնց իսկությունն այլեւս կասկած չի հարուցում: Նրանք կան, եւ նրանց են ուղղված Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի, բարձրաստիճան մյուս կուսակցականների ելույթները: Գզրոցից հանվել են ՕԵԿ առաջնորդի` 2008թ. ելույթները: Սակայն երկրորդ թարմությունը խոչընդոտ չէ: Կուսակցության ռեինկարնացիան ապահովել է երկրի նախագահն` իր հայտնի հաճոյախոսությամբ (այս կուսակցության բարձր բարոյականության մասին): Իսկ սա նշանակում է, որ անկախ ամեն ինչից` ՕԵԿ-ը ներկայություն կունենա խորհրդարանում:

ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքը ՀՅԴ հոլովակում, թե մայիսի 7-ին առիթ կունենան շնորհավորել ժողովրդին եւս մեկ հաղթանակի` ժողովրդի եւ Դաշնակցության տարած հաղթանակի կապակցությամբ, գուցե վստահություն ներշնչեր: Եվ, չի բացառվում, որ մյուս կուսակցությունների ֆոնին, անկախ անհաջող ցուցակից, ՀՅԴ-ն նախատեսվածից շատ ձայներ հավաքի: Սակայն նախադեպերը ցույց են տալիս, որ Դաշնակցությունը թեեւ ծանր է տանում կեղծված ընտրությունները, թող որ դեմքի դժգոհ արտահայտությամբ, սակայն պատրաստ է սեղմել կեղծարարի ձեռքը: Անգամ նրա հետ կոալիցիա կազմել:

Հետաքրքիր է այն, որ բոլոր կուսակցությունները ձեւացնում են, թե իրենք պայքարում են բացառապես խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար: Այս մտայնությունը թույլ է տալիս տեսահոլովակի սյուժետային գիծն ավելի համարձակ դարձնել, հոլովակին տալ սուր լուծումներ:

Հատկապես որ, դրանք ունեն միայն եւ միմիայն գեղագիտական արժեք: Իսկ ավելի օբյեկտիվ լինելու դեպքում` առհասարակ արժեք չունեն: Բոլորի ճակատագիրն արդեն վաղուց գրված է: Եվ ամենեւին ոչ երկնքում: