Ե՞րբ է Ռուսաստանը հարգում մեզ

07/04/2012

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս Հայաստան կատարած այցից հետո քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանի ռազմավարական կշիռը գնալով մեծանում է: Կիրակոսյանի խոսքով, Ռուսաստանին մտորելու տեղիք է տալիս Հայաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն Արեւմուտքի հետ հարաբերություններում: Նա վստահ է, որ այս ամիս նախատեսված Հայաստանի ու ԱՄՆ-ի միասնական զորավարժությունները չեն վրիպի Կրեմլի ուշադրությունից: «Ինչքան Հայաստանն ակտիվ լինի Արեւմուտքում, այնքան նա ավելի շատ բան կարող է ակնկալել Արեւելքից։ Ռուսաստանը նման է Թուրքիային: Նա հարգում է Հայաստանին այն ժամանակ, երբ Հայաստանն ուժեղ է»,- ըստ «Ա1+»-ի` ասել է Ռ. Կիրակոսյանը: Նա վստահ է, որ պուտինյան Ռուսաստանը կփորձի ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի հարցում. «Լեռնային Ղարաբաղի հարցում Պուտինի փորձերը, բարեբախտաբար, հաջողությամբ չեն պսակվի, որովհետեւ ՌԴ նոր նախագահը լարված հարաբերություններ ունի Հայաստանի ղեկավարության հետ»: Քաղաքագետը նշում է, որ Մոսկվան փորձում է բարելավել հարաբերությունները Բաքվի հետ` միաժամանակ գիտակցելով, որ Հարավային Կովկասում իր ամենավստահելի գործընկերը Երեւանն է: Ըստ նրա` պատահական չէ, որ որոշ ռուս վերլուծաբաններ առաջարկում են, որ Ադրբեջանի` չափազանց թանկ գնով տրամադրած Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն` Ռուսաստանը կարող է նոր կայան կառուցել Հայաստանում: «Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հարցում ճիշտ դիրքորոշում որդեգրեց` ասելով, որ Հայաստանը պատրաստ է քննարկել այս հարցում ցանկացած առաջարկ»,- հայտարարել է Ռ. Կիրակոսյանը: Նա նաեւ զգուշացնում է, որ առկա աշխարհաքաղաքական կապիտալը Հայաստանը կարող է մեծացնել ու արդյունավետ կիրառել միայն մայիսին կայանալիք ընտրությունները նորմալ իրականացնելու դեպքում: