Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնած` «ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգային աշխատանքային խմբի» առաջին հավաքը, որին մասնակցում էին ԱԺ 5 խմբակցությունների, 3 արտախորհրդարանական կուսակցությունների, մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԺ նախագահին կից ստեղծվող կառույցը գործելու է խորհրդարանում: Քաղաքական շրջանակներում արդեն կարծիք է հնչել, թե այդ աշխատանքային խումբն ընդամենը հանրության եւ միջազգային կառույցների աչքին «թոզ փչելու» համար է ստեղծվում: «Եթե կլինի մի այնպիսի կառույց, որը կկարողանա մեր ամբողջ հանրության եւ ողջ միջազգային կառույցների աչքին «թոզ փչել», ուրեմն կեցցե այդ կառույցը»,- անդրադառնալով այդ կարծիքներին` երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ս.Նիկոյանը: Հիշեցնենք, որ այս շաբաթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 4 ուժեր` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները, ստորագրել են ընտրական գործընթացները վերահսկող շտաբ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը պետք է վերջնականապես հաստատվի ապրիլի 11-ին: